Ո՞րն է ռուս-թուրքական ներկա որոշակի մերձեցման մոտիվացիան
Ռուս-թուրքական մերձեցո՞ւմ, թե՞ համագործակցություն
Ռուս-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումները ոչ այնքան մերձեցում են, որքան ռուս-թուրքական համագործակցության դրսևորումներ: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց «Ազգ» օրաթերթի մեկնաբան, թուրքագետ Հակոբ Չաքրյանը` մեկնաբանելով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի երկօրյա այցը Թուրքիա:
«Ռուս-թուրքական այս մերձեցումը խիստ չափազանցված է: Թուրքիան կկարողանա՞ մինչև վերջ մերձենալ Ռուսաստանի հետ: Ես չեմ կարծում: Արևմուտքի հետ այնպիսի սերտ կապերի մեջ է, որ որքան էլ ԱՄՆ-ի հետ տարաձայնություններ ունենա (դրանք ժամանակավոր երևույթներ են) նա չի կարող Արևմուտքից պոկվել և գալ, մերձենալ Ռուսաստանին»,- ասաց Հակոբ Չաքրյանը: Նրա խոսքերով` երեկ թուրքական մամուլը գրեթե չի անդրադարձել Մեդվեդևի այցին:
Թուրքագետի համոզմամբ` ԱՄՆ-ն խանդոտ վերաբերմունք ունի ռուս-թուրքական այս գործընթացին և թույլ չի տա, որ մերձեցման արդյունքում ռուսների ազդեցությունն աճի Թուրքիայում: Թուրքիան բնական գազի ավելի քան 60 տոկոսը Ռուսաստանից է ստանում` դառնալով տարանցիկ երկիր, և Ռուսաստանը կարող է փակել գազի ծորակը, ինչպես արեց Ուկրաինայի դեպքում:
«Պարզապես հայտնի է, որ 20 փաստաթուղթ պետք է ստորագրվի: Նրանիցից 12-ը պայմանագրեր կամ համաձայնագրեր են: Դրանցից ամենակարևորն էլ թուրքական ատոմակայանի կառուցման պատվերն է ռուսական ֆիրմաներին: Եթե ատոմակայանն էլ իրենք շահագործեն, կախվածությունը էներգետիկ առումով է́լ ավելի կմեծանա: ԱՄՆ-ն ամենևին չի ուզում, որ ռուսները շատ մերձենան: Բայց իրենք, ըստ երևույթին, գիտեն, որ սա առևտրատնտեսականից այն կողմ չի անցնի, որքան էլ ասեն «ռազմավարական համագործակցություն» և այլն: Այդ իսկ պատճառով հանդուրժում են»,- ասաց թուրքագետը:
Ասուլիսի մյուս բանախոսը` ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը, նշեց, որ այժմ ռուս-թուրքական հարաբերություններում եզակի պահ է: Սկսած 16-րդ դարից` այդ երկու երկրները ավանդաբար հակամարտել են` երբեք նույն ճամբարում չեն եղել: Բացառություն է եղել 1920-23 թթ. քեմալաբոլշևիկյան մերձեցումը, որը 1923 թ.-ից հետո ավարտվեց:
Այսօր, Գարիկ Քեռյանի համոզմամբ, ևս բացառիկ պահ է, երբ Ռուսաստանն ու Թուրքիան ձգում են մերձենալ ու համագործակցել: Բացի ատոմակայանի վերաբերյալ փաստաթղթի ստորագրումից` նախատեսվում է, որ երկու երկրների քաղաքացիները տեղաշարժվեն առանց վիզային ռեժիմի, ինչպես նաև ստեղծվի երկու երկրների համագործակցության բարձրագույն խորհուրդ, որը կկարգավորի հետագա բոլոր քայլերը:
«Ռուս-թուրքական ներկա որոշակի մերձեցման մոտիվացիան միանշանակ կասպյան տարածաշրջանի և միջինասիական էներգակիրների տեղափոխման խնդիրն է: Բաքու-Ջեյհան նավթամուղը և Էրզրում-Բաքու գազամուղը, որը շինարարության ընթացքում է, փաստացիորեն կառուցվեցին և շահագործվում են Ռուսաստանի շահերի անտեսմամբ: Բնականաբար, Ռուսաստանի քաղաքականությունը այսօր ուղղված է այն հանգամանքին, որ ապագա բոլոր էներգակիրները, էներգամատակարարումների ուղիները ձգվեն կամ Ռուսաստանի տարածքով, կամ լինեն Ռուսաստանի վերահսկողության տակ»,- ասաց Գարիկ Քեռյանը:
Նա պարզաբանեց, որ քաղաքական տեսանկյունից Ռուսաստանի համար այլևս նպատակահարմար չէ թույլատրել կասպյան տարածաշրջանի և ռուսական էներգակիրների տարանցումը Վրաստանի տարածքով: Ստացվում է, որ տարանցման ճանապարհը կարող է անցնել կամ Ռուսաստանից Սև ծովի հատակով դեպի Թուրքիա և այնտեղից Եվրոպա, կամ միջինասիական էներգակիրները կասպյան տարածաշրջանից կարող են տեղափոխվել Ադրբեջանով և Իրանով մտնել Թուրքիա: Այս տարբերակն էլ Արևմուտքը թույլ չի տալիս, քանի որ Իրանի վարչակարգը հակաարևմտյան դիրքորոշում ունի: Ադրբեջանից Հայաստան և Թուրքիա տարանցման ճանապարհը նույնպես փակ է:
«Ուրեմն կարելի է ենթադրել, որ ռուսները ամեն դեպքում նախընտրում են ուղղակի ինչ-որ ճանապարհ Ռուսաստանից դեպի Թուրքիա և Թուրքիայից Եվրոպա»,- ասաց Գարիկ Քեռյանը:
Նա ենթադրեց, որ Մեդվեդևի` Թուրքիա այցի շրջանակներում փաստաթղթեր կստորագրվեն Սև ծովի հատակով` Ռուսաստանի տարածքով էներգակիրների տեղափոխման մասին: Սա շահավետ նախագիծ է Թուրքիայի համար, քանի որ նրա վերահսկողության տակ կհայտնվի դեպի Եվրոպա մղվող էներգակիրների մի կարևոր հատված: Թուրքիան լրացուցիչ խաղաքարտ կստանա Արևմուտքին քրդական հարցում զգաստացնելու համար:
«Ներկա իրավիճակում Թուրքիան որոշակի հակաամերիկյան կեցվածք է ընդունել և նեղացած է քրդերին Արևմուտքի և ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող օժանդակության առումով: Իսկ մերձեցումը Ռուսաստանի հետ և նման էներգակիրների մայրուղիների վրա վերահսկողություն սահմանելը Թուրքիայի կշիռը կբարձրացնի: Թուրքական իշխող էլիտան նաև հասկացել է, որ Ռուսաստանի հետ հակամարտությամբ կովկասյան տարածաշրջան ներթափանցելը շատ ավելի դժվար է, քան ռուսների հետ որոշակի համատեղ ծրագրերի կամ համագործակցության միջոցով: Հիշենք ոչ վաղ անցյալում Թուրքիայի կողմից առաջ քաշված Կովկասյան խաղաղության պակտը, որը օրակարգից չի իջել, և նրանք դա կարող են կենդանացնել և գործողության մեջ դնել»,- ասաց Գարիկ Քեռյանը:
Ի՞նչ կկորցնի և ի՞նչ կշահի Հայաստանը ռուս-թուրքական մերձեցումից
Գարիկ Քեռյանի խոսքերով` Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հնարավոր է որոշակի առևտուր. թուրքերը կպահանջեն Արցախյան հարցի ադրբեջանանպաստ լուծում: Մենք 20-րդ դարում մի քանի անգամ առնչվել ենք հայկական տարածքների նման առևտրի:
Այս տեսակետին համամիտ լինելով հանդերձ` Հակոբ Չաքրյանը նշեց, որ Մինսկի խմբում ընդգրկված են նաև Ֆրանսիան և ԱՄՆ-ը, որոնք թուրքերին թույլ չեն տա Կովկասում դիրքեր ամրապնդել:
«Հանուն ազդեցության գոտիների` ԱՄՆ-ի ու Ռուսաստանաի միջև սուր պայքար է ծավալվում Հարավային Կովկասում: Եթե ամերիկացիներին կամ ռուսներին հաջողվի այդ մրցապայքարում գերազդեցության հաստատել Հարավային Կովկասում, նրանք հազիվ թե թույլ տան, որ թուրքերն էլ գան դիրքեր ամրապնդեն: ԱՄՆ-ն հո չի՞ ուզենա, որ Ռուսաստանին դուրս վտարեն` թուրքերին հրավիրելու համար: Նույնն էլ Ռուսաստանի պարագայում է: Ի վերջո, պետք է հաշվի առնել, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայությունը ապահովող միակ հենարանը Հայաստանն է: Ըստ երևույթին, Ռուսաստանը, ի վնաս Հայաստանի, այս դեպքում գոնե չի կատարի որևէ քայլ, թեև ես առ այսօր չեմ լսել, որ Մոսկվայից մի որևէ հայանպաստ հայտարարություն անեն, ասենք` Ղարաբաղի հարցում»,- ասաց Հակոբ Չաքրյանը:
Գարիկ Քեռյանը ևս նշեց, որ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ ռուսական ռազմաբազաներ կան, և որը ներկա պայմաններում իր արտաքին քաղաքական գերակայությունների մեջ ուրիշ ելք չունի` ռուսամետ կողմնորոշումից բացի:
Գարիկ Քեռյանը նշեց, որ 1920-21 թթ. ռուս-թուրքական` քեմալաբոլշևիկյան մերձեցումը տեղի է ունեցել ի հաշիվ Հայաստանի. ՀՀ-ն կորցրեց իր կազմի մեջ մտնվող Կարսի մարզը, Սուրմալուի գավառը: Մենք կորցրինք նաև Արմտյան Հայաստանի այն տարածքները, որոնք պետք է տրվեին Սևրի պայմանագրով:
«Հիմա իրավիճակը մի փոքր այլ է. ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև ինչ-որ տարածքների փոխանակման խնդիր չկա: Մտավախություն, որ այդ մերձեցման արդյունքում մենք տարածք կկորցնենք, աբսուրդ է: Բայց առևտուրը այսօր կարող է հանկարծ տեղի ունենալ Ղարաբաղի հաշվին: Բայց առայժմ ռուսները չեն գնա հայկական շահերի ոտնահարման և Ղարաբաղի հարցի ոչ հայանպաստ լուծման»,- ասաց Գարիկ Քեռյանը:
Լրագրողներից մեկը նշեց, որ Թուրքիան Ռուսաստանի ամենամեծ տնտեսական գործընկերն է: Նրանց տարեկան շրջանառությունը հասնում է 40 մլրդ դոլարի, որը նպատակ ունեն հասցնելու 100 մլրդ-ի: Արդյոք այս տնտեսական շահը չի՞ գերադասվի քաղաքական գործընկերության շահերից:
«Առայժմ նման բան կանխատեսելու հիմք չկա: Պարզապես խոսքը Թուրքիայի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության նոր ոլորտների մասին է»,- ասաց Գարիկ Քեռյանը:
Իսկ Հակոբ Չաքրյանը նշեց, որ առանց տվյալ տարածաշրջանում քաղաքական ազդեցության` տնտեսական ազդեցությունը որևէ նշանակություն չի ունենա: «Չեմ կարծում, որ գերադասեն, որովհետև Ռուսաստանը, որքան էլ ոչ լիարժեք լինի, այնուամենայնիվ, գերտերություն է, իսկ Հարավային Կովկասը նրա համար կամրջի դեր է կատարելու: Հայաստանը կորցնելը կհանգեցնի Հարավային Կովկասի կորստյան Ռուսաստանի համար»,- նշեց նա:
Սառեցում հայ-թուրքական գործընթացում
ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչը նշեց, որ հայ-թուրքական գործընթացի սառեցման վերաբերյալ պաշտոնական հիմնավորումներ չի արել ոչ Թուրքիան, ոչ ՀՀ-ն: Նրա կարծիքով` Վաշինգտոնյան հանդիպման ժամանակ հավանաբար Էրդողանը սահմանի բացման դիմաց Հայաստանից որպես զիջում պահանջել է ազատագրված հայկական տարածքները: Հայկական կողմի համար այդ պահանջը անընդունելի է եղել, և գործընթացը սառեցվել է: Գարիկ Քեռյանը ենթադրում է, որ գործընթացը կարող է վերսկսվել, եթե որոշակի առաջընթաց լինի Արցախի հակամարտության հարցում:
Հակոբ Չաքրյանի կարծիքով` այս պահին որևէ հիմք չկա ենթադրելու, թե հայ-թուրքական գործընթացը դուրս կգա սառեցած վիճակից: «Վերստին Մեդվեդևին պիտի համոզեն, որ «Կովկասում խաղաղությունն ու կայությունունը շատ ավելի կարևոր են, քան հայ-թուրքական հարաբերությունները: Որպեսզի այդ հարաբերություններից արդյունք ստացվի, ուրեմն պետք է լուծել հակամարտությունները: Այդ հակամարտությունն էլ Ղարաբաղի հարցն է»: Այսինքն` նրանք Ղարաբաղի հարցի կարգավորման նախապայմանից հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար չեն հրաժարվել»,- ասաց թուրքագետը:
Միաժամանակ Հակոբ Չաքրյանը հավելեց, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հակամարտությունների շաղկապումը միջազգային աջակցություն չի գտել: 2009 թ. դեկտեմբերին Վաշինգտոնում Օբաման ասաց Էրդողանին, որ այդ գործընթացները չպետք է շաղկապել: Նույնը Մոսկվայում Էրդողանին ասաց Պուտինը: «Բերել, Հայաստանին լավություն անելու կարգով ինչ-որ բան պոկել թուրքերին չի հաջողվի»,- ասաց թուրքագետը:
Անդրադառնալով այն տեսակետին, որ թե Թուրքիան, թե Ադրբեջանը պատրաստ են վճարել Ռուսաստանի ուզած գինը` միայն թե Արցախի հարցում Ադրբեջանի համար նպաստավոր լուծում գտնվի` բանախոսները նշեցին, որ նման հայտարարություններին պետք չէ լուրջ վերաբերվել: Եթե գին վճարելով հողային հարցեր լուծվեին, ապա ինչո՞ւ չեն լուծվում արաբաիսրայելական, Հյուսիսային Կիպրոսի խնդիրները, և Ճապոնիան հետ չի ստանում իր հյուսիսային տարածքները:
«Չմետք է մեռանալ, որ Մինսկի խմբում կան նաև ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Եթե Ռուսաստանը ինքնուրույն նախաձեռնությամբ լուծի, նա իր դիրքերը այնքան կամրապնդի Հարավային Կովկասում, որ այնտեղից հանել նրան այլևս հնարավոր չի լինի: ԱՄՆ-ն էլ, Ֆրանսիան էլ հենց այդպես չեն թողնի, որ Ռուսաստանը միակողմանիորեն, իր անձնական նախաձեռնությամբ, այդ հարցը, թեկուզ թուրքերին զիջելու և այլնի գնով, լուծի»,- ասաց Հակոբ Չաքրյանը:
Մեկ այլ հանգամանք է այն, որ Ադրբեջանը թույրքալեզու է: Արդյոք ցանկալի կլինե՞ր, որ թուրքական ազդեցությունը Հարավային Կովկասում աճեր, և այս անգամ էլ Արմուտքը ռուսական ազդեցությունից ձերբազատվելուց հետո թուրքական ազդեցությանը բախվեր: Բացի դրանից` իսլամական երկու հատվածների միջև միակ սեպը Հայաստանն ու Վրաստանն են:
«Այնպես որ այդ բոլորը հաշվարկված է: Չեն թողնի, որ թուրքերը գան, տնօրինություն անեն Հարավային Կովկասում, ապա նաև Միջին Ասիայում: Հետո, Թուրքիայի տնտեսական, քաղաքական և ռազմական կարողություններն էլ այն չեն, որ կարողանա մրցակցել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի հետ»,- ասաց Հակոբ Չաքրյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել