Հաղթանակի հեծանվավազք ազատագրված տարածքներով
Այսօր մեկնարկում է Երևան-Քաշաթաղ-Շուշի-Ստեփանակերտ-Ասկերան-Շահումյան-Մարտակերտ-Մարտունի-Հադրութ-Ստեփանակերտ երթուղով հաղթանակի հեծանվավազքը: Այն մեկնարկելու է Հանրապետության Հրապարակից` 20 մասնակիցներով: Մայիսի 12-ին մասնակիցները ժամանելու են ԼՂՀ Քաշաթաղի շրջան` անցնելով 300 կմ: Մայիսի 13-ին խումբը համալրվելու է տեղի մարզիկներով, և սկսելու է հեծանվաարշավը Քաշաթաղ-Շուշի-Ստեփանակերտ-Ասկերան-Շահումյան-Մարտակերտ-Մարտունի-Հադրութ-Ստեփանակերտ երթուղով, որը կազմում է շուրջ 400 կմ: Մայիսի 18-ին նախատեսվում է հեծանվային շքերթ` Շուշի-Ստեփանակերտ երթուղով (40մասնակից), ինչպես նաև խմբակային հեծանվավազքի մրցում ԼՂՀ մայրաքաղաքի հանրապետական մարզադաշտում:
Ծրագրի իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է հայ ժողովրդի մայիսյան փառավոր հաղթանակների նշանակության գաղափարը ՀՀ և Արցախի երիտասարդության շրջանում տարածելու, նրանց մեջ ազգային և հայրենասիրական գաղափարներն արմատավորելու, ՀՀ-Արցախ երիտասարդական կապերն ամրապնդելու նպատակով:
Հայաստանի համար լինելով համեմատաբար երիտասարդ մարզաձև` հեծանվային սպորտն ունի բոլոր նախադրյալները զարգանալու և մասսայական մարզաձև դառնալու համար: Բացի դրանից` մարզաձևը լավագույն միջոցն է ֆիզիկական դաստիարակության և առողջության պահպանման գործում: Հեծանվավազքի և դրան մասնակից Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերի միջև երիտասարդ հեծանվորդների միջոցով մի յուրատեսակ կապ կհաստատվի ՀՀ և ԼՂՀ բնակավայրերի միջև` մարզական մեծ ծրագրով ըստ արժանվույն նշելով հայոց մեծագույն հաղթանակներից մայիսյան եռատոնը:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ԼՂՀ մշակույթի նախարարության համագործակցությամբ` համաձայն 2009 թ. հունիսի 26-ին կնքված «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության միջև երիտասարդության հարցերի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ի, ԼՂՀ-ի «Հայերի ակումբ» հասարակական կազմակերպության և ՀՀ հեծանվի սպորտի ազգային ֆեդերացիայի համագործակցությամբ: Այս մասին հայտնում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել