HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Խոստումները դեռևս չեն իրականացվել

2009թ. հուլիսի 3-ին աշխատանքային-ճանաչողական այցով Լոռու մարզ ժամանած գյուղնախարարը մի շարք խոստումներ էր տվել լոռեցիներին: Մասնավորապես` հակակարկտային կայանքների ձևավորման համար, նրա խոսքով, նախատեսված էր ներդնել 250 մլն դրամ:

Այդ հարցում առաջնությունը տրվելու էր Լոռու մարզին, քանի որ այստեղ պահպանված են այդ կայանքների հիմքերը (ռադարային համակարգերը): Մարզում, սակայն, հակակարկտային կայանքներ չեն ձևավորվել, և ինչպես տեղեկացանք մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանից, այդ նպատակով ֆինանսական հատկացում չի եղել:

«ՀՀ գյուղատնտեսության նախարարի 3-ը հուլիսի 2009թ. մարզ կատարած այցի ժամանակ հայտարարվեց, որ մարզում կտեղադրվեն հակակարկտային կայանքներ: Այդ նպատակով պետական բյուջեից Լոռու մարզպետարանին գումար չի հատկացվել և չէր էլ հատկացվելու: Նման ծրագրերը կատարվում են բյուջեի հաշվին, սակայն ոչ թե մարզպետարանների, այլ նման իրավասություն ունեցող կազմակերպությունների միջոցով»,- պարզաբանում է վարչության պետը (պարզաբանումները ներկայացվում են առանց խմբագրման): Միաժամանակ հուսադրում է, որ այս տարվա համար նախատեսումներ կան. «ՀՀ կառավարության 12-ը նոյեմբերի 2009 թ. N 1520-Ն որոշումով 2010-2011 թթ. նախատեսվում է Լոռու մարզում տեղադրել 3 հատ ռադիոմոդեմային գազագեներատորային և 15 հատ ռեագենտային հակակարկտային կայանքներ»: Մեկ կայանքն արժե 4-6 մլն դրամ: Կայանք ունենալու համար, ըստ վարչության պետի, համայնքների ղեկավարներն իրենք պետք է հայթայթեն անհրաժեշտ գումարը` բարերարների օգնությամբ, ֆոնդային բյուջեների և այլ միջոցներով: «Կաշխատի Քիմպրոմը, կշնչի մարզը»,- այցելության ժամանակ իր համոզմունքն էր հայտնել նախարարը: Խոսքը մասնավորապես Վանաձորի քիմպրոմի կարբամիդ պարարտանյութի մասին էր, որի առաջին արտադրանքը նախարարի կանխատեսումներով պետք է ստացվեր արդեն 2009-ի աշնանը: Նույնիսկ նախահաշվարկային թվեր էին ներկայացվել` պարարտանյութի տարեկան պահանջը գնահատելով 25-30 հազար տ: Նախարարը նաև կանխակալ համեմատություն էր անցկացրել պարարտանյութերի որակների միջև. կարբամիդի բաղադրության մեջ ազոտը կազմում է 44-46%, իսկ ներմուծվող ազոտական պարատանյութի մեջ` 34-35%, որի 8%-ը, չլուծվելով, կուտակվում է հողում` պատճառ դառնալով էրոզիայի: «Գյուղացիներն էժան պարարտանյութի են գնում` բոլորովին անտեսելով որակը»,-ասել էր նա: Սակայն փաստ է, որ մինչ օրս Քիմպրոմը կարբամիդի արտադրանք չի տվել: Նախարարն անդրադարձել էր նաև իրեն խիստ մտահոգություն պատճառող ապօրինի անտառահատման խնդրին: «Անպատժելիությունն է բերել էս ծավալներին»,- ասել էր նա ու նաև` «առանց անտառտնտեսության աշխատակցի միջնորդության ոչինչ չի արվում»:

Նախարարը երևույթի դեմ պայքարի երկու ճանապարհ էր առանձնացրել` գազիֆիկացնել անտառամերձ գյուղերը կամ բնակիչներին վառելափայտ հատկացնել համեմատաբար էժան գներով: Իսկ Վ. Բունիաթյանը Լոռու մարզում ապօրինի ծառահատումների ծավալների նվազման միտում է նկատում. «2009թ. Լոռու մարզի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի կողմից գարնանային և աշնանային ստուգումների ժամանակ հայտնաբերված ապօրինի հատումները կազմել են 401 ծառ-180.95 մ3 ընդհանուր ծավալով, 7 մլն 143 հազ. դրամ արժողությամբ»: Ըստ նրա` փայտանյութն արտահանման նպատակով է օգտագործվում, ոչ թե վառելափայտի, քանի որ անտառամերձ համայնքները գազիֆիկացված են: «Մարզի 103 գյուղական և 8 քաղաքային համայնքներից գազիֆիկացված են 79 համայնք, որից 75-ը անտառամերձ են»,-վստահեցնում է նա: Նախարարի այցի ժամանակ խոսվել էր մարզում մեքենատրակտորային կայանների ստեղծման նպատակով պահեստամասային բազաների ձևավորման, մասնագետների վերապատրաստման, անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների գույքագրման աշխատանքների մասին: «Մեքենատրակտորային կայանների տեղադրման հարցը դեռևս քննարկումների փուլում է»,- նշում է Վ. Բունիաթյանը` նկատի ունենալով «յուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկման ծառայության զարգացմանն աջակցության» հայեցակարգը: Այժմ քննարկվում է հայեցակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Միջազգային կազմակերպությունների հետ իրականացվող համագործակցության վերաբերյալ նշվել էր, 2006 թվականից մինչ օրս Լոռու մարզում իրականացվել է 9 դրամաշնորհային ծրագիր: Նախարարը խոստացել էր, որ նոր ճապոնական դրամաշնորհից ևս Լոռին անմասն չի մնա: Վ. Բունիաթյանը ճշգրտում է, որ դրամաշնորհային ծրագրերն իրականացվում են ոչ թե դրամական հատկացումներով, այլ աճուրդների ձևով: Ծրագրի շրջանակներում իրականացվող աճուրդների ժամանակ գյուղացիական տնտեսություններն ու ֆիզիկական անձինք շուկայականից ցածր գներով ձեռք են բերում աճուրդի հանված գյուղատնտեսական տեխնիկա և գյուղգործիքներ: «Ճապոնիայի կառավարությունը դրամաշնորհ է տրամադրում ՀՀ կառավարությանը, ոչ թե Լոռու մարզին: ՀՀ կառավարությունն է որոշելու տրամադրված գումարների ծախսելու նպատակը»,- ասում է և հաստատում, որ նախարարի այցից հետո ամեն դեպքում աճուրդ չի կազմակերպվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter