
Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Լևոն Ավագյանի գործով դատական նիստը: Մեղադրող դատախազ Կարեն Բադիկյանը Լեւոն Ավագյանի արարքները դպրոցի անչափահաս սաների նկատմամբ որակեց որպես «պեդոֆիլիա» (մանկապղծություն) եւ դատարանից պահանջեց Ավագյանին ազատազրկել 1,5 տարով:
Մեղադրյալ, նախկինում հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Լեւոն Ավագյանն իրեն մեղավոր ճանաչեց եւ դատարանից խնդրեց գործը քննել արագացված կարգով: Իսկ գործով տուժող ճանաչված անչափահասներ Դ.Ա.-ի եւ Հ.Ս.-ի փաստաբանները դատարանին միջնորդեցին նիստը շարունակելի դռնփակ կարգով, որպեսզի աղջիկները կարողանան դատարանում ազատ պատմել իրենց նկատմամբ ուսուցչի կողմից կատարված անառակաբարո գործողությունները:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մեղադրյալ Ավագյանի միջնորդությունն ընդունեց, իսկ փաստաբաններինը` մերժեց: Տուժողների փաստաբան Ավագ Լալայանը դատարանին հայտնեց, որ կան փաստեր, որոնց մասին աղջիկները չեն պատմել նախաքննության ընթացքում եւ ցանկանում են պատմել դատարանում: Տուժող Հ.Ս.-ն դատարանին ասաց, որ բացի սեռական բնույթի ոտնձգություններից Լեւոն Ավագյանը նաեւ ծեծելու դպրոցի սաներին:
Մեղադրող դատախազ Կարեն Բադիկյանն ասաց, որ աղջիկներն այդ մասին պատմել են քննիչներին եւ ծեծելու հանգամանքն ապացուցված է: Հ.Ս.-ի եւ Դ.Ա.-ի փաստաբանները դատարանից խնդրեցին մեկ շաբաթ ժամանակ, որպեսզի տուժողները պատրաստեն իրենց ելույթը, որով կհայտնեն, թե ինչպիսի պատիժ են ակնկալում իրենց նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած ուսուցչի համար:
Հիշեցնենք, որ Լեւոն Ավագյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով` բռնությամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ, որի համար նախատեսված առավելագույն պատիժը 3 տարով ազատազրկումն է:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել