HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան վերադարձավ նախապայմանների լեզվին»

Նախօրեին Ստրասբուրգում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 120-րդ նստաշրջանին: Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, նախարարների կոմիտեի նիստին մասնակցում էին ԵԽ անդամ 47 երկրների, 5 դիտորդ երկրների եւ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակությունները: Օրակարգում ներառված են եղել Եվրոպայի խորհրդի գործունեության տարբեր ոլորտների հետ կապված հարցեր` Եվրոպայի խորհրդի բարեփոխումները, Եվրոպայի խորհուրդ - Եվրոպական միություն համագործակցությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեության արդյունավետության բարձրացումը, այլ հարցեր: Նստաշրջանին ելույթ է ունեցել Է. Նալբանդյանը, ով իր ելույթում Հայաստանի աջակցությունն է հայտնել կազմակերպության բարեփոխումներին` նշելով, որ Հայաստանը կշարունակի ակտիվ մասնակցությունը կազմակերպության գործունեությանը, այդ թվում հավելյալ արժեք ստեղծող նախաձեռնությունների միջոցով: Այդ համատեքստում նախարարը տեղեկացրել է ս.թ. հոկտեմբերին ԵԽ հովանու ներքո Հայաստանում կայանալիք Ժողովրդավարական ապագայի համար ֆորումի նախապատրաստական աշխատանքների մասին: Է. Նալբանդյանը, անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, ասել է. «ԵԱՀԿ ԱԳ նախարարների` անցյալ դեկտեմբերին Աթենքում ընդունված ԼՂ վերաբերյալ հայտարարությունը շեշտադրում է ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը` որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներ: Նույն սկզբունքներն ընկած են 2007թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված մադրիդյան փաստաթղթի հիմքում: Այդ փաստաթղթի գոյությունն անգամ մեկ տարուց ավել հերքվում էր Ադրբեջանի կողմից, մինչեվ նրանք վերջապես հայտարարեցին, որ իբրեւ թե ընդունում են այն` որոշ բացառություններով: Եթե փորձ անենք պարզել, թե ինչին է Ադրբեջանը համաձայնել, ինչին` ոչ, ապա կտեսնենք, որ ամենաշատը բացառություններն են, իսկ ընդունված դրույթներն էլ` իրենց կամայական ներկայացմամբ: Ադրբեջանը ոչ միայն շարունակում է խեղաթյուրել  հակամարտության պատճառներն ու հետեւանքները, այլ նաեւ ընթացող  բանակցությունների էությունը ու օգտագործում է ցանկացած հնարավորություն բոլոր մակարդակներով ուժի կիրառման սպառնալիքներով հանդես գալու համար: Ելնելով նախորդ տարիների փորձից, ակնհայտ է, որ ադրբեջանական բոլոր ճիգերը հիմնախնդիրը արծարծելու այլ միջազգային հարթակներում եւ դրանով ազդելու Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների վրա ապակառուցողական են: Չնայած Ադրբեջանի կողմից կարգավորման ճանապարհին ստեղծվող բոլոր խոչընդոտներին Հայաստանը հաստատակամ է շարունակելու ջանքերը բանակցությունների միջոցով հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ»,- ասել է նա: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Հայաստանի նախագահի նախաձեռնությունն էր կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ: Չնայած բազմաթիվ դժվարություններին, մենք սկսեցինք գործընթացը Շվեյցարիայի միջնորդությամբ, վարեցինք բանակցությունները եւ ստորագրեցինք արձանագրությունները այն ընդհանուր փոխըմռնմամբ, որ կարգավորման գործընթացում չեն կարող լինել նախապայմաններ: Այս դիրքորոշումը կիսում են միջնորդ եւ  աջակից երկրները եւ ամբողջ միջազգային հանրությունը: Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան վերադարձավ նախապայմանների լեզվին, որն օգտագործում էր գործընթացի մեկնարկից առաջ եւ փաստորեն արգելափակեց թուրքական խորհրդարանում արձանագրությունների վավերացումը: Այդ իսկ պատճառով Հայաստանի նախագահը որոշեց կասեցնել վավերացման գործընթացը Հայաստանում, մինչեւ Անկարան նորից պատրաստ լինի շարունակել գործընթացը առանց նախապայմանների, եւ այդ քայլը դրական ընկալվեց միջազգային հանրության կողմից»,- ասել է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter