Արտգործնախարարը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարին
Երեկ` Ստրասբուրգ ժամանելուն պես` Էդվարդ Նալբանդյանն ուղեւորվել է Եվրոպայի խորհրդի կենտրոնակայան, ուր հանդիպում է ունեցել կազմակերպության գլխավոր քարտուղար Թյորնբյոր Յագլընդի հետ:
Հայաստանի արտգործնախարարն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Եվրոպայի խորհրդի բարեփոխումների հեռանկարները, տարածաշրջանային հարցեր:
Զրուցակիցները խոսել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ, ինչպես նաեւ` անդրադարձ կատարել արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված ջանքերին:
ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ` Էդվարդ Նալբանդյանի եւ Սլովենիայի արտգործնախարար Սամուել Զբոգարի հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առեւտրատնտեսական համագործակցության խորացման, մշակութային փոխանակումների ակտիվացման հնարավորությունները:
Նախարարները քննարկել են այս տարվա հոկտեմբերին Սլովենիայի նախագահի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները: Նախարար Զբոգարի բնորոշմամբ` Սլովենիայի նախագահի այցը Հայաստան լավ հնարավորություն կստեղծի խորացնելու երկու երկրների հարաբերությունները ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական առումով` հաշվի առնելով, որ նախագահին ուղեկցելու է գործարարներ մեծ խումբ:
Նախարարներ Նալբանդյանն ու Զբոգարը մտքեր են փոխանակել նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Ավարտելով այցելությունը Ստրասբուրգ` Հայաստանի արտգործնախարարը ուղեւորվել է Բրյուսել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել