«7 տարի է` անլուս նստած եմ»
Ալավերդցի Նանարն ապրում է Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու,Նեղոց գյուղ տանող ճանապարհաեզրին գտնվող Սառնաղբյուրի հարևանությամբ տեղավորված խղճուկ մի տնակում:
Վերջին օրերին Ալավերդիում լուրեր էին շրջում, որ Սառնաղբյուրի տարածքի տնակներում ու ռեստորաններում ջահել աղջնիկներ են սպասարկում Վրաստանի սահմանով Հայաստան բեռներ տեղափոխող բեռնատարների վարորդներին:
Քանի որ Նանարը նման կարգի գործերի համար հաշվառված է Ալավերդու ոստիկանությունում, որոշեցինք հետևել նախ նրա տնակի գիշերային անցուդարձին: Տնակը մոմով էր լուսավորված: Նանարի տնակի տարածքում, սակայն, որևէ ավտոմեքենայի չհանդիպեցինք: Նրա ապրելակերպի մասին հարցրինք տնակի հարևանությամբ գտնվող ճանապարհային ռեստորանի տիրոջը` Սուրոյին, ում Ալավերդիում նաև Սութուլ են կոչում. «Էն որ սկզբներում եղել ա, էսօր չկա: Նրա տնակի մոտ մեկ-մեկ մեծ բեռնատարները կանգնում են, այ դա ես չեմ կարող ասել, թե ինչի են կանգնում: Ինչ որ մնաց, որ էնտեղ աղջիկ են տանում, էդ սուտ են ասում: Ես իրեն այդ տնակից դուրս կանեմ, բայց ինքը մնալու տեղ չունի»:
Սուրոն նաև ասաց, որ Նանարի տնակի մոտ բեռնատարների վարորդները գալիս են կանգնում` իրենց բաժակներով, Նանարն էլ նրանց համար սուրճ է եփում ու «ասել գողականներին` երկու կոֆեի փող ա կպցնում»:
Վաղ առավոտյան այցելեցինք Նանարին: Տնակի դուռը բաց էր: Նանարին հարցրինք իր ապրելակերպի մասին. «Հա, ազիզ, էստեղ մենակ եմ ապրում: Տուն չունեմ, տեղ չունեմ»:
Տեղյակ էի, որ մի քանի տարի առաջ նա Ալավերդու Սարահարթ թաղամասում տուն է ունեցել. «Էդ էլ էդ տունը, որ բաժանված էի, մի 20 տար էր փակ էր: Տղես ասավ` ոչ դու ես մնում, ոչ հերս ա մնում, սաղ օրն էս տան հմա կռիվ եք անում, բեր ծախենք, գոնե ինձ հմա մի ավտո առնենք»: Նանարը համաձայնել էր:
«Մնացել եմ մութը տեղ, հա շատ վատ օրի եմ: Հիվանդ եմ եղել: Դաժե չեմ կարացել մի ջուր էլ բերեմ: Սրանք տալիս չեն, էս 7 տարի է անլուս նստած եմ: Չեն ուզում ինձ լույս տան: Սկի հացի փող չունեմ: Մի բանով էլ ա չեմ զբաղվում, ոչ նպաստ եմ ստանում, ոչ թոշակ: Ասում են պետք է մի տարվա աշխատանքային ստաժ ունենաս: Ես որդիան բերեմ, ոչ մի անգամ չեմ աշխատել: Ըմանչում եմ: Հիվանդ եմ, հարևան Ասիան ա բերել իրա հաշվին ինձ սրսկել»,- դժգոհելով ` սկսեց արտասվել Նանարը: Զրույցի ընթացքում Նանարն ասաց. «Թերթումը հանկարծ չգրեք, քվորտինք ունեմ, փեսեք ունեմ, ամոթ ա»,- զգուշացրեց նա: Նա արդարացրեց հարազատների կողմից իր նկատմամբ ցուցաբերվող անտարբերությունը. «Իրանք սաղ պրոբլեմների մեջ են: Էն մի քիրս Նովոռոսիսկից նոր է եկել, իրա ընտանիքը զոռով յոլա է տանում, սաղ քույրերս ու ախպերներս մեծ են ինձանից, թոշակով են ապրում, կարա՞ն ինձ օգնեն»:
Նանարը սիրում է ապրել իր «հալալ քրտինքով». «Ըմանչում եմ քաղաքապետի մոտ գնամ, ասեմ փող չունեմ: Մի ձևի էլի, դա ընենց բանա, ամեն մարդու էրես չի բռնում: Ես կամանչեմ գնամ անապահովների ճաշարանը: Սոված կմնամ, չեմ անի»: Իր ասելով` Նանարը տնակն առել է աշխատացնելու համար. «Վիճակ չկա, ես էլ չեմ կարողանում աշխատել ստի»:
Նանարն ասաց, որ ուզում է աշխատել. Գիտես, քանի հոգու եմ դիմել, բայց աշխատանք չեն տալիս»: Երբ նկարում էինք տնակն ու Նանարին, նա սկսեց ծիծաղել. «Հլա լսի, վայթե խայտառակ տես այ անիլ ինձ, հա՞»: Տնակի խորքում Նանարը գաղտնի քնելու առանձին հարմարություն էր ստեղծել. «Ձմեռն ըտի եմ քնում, ամառը ստի»: Հետո անդրադարձավ տնակը շրջանառվող լուրերին: «Ազիզ, ես ընենց տուգանվել եմ, 2008թ.-ի հոկտեմբերի 22-ից եդը էլ ստի մարդ չի գալիս: Եկել են, տեսել 2 աղջիկ են եկել ղոնախ, իրանց եդևից էլ տղեք են մտել: Ես ինչ գիտեմ դա ինչ գործ էր: էկան իրենց էլ մեզ էլ հվաքեցին տարան ոստիկանություն: Եքա` 1200 դոլար տուգանեցին: Գնացել եմ քաղաքապետարանում աշխատել եմ, 600 դոլարը փակվել եմ, մնացածն էլ ամունիստով դուրս մնացի: Էդ վախտից եդը, ստեղ մի մժեղ էլ չի մտնում»: Գաղտնի անկողնու մասին էլ ասաց. «Չէ ազիզ, որ աշխատող եմ ունեցել, խու իմ ծոցին չտեր քնի, իրա համար առանձին քնել ա»:
Նանարը ասաց, որ տնակի տերիտորիան ուզում են իրենից լրիվ մաքրել տան, այս կապակցությամբ հարևան Սուրոյից դժգոհեց. «Ճիշտը քեզ ասեմ, մի հատ ավտո էլ տնակիս առաջ կանգնում է քարերով տալիս են: Չգիտեմ, գիշերային ժամերին: Չես կարում, էդ էլ չեն թողում, հլա տես ինչ շիկացած մթնոլորտ ա: Դաժե իմ տնակի առաջ կանգնողն էլ, վախում ա ստի կանգնի: Երբ գիշերով իմ տնակի առաջ կանգնում են շվվացնում են, տենում չեմ, թե ով ա անում, գիշերային ժամ ա, կարա՞ս դուրս գաս: Ոնց որ թշնամություն ա: Հենց տենց են անում, որ տերիտորիան ազատեմ»:
Նանարի համար կարևորը փող աշխատելն է. «Ինձ օգնեք մի 6 մետր դոմիկի տեղ տան, դոմիկս տանեմ Ալավերդի»: Նանարը հրաժեշտին մեզ խնդրեց` միջնորդենք միլպետին, որ իր տնակի լույսը թույլ տա միացնեն: «Հետք»-ի հարցմանը Թումանյանի Ն բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Հարությունյանը հայտնեց, որ Նանարի տնակի լույսը անջատելու փաստին , ինչպես ինքը, այնպես օպերատիվ աշխատանքների գծով իր տեղակալ Աշոտ Տիտանյանը տեղյակ չեն և նման հրահանգ չէին կարող տալ. «Եթե նա իրեն լավ չպահի կձերբակալենք, ինչու ենք լույսը անջատում»,- հեռախոսով «Հետք»-ին ասաց ոստիկանապետը: Նա նաև հայտնեց, որ տարածաշրջանի ճանապարհային ռետորաններում և գիշերային տներում տիրող վիճակը հետազոտվում է ոստիկանության կողմից, և առաջիկայում լուրջ բացահայտումներ կլինեն:
Նանարի տնակը Ալավերդի տեղափոխելու համար «Հետք»-ի խնդրանքը Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը ընդունեց պատրաստակամությամբ: Տնակը քաղաքի թաղամասերից մեկում տեղադրելու համար նա խոստացավ հանձնարարություն տալ քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել