
Ռուբեն Գեւորգյան. «Ես կանաչի ու ծառի հիվանդ եմ, եղա՞վ»
Ներկայացնում ենք Ռուբեն Գեւորգյանի եւ «Հետքի» հեռախոսազրույցը «Դեյզի» այգու վերաբերյալ: Այգին տարիներ առաջ ԱԺ պատգամավոր, Դավիթաշեն համայնքի նախկին ղեկավար Ռուբեն Գեւորգյանի կողմից նվիրվեց բնակիչներին: Այգու մուտքի մոտ փակցվել էր ցուցանակ՝ «Նվեր սիրելի դավիթաշենցիներին» վերտառությամբ: Ազգային Ժողովի կայքում պատգամավորի կենսագրության մեջ այգին նշվում է որպես կատարած բարեգործություն: Մոտ վեց ամիս է, սակայն, ինչ այգու դարպասները փակված են, ու վերը նշված ցուցանակը՝ հանված:
Պարոն Գեւորգյան, «Դեյզի» այգին վաճառվու՞մ է:
Ոչ, այն վերանորոգվում է, որովհետեւ ամբողջապես ավերված վիճակում է:
Իսկ այգու կողքի վաճառքի մասին հայտնող ցուցանակը այգու՞ն է վերաբերում:
Նախ՝ դա քաղաքային այգի չի, իմ սեփական այգին է: Մեր սեփական հողի վրա սարքած այգին է: Եվ հետո էլ այգու վրա ցուցանակ չի դրված, այգին չի ծախվում:
Պարոն Գեւորգյան, իսկ երբ զանգում ենք ցուցանակի վրայի հեռախոսահամարին, մեզ պատասխանում են, որ այգու տարածքն էլ է հնարավոր վաճառել:
Ոչ, չգիտեմ՝ դուք ուր եք ընգել: Այգին մեր սեփականությունն է: Իմ ընտանիքի այգին է: Ես ո՞նց վաճառեմ: Աղջկաս այգին է, ուզում է ավելի ատրակցիոն ու մանկական առումով զարգացնի :
Այսինքն՝ այգին կրկին կծառայի՞ հանրությանը:
Ես չգիտեմ՝ ում կծառայի: 15 տարի ծառայել է բնակչությանը ու ավերվել: Հիմա մենք ավելի կկատարելագործենք այգին: Ավելի շատ ուշադրություն կդարձնենք ու կխնամենք:
Պարոն Գեւորգյան, իսկ որպես սեփականություն ե՞րբ էիք ձեռք բերել այդ տարածքը:
Երբ դեռ հողի սեփականության մասին օրենք չկար: Այն ժամանակ հողատարածքը վերցրել էինք վարձակալության: Ավերված, ժայռաբեկորներով տարածք էր:
Դա ե՞րբ էր:
Լսի, ըտեղ այգի չկար, երբ ես էդ հողը սեփականաշնորհել եմ: Ինքս ամայի տարածքից այգի եմ սարքել: Կարայի շատերի նման կազինո կամ բառ սարքեի, այգի եմ սարքել: 94 թվականից, երբ ես նույնիսկ դեռ թաղապետ չէի, սկսեցինք այգի սարքել: Այգին մնալու է այգի, ում կծառայի՝ դա այլ հարց է: Ես կանաչի ու ծառի հիվանդ եմ, եղա՞վ: Ու իմ այգին չեմ վաճառի:
Պարոն Գեւորգյան, ճի՞շտ հասկացա, սկզբից վերցրել էիք վարձակալության, հետո սեփականաշնորհեցի՞ք: Ո՞ր թվին եք սեփականաշնորհել:
Սեփականաշնորհել եմ ընենց, ոնց որ բոլոր մարդիկ իրենց պատկանող հողը սեփականաշնորհում են:
Շուկայի տարածքը եւ՞ս ձեր սեփականությունն է:
Այգու տարածքը իմ սեփականույթյունը չի, ոչ էլ շուկայինը:
Ձեր երեխաների՞:
Այգին իմ աղջկանն է:
Իսկ շուկա՞ն:
Շուկան իմը չի: Ում որն ա, գնա իրանից հարցրու:
Պարոն Գեւորգյան, Երեւանի Դավիթաշեն համայնքի գոտեւորման նախագծում «Դեյզի» այգին նշված է որպես համաքաղաքային նշանակության հասարակական կանաչ գոտի, ինչպե՞ս կբացատրեք :
Ըտենց բան չկա:
Դուք տեսե՞լ եք նախագիծը:
Չհասկացա, էդ ի՞նչ ես ասում, իմ սեփական հողի վրա իմ կառուցած այգին ա, ո՞նց կարա ըտենց բան լինի: Մարդ կա՝ տուն ա կառուցում իրա տարածքում, կարայի արտադրության կենտրոն սարքեի, կամ այլ շինություն, ես էլ այգի եմ կառուցել: Ես էլ՝ ժողովրդին նվիրյալ մարդ, իմ սեփական տարածքի դռները բացել եմ ու թողել եմ, որ ժողովուրդը օգտվի իմ ստեղծած այգուց: Վերեւի այգին էլ եմ ես հիմնել: Սխալ տեղեկություն եք ստացել: Այգին չի վաճառվում: Մարդիկ չարախոսում են: Ես միլիոններ եմ ծախսել այդ այգու վրա, արտասահմանից բերել եմ թռչուններ, սիրամարգեր, բազմաթիվ թփեր: Բնակիչները այնքան անխնա են օգտվել այգուց, որ այգին ավերվել է: Ու էս պահին ճիշտ պատասխան կլիներ, որ ասեի՝ լավ եմ արել, փակել եմ, իմ սեփականությունն է, ինչ ուզում եմ՝ անում եմ, բայց պատասխանում եմ, որ այն վերանորոգվում է:
Լավ, իսկ ե՞րբ կբացվի արդեն վերանորոգված վիճակում:
Լսի, հո գազանանոց չի, որ բացվի կամ չբացվի: Ես ինքս՝ որպես Ռուբեն Գեւորգյան, հոգու թրթիռ եմ զգում եւ անդորր, երբ իմ այգում բազմաթիվ երեխաներ են օրորվում: Ես հավեսին տորթի կտոր չեմ վերցրել ու վայելել: Զրոյից եմ սարքել: Թող տենց տպավորություն չստեղծվի, որ Գեւորգյանը սովետի ժամանակ սարքած այգին վերցրել է, սեփականաշնորհել: Չէ, ըտենց չի:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել