HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Ա. Ամիրյանն ուզում է հրաժարվե՞լ Հանրայինից Մի քանի ամիս առաջ ՀՀ նախագահի խոսնակ նշանակված Արմեն Արզումանյանի փոխարեն Հանրային հեռուստաընկերության տնօրեն նշանակված Արմեն Ամիրյանը, թերթի տեղեկություններով, արդեն երրորդ դիմումն է գրում, որ իրեն ազատեն աշխատանքից: Նա հրաժարվում է ընդունել հեռուստատեսությունը, քանի որ պարզվել է, որ մեծ պակասնորդներ կան: Խոսքը, ըստ որոշ լուրերի, ահռելի գումարի` 5 միլիոն դոլարի մասին է: Ամիրյանը կարծում է, որ ինքն այնքան պաշտպանված չէ, որ ընդունի այդ պակասորդը և մարսի: Այս հողի վրա նա հասցրել է անգամ նյարդային ցնցում ապրել, ինչն այժմ բուժում է մասնագետների մոտ: 2+3+2 Թերթի տեղեկություններով` այն, որ Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանն այս տարի մայիսյան տոներին չգնաց Ստեփանակերտ և Շուշի, պայմանավորված է նրանով, որ գեներալ Մանվելը չի ցանկանում ենթարկվել ղարաբաղյան քաղաքական ուժերի և մասնավորապես Բակո Սահակյանի ճնշումներին, որոնք իրենց բողոքները ազատագրված տարածքների հանձնման կապակցությամբ գերադասում են Սերժ Սարգսյանին փոխանցել նրա միջոցով: Թերթի տեղեկություններով` ղարաբաղյան քաղաքական ուժերն ու գեներալիտետը Սերժ Սարգսյանի մոսկովյան այցելության ընթացքում եղել են ՌԴ մայրաքաղաքում, որտեղ տեղեկացել են, որ Սերժ Սարգսյանին է ներկայացվել տարածքների հանձնման եռափուլ ժամանակացույց` 2+3+2 տարբերակով` Աղդամ և Ֆիզուլի, ապա Ջաբրայիլ, Կուբաթլու, Զանգելան, վերջում` Քելբաջարն ու Լաչինը: «Կլիենտը նյարդանում է» «Չի» տեղեկություններով` ՀՀ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը մի երկու տարբեր շրջանակների հետ հանդիպումների ժամանակ բարձրաձայն դժգոհել է, թե մեր որոշ պետական մարմիններ խայտառակում են Հայաստանը: «Պետք է նախագահի հետ խոսեմ, որ ՀՀ վերահսկիչ պալատին, նախագահի վերահսկողական ծառայությանն ու դատախազությանը նկատողություն անի, որ չշարունակեն բացահայտել կոռուպցիոն դեպքերը: Թե չէ աշխարհում այնպիսի տպավորություն ենք ստեղծում, որ մենակ մեզ մոտ կան կոռումպացված չինովնիկներ»,- իշխանական շրջապատում ասել է օրինաց երկիր կառուցելու ջատագով չինովնիկը: Մարդ, որ տարիներ շարունակ կոկորդ էր պատռում` հայտարարելով, թե պետք է «բռնենք թալանչիների ձեռքերը», «պատժենք նրանց», հիմա ինքն է դարձել նրանցից մեկը: Նա ոչ թե պայքարում է կոռուպցիոներների դեմ, այլև նրանց բացահայտողների: Իհարկե, նրանց բացահայտողներն էլ «մի բարի պտուղ չեն», բայց ԱԽՔ-ի մտադրությունները շատ հեռու գնացող են: Հիշեցնենք, որ հայտնի դաբաղանյութերի գործով ՕԵԿ-ը իր նախարար Գերասիմ Ալավերդյանի հետ միասին, այնուամենայնիվ, կարողացավ մի քանի միլիոն գրպանել: Կապի և տրանսպորտի նախարարության գործունեության ուսումնասիրության ժամանակ էլ միլիոնավոր յուրացումների մասին հայտարարվեց: Այս ամենը, ինչպես երևում է, ՕԵԿ-ին նյարդայնացնում է, և այդ կուսակցության ղեկավարը սկսել է կատաղության նշաններ ցույց տալ: Չի հանդիպի Թերթի տեղեկություններով` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի հանդիպելու այսօր Հայաստան ժամանող ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուի հետ: ԵԽԽՎ նախագահի հետ կհանդիպեն Հայ ազգային կոնգրեսի այլ ներկայացուցիչներ: Դեռ նախօրեին իշխանական շրջանակներից թերթին փոխանցել էին, որ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նախագահը հանդիպելու է առաջին նախագահի հետ: Կոնգրեսի գրասենյակից, սակայն, թերթին տեղեկացրել էին, որ ընդամենը նման առաջարկ կա: Իր երկօրյա այցի ընթացքում ազգությանբ թուրք ԵԽԽՎ նախագահը կհանդիպի Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Դավիրթ Հարությունյանի, ՄԻՊ Արմեն Հարությունյանի, ինչպես նաև` ԱԺ խմբակցությունների հետ: Չավուշօղլուի հետ հանդիպումից հրաժարվել է միայն ՀՅԴ խմբակցությունը` պատճառաբանելով, որ Չավուշօղլուն հրաժարվել է իր այցի ընթացքում այցելել Ծիծեռնակաբերդ: Կատաղել են թուրքի կատաղությամբ Երեկ թերթը տեղեկացրել էր, որ ադրբեջանցի հակերները գրոհել և կոտրել էին Սոս Սարգսյանի կայքը: Ինչո՞վ է դա բացատրվում: Թերթի թղթակցի հետ զրույցում Սոս Սարգսյանը հետևյալ կարծիքն է հայտնել. «Վերջերս Մոսկվայում լույս տեսավ գիրքս, որտեղ բազմաթիվ հոդվածներ ունեմ Արցախի, ադրբեջանցիների և թուրքերի հետ մեր փոխհարաբերությունների վերաբերյալ: Վստահ եմ, որ գիրքը կարդացել են և կատաղել են թուրքի կատաղությամբ: Այդ է, ուրիշ բան չկա»: Ախալքալաքում ճնշումների պատճառով հայ թեկնածուները հրաժարվում են պայքարից Մայիսի 30-ին Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, որոնց մասնակցության փորձ են անում մի քանի հայ թեկնածուներ` մտածողության ու մոտեցման առումով Ջավախքի հայաթափման դեմ պայքարելու վճռականությամբ: Նրանց զգալի մասը ներկայացված է վրացական ընդդիմադիր կուսակցությունների ցուցակներում: Վրացական լրատվամիջոցները, սակայն, տեղեկացնում են, թե տեղական ընտրությունների քվեարկության օրվան մոտ ընդդիմադիրների շարքերում թեկնածուները կարող են պակասել: Խնդիրն այն է, որ ընդդիմադիրների հայտարարությունների համաձայն` վրացական իշխանությունների ճնշումների հետևանքով որոշ թեկնածուներ հրաժարվում են հետագա պայքարից: CPT-ն նոր զեկույց է պատրաստում Հայաստանի մասին Հայաստանում է Եվրոպայի խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) պատվիրակությունը: Վերջինիս անդամները երեկ հանդիպում են ունեցել իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ըստ «Առավոտի» տեղեկությունների` CPT այս հերթական այցի ընթացքում նոր զեկույց է նախապատրաստվում: Հիշեցնենք, որ միայն 2010թ. մարտին հրապարակվեց CPT-ի 2008թ. մարտին Հայաստան կատարած հատուկ այցի վերաբերյալ զեկույցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter