Ինչպե՞ս է պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը տիրացել Դավիթաշենի այգուն
«Նվեր սիրելի դավիթաշենցիներին». այս ցուցանակով «Դեյզի» այգին տարիներ առաջ ԱԺ պատգամավոր, Դավիթաշեն համայնքի նախկին ղեկավար Ռուբեն Գեւորգյանի կողմից նվիրվեց բնակիչներին: ԱԺ կայքում պատգամավորի կենսագրության մեջ այգին նշվում է որպես կատարած բարեգործություն: Մոտ վեց ամիս է, սակայն, ինչ այգու դարպասները փակված են ու վերը նշված ցուցանակը հանված:
Բնակիչները պատմում են, որ Գեւորգյանը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի, բացի այդ՝ մեծ ներդրումներ են պետք հերթական ԱԺ ընտրությունների համար, եւ այդ պատճառով իրեն պատկանող շատ տարածքներ ԲՀԿ-ական պատգամավորը սկսել է վաճառել:
Այգու կողքի 2000 քմ ամայի տարածքը եւ դրա հետնամասում գտնվող շուկան (4000 քմ) եւս վաճառվում են: Բնակիչների պնդմամբ՝ այդ ամբողջ հատվածը ներառյալ եւ «Դեյզի» այգին վաճառվում են: Զանգահարեցինք նշված տարածքների վաճառքի մասին հայտնող ցուցանակի վրա գրված հեռախոսահամարով: Մեր զանգերին պատասխանեց մի կին, ով երկու հեռախոսազրույցների ընթացքում էլ հասկանալ տվեց, որ խոսքը գնում է նաեւ «Դեյզի» կանաչապատ այգու մասին. «Եթե նորմալ առնող եք ու լավ փող տաք, այգին էլ կլինի, ըսենց ո՞նց ասեմ: Հանդիպենք, նորմալ խոսենք»:
ԱԺ պատգամավոր, նախկինում Դավիթաշենի թաղապետ Ռուբեն Գեւորգյանը «Հետքի» հետ զրույցում ժխտում է այգու վաճառման մասին լուրերը: Հետեւելով Ռ. Գեւորգյանի խոսքի տրամաբանությանը՝ այգին այլեւս հանրային չի լինելու: Այգին, իհարկե, մասնավոր սեփականություն է. սեփականատերը այն կարող է բացել-փակել, ի վերջո անել այն, ինչ ուզում է: Սակայն մեկ այլ հանգամանք է ուշադրություն գրավում: Երեւանի քաղաքապետարանի կայքում տեղադրված Դավիթաշեն համայնքի գոտիավորման նախագծում այս այգու տարածքը նշված է որպես համաքաղաքային նշանակության հասարակական կանաչ, ինչը նշանակում է, որ այգին չի կարող պատկանել մասնավոր անձի: Մինչ Ռուբեն Գեւորգյանը հերքում է այս փաստը եւ չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է իր սեփականությունը համարվող տարածքը լինել հասարակական, Երեւանի քաղաքապետարանը հաստատում է այս թյուրիմացությունը:
Այգին Գեւորգյանին իր դստեր՝ Արմինեի անունով վաճառվել է 1998 թվականին, երբ Գեւորգյանը Դավիթաշենի համայնքապետն էր, Երեւանի քաղաքապետն էլ՝ Սուրեն Աբրահամյանը, ով, սակայն, «Հետքի» հետ հեռախոսազրույցում ժխտեց, որ այգու վաճառման մասին որոշումը ինքն է տվել. «Ես տենց ախմախություն արած չէի լինի: Հնարավոր է՝ վարձակալության տված լինեի, բայց վաճառք` չէ: Հազար հատ որոշում եմ կայացրել, հիմա ո՞նց հիշեմ բոլորը»: Քաղաքապետարանը արդեն մեկ ամիս շարունակ «Հետքին» չի տրամադրում այն որոշումը, ըստ որի՝ այգին ժամանակին հատկացվել է Ռուբեն Գեւորգյանին:
1998 թվականին դեռ ընդունված չէր ՀՀ «Հողային օրենսգիրքը», եւ որեւէ օրենք չէր կարգավորում հողատարածքների բաշխումը, սակայն դեռ Խորհրդային Միության տարիներից այդ տարածքը նախագծով նախատեսում էր հանրային այգի:
Ինչպե՞ս է ստացվել, որ հանրային այգու տարածքը վաճառվել է մասնավոր անձի, եւ որն ավելի հետաքրքիր է, ինչպե՞ս է ստացվել, որ արդեն մասնավոր անձին պատկանող տարածքը արդեն 2007 թ.-ին Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից ընդունված որոշմամբ ամրագրվում է որպես համաքաղաքային նշանակության կանաչ տարածք:
Առավել հետաքրքիր է Երեւանի քաղաքապետարանի պատասխանը, որտեղ, կարծես որպես արդարացում, նշվում է, որ «Դավիթաշեն վարչական շրջանի գոտիավորման նախագիծը, ըստ որի «Դեյզի» այգու զբաղեցրած հողամասը ամրագրված է որպես համաքաղաքային նշանակության հասարակական կանաչ տարածք, հաստատվել է շատ ավելի ուշ (Երևանի քաղաքապետի 12.12.2007 թ. հ.5411-Ա որոշմամբ), քան այն տրամադրվել է մասնավոր անձի: Ներկա պահին Երևան քաղաքի գլխավոր հատակագծում, այդ թվում՝ նաև վարչական շրջանների գոտիաորման նախագծերում կատարվում են փոփոխություններ՝ նմանատիպ հակասությունները բացառելու նպատակով»: Կարելի է ենթադրել, որ այս հակասությունը բացառելու համար գոտիավորման նախագծում այդ տարածքը այլեւս չի հանդիսանա հասարակական կանաչ:
Այգու վաճառքի մասին «Հետքի» հետ զրույցում իր կարծիքը հայտնեց նաեւ Դավիթաշեն համայքնի ղեկավար Արթուր Գեւորգյանը, ով նաեւ Ռուբեն Գեւորգյանի եղբորորդին է:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել