«Եթե նրանք շմոլ գազից թունավորված լինեին, տան ամբողջ տարածքը պետք է շմոլ գազ լիներ»
Մայիսի 8-ին` ժամը 18-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Շահումյան 10/22 բնակարանի բնակիչներ Կամո Խեչիկյանը և նրա կինը` Արմինե Դավիդյանը իրենց բաղնիքում լողանալիս շմոլ գազից թունավորվել և տեղում մահացել են: Նրանց մահվան պատճառով երկու անչափահաս երեխաներ են որբացել, որոնցից 8-ամյա տղան հիվանդ է շաքարախտով: Մահվան պատճառների մասին «Հետք»-ի հարցմանը այսօր Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը պատասխանեց, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել և նշանակվել է փորձաքննություն: Դատախազը խոստացավ փորձաքննության արդյունքների մասին տեղեկացնել «Հետք»-ին:
Կամո Խեչիկյանը և Արմինե Դավիդյանը իրենց անչափահաս 2 երեխաների հետ բնակվել են Ալավերդի քաղաքի Շահումյան 10 շենքի հարևանությամբ գտնվող իրենց սեփական տանը: Շահումյան 10/22 ամուսիններին պատկանող բնակարանը նրանք չեն օգտագործել: Արմինե Դավիդյանը նույն օրը` մինչ իրենց լողանալը, բաղնիքում լողացրել է երեխաներին: Հիվանդ տղան նույնպես լողանելիս վատացել է:
Երիտասարդ ամուսինների թունավորման և մահվան պատճառների մասին գազի մատակարարման Ալավերդու տարածքային տեղամասի պետ Սարգիս Այվազյանը հայտնեց. «Դեպքը կատարվել է բնակիչի մեղքով, որովհետև ինքը բնակարանում անօրինական կետ է ունեցել, և բաղնիքում օդատար ուղիները թղթի և կտորի կույտերով դիտավորյալ խցանված են եղել: Անցքի արտաքին շերտն ամբողջությամբ թղթով փակած է եղել: Սիգնալիզատորը անջատված վիճակում է եղել, որը տեղադրված է եղել 2009թ.-ի ապրիլին: Մի տարի գազի ծախս չեն ունեցել այդ բնակարանում: Եթե մահերն էլ իսկականից գազից ա, հլա դեռ պարզ չի, հետաքննություններ ա գնում: Կալոնկի անսարքության մասին հլա որ ոչ մի բան պարզ չի»:
Գազաֆիկացված ու չօգտագործվող բնակարանի անվտանգության ապահովման նկատմամբ , որտեղ արտակարգ իրավիճակների հավանականությունն ավելի մեծ է, իր ղեկավարած ծառայության կողմից որևէ թերացում չէր տեսնում, այդ պատճառով Սարգիս Այվազյանը ոչ իրեն, ոչ էլ որևէ մեկին չմեղադրեց: Մեր հարցման պահին նա գնում էր մասնակցելու երիտասարդ ամուսինների հուղարկավորությանը:
«Էյ-Ի-Ջի սերվիս» ՍՊԸ-ի Լոռու գազասպասարկման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության Թումանյանի տեղամասի պետ Լևոն Կոստանդյանն էլ հայտնեց, որ իրենք վերջին անգամ Շահումյան 10/22 բնակարանը սպասարկել են այս տարվա հունվար ամսին:
«Այն ժամանակ բնակարանի բաղնիքում կալոնկա չի եղել: Այսօրվա եղածն էլ օրինական չի տեղադրվել: Ըստ երևույթին` այդ բնակարանում կալոնկան տեղադրվել է այս տարվա ապրիլ ամսին: Մեկ տարի և մեկ ամիս 2009թ.-ի ապրիլից Շահումյան 10/22 բնակարանը գազի ծախս չի ունեցել: Ծախսը եղել է մայիսի 8-ին, հավանաբար կալոնկան նոր դրել են և ընտանիքով առաջին անգամ օգտվել են նրանից»,- ասաց Լևոն Կոստանդյանը:
Թե ում կողմից է տեղադրվել գազատաքացուցիչը, Լևոն Կոստանդյանը տեղյակ չէր. «Մեր կազմակերպությունը գազասարքավորումներ տեղադրելու պարտականություններ չունի: Մենք ընդամենը բնակարաններում տեղադրված գազի սարքավորումների տեխնիկական սպասարկում ենք կատարում: Եթե ապօրինի տեղադրված սարքավորում ենք հայտնաբերում բնակարանում, ակտ ենք կազմում և տեղեկացնում գազի սպասարկման ծառայությանը: Մենք նաև հրահանգավորում ենք բնակչությանը գազի օգտագործման անվտանգության կանոնները պահպանելու համար»,-իր ղեկավարած ծառայության պարտականությունները մեզ բացատրեց ծառայության ղեկավարը:
Լևոն Կոստանդյանը նույնպես հավաստեց, որ լողարանի օդատարը փակ է եղել. «Վեց ամիս առաջ մեր ստուգման ժամանակ այս բնակարանում ընդամենը ջեռուցման գազի վառարան և գազի սալօջախ է եղել»:
Կ.Խեչիկյանի բնակարանի օդատարի վիճակը իր աշխատակիցների կողմից երբևէ ստուգված լինելու մասին Լ. Կոստանդյանը ոչինի չհիշատակեց: Դրա փոխարեն նա կրկին բացատրեց. «Բնակիչները պարտավոր էին գազի կալոնկա տեղադրելուց առաջ ստանալ գազի ծառայության թույլտվությունը, տվյալ բնակարանում տեղադրված կալոնկայի համար գազ մատակարարող կազմակերպության թույլտվությունը քաղաքացին չի ունեցել: Կամո Խեչիկյանի բնակարում տեղադրված գազատաքացուցիչի տեխնիկական վիճակի մասին էլ Լևոն Կոստանդյանը փաստեց. «Մի հին` 100 տարվա կալոնկա է եղել տեղադրվածը: Կրիշկեք չի ունեցել»:
Նրան հայտնի չէր, թե ով է տեղադրել գազատաքացուցիչը. «Մենք ընդհանրապես դրա հետ կապ չունենք: Մենք մեր ծրագրով գնում ենք տները, համակարգիչը տալիս է, թե տվյալ ամսին ում բնակարանները պետք է գնանք»,- ասաց նա:
Որպես գազի ծառայության համակարգում երկարամյա աշխատող Լևոն Կոստանդյանի` ամուսինների թունավորման պատճառների մասին կարծիքը հետևյալն է. «Լողանալը 1,5 ժամ է տևել: Ես` որպես մասնագետ եմ ասում, եթե նրանք շմոլ գազից թունավորված լինեին, տան ամբողջ տարածքը պետք է շմոլ գազ լիներ, օգնության համար տուն մտնողը տեղն ու տեղը ինքն էլ պետք է թունավորվեր: Կարող է մահացու չլիներ, բայց պիտի թունավորվեր, որովհետև սենյակում 0,1 տոկոս շմոլ գազն արդեն եղել է, 0,4-0,5 տոկոսի դեպքում արդեն այն մահացու է: Զարմանալի է եղել. էն մեկը վատացավ, մյուսը կարող էր օգնել: Կասկածելի բաներ կան»:
Զարմանալի շատ բան կա Ալավերդիի գազի մատակարարման համակարգում: Գազի ծառայության վարձերը պահանջված ժամկետից անգամ մի քանի օր ուշացնելու դեպքում գազ մատակարարող Ալավերդու տարածքային տեղամասի հսկիչները շատ օպերատիվ ընդհատում են բնակչի գազամատակարարումը, սակայն գազի օգտագործման անվտանգության խնդիրների հարցում ցուցաբերում են զարմանալի անտարբերություն, որն էլ տվյալ դեպքում ավարտվել է ողբերգությամբ: Այս պարագայում էլ ավելի արդարացի է դառնում Ալավերդու բնակիչների վրդովմունքը գազի գոյություն չունեցող սպասարկման սահմանված ամենամսյա, մինչև 600 դրամ վարձերը վճարելու ժամանակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել