
Արթուր Գեւորգյան. «Նվերի վաճառքը թողնենք սեփականատիրոջ խղճին»
Հարցազրույց Դավիթաշեն համայնքի ղեկավար Արթուր Գեւորգյանի հետ
Արդեն երեք տարի է, ինչ Դավիթաշեն համայնքի ղեկավարն եք: Ինչպիսի՞ն է Ձեր իսկ աշխատանքի գնահատականը:
Գնահատում եմ դրական: Ընդհանրապես կարծում եմ՝ ոչ միայն Դավիթաշենի, այլ ընդհանուր քաղաքում էլ նկատելի է մեծ առաջընթաց: Մեծացել է կանաչապատման, սանմաքրման և աղբահանության բարեկարգման ներդրումների քանակը: Բայց սա դեռ բավարար չէ, սա մի փոքրիկ մասնիկ է: Մենք այսօր ամեն ինչ անում ենք, որ ունենանք արդի Երեւանին համապատասխան բյուջե, որպեսզի մեր կառավարումը հեշտանա:
Կարծում եք, որ կանաչների հաշվին իրականացվող շինարարությունը առաջընթա՞ց է:
Այդ մասով ես կառանձնացնեմ Դավիթաշենը: Վերջին երեք տարիների ընթացքում ոչ մի կանաչ գոտում շինարարություն չի իրականացվել: Այլ նույնիսկ ունեցել ենք նախադեպը չունեցող դեպքեր, երբ բնակիչը ինքն է համաձայնվել իր բետոնե ավտոտնակը քանդել, որպեսզի տեղում կառուցվի խաղահրապարակ: Ամեն դավիթաշենցի իրեն որ զգա վարչական շրջանի ղեկավարը, բոլորիս գործը ավելի կհեշտանա:
Համայնքն ունեցել է 3 ղեկավար, եւ ունի մեկ այգի: Ամեն ղեկավար այգուց մեծ տարածքներ է սեփականաշնորհել: 4-րդ ղեկավարի դեպքում բնակչությունը այգի էլ չի՞ ունենա:
Նախ խոսենք համայնքի 3 ղեկավարից: Ես այգու տարածքից ոչ մի հատված չունեմ:
«Պարտեզ» սրճարա՞նը:
Սրճարան բացելու առաջարկով դիմել է քաղաքացի, եւ բնական է, որ մեկ մեծ այգու մեջ մեկ սրճարան լինելը նորմալ է: Այդ սրճարանը կառուցելուց ոչ մի ծառ չի հատվել, սրճարանի տարածքում բարձրացվել է այգու տարածքի խնամքի որակը, եւ սրճարանի տերերը պայմանագիր են կնքել, վճարել են այդ տարածքի համար նախատեսված բոլոր պետտուրքերը և պարտավորվածություն են վերցրել բարեկարգելու ու բարելավելու սրաճարանի տարածքը :
Փաստորեն բնակիչների շրջանում հայտնի «թաղապետի կաֆե» արտահայտությունը սխա՞լ է:
Իհարկե, սխալ է: Գիտեք, այնքան հետաքրքիր դեպքեր են տեղի ունենում. ընդունելության ժամանակ բնակիչ էր եկել, որը բավականին կիրթ մարդ էր, բայց համարում էր, որ ամբողջ Դավիթաշենը վարչական շրջանի ղեկավարի սեփականությունն է: Եթե վարչական շրջանի ղեկավարը երբեմն իր բալիկի հետ այցելում է այդ սրճարան, դա չի նշանակում, որ իրենն է: Մի սրճարան է, երկրորդը լիներ, երկրորդում էլ կտեսնեին ինձ:
Դավիթաշենի նախկին թաղապետը` Ռուբեն Գեւորգյանը, մոտ 2000 քմ իր սեփական տարածքում սրճարան եւ այգի էր բացել «Դեյզի» անունով եւ ցուցանակ էր տեղադրել «Նվեր սիրելի դավիթաշենցիներին»: Իսկ այսօր նվեր-այգու դարպասները փակվել են, ու հայտնվել է այգու վաճառքի մասին ցուցանակ:
Ես չեմ ուզում պատասխանել այդ հարցին, քանի որ սեփականատիրոջ տարածք է: Այդ տարածքը սեփական է, եւ սեփականատերը երբ ցանկանա, իր սեփականության դարպասները կարող է բացել կամ փակել: Եվ ձեր նշած նվերի վաճառքը թողնենք սեփականատիրոջ խղճին:
Ձեզ` որպես համայնքի ղեկավար, չի՞ անհանգստացնում, որ դեռ ԽՍՀՄ-ի տարիների նախագծով այգի համարվող այդ տարածքը ժամանակին վաճառվել է:
Նախատեսված էր այդպես, բայց այգին էլ կարող է նաեւ սեփականատիրոջը պատկանել, բայց պետք է պայմանագրում նշված լինի, որ այն պետք է լինի այգի, պետք է ունենա խաղահրապարակ, պետք է պատսպարված չլինի: Ես դեմ չեմ դրան, բայց պետք է հստակ ամրագրված լինի, որ սա պետք է լինի այգի: Շատ դեպքում անհատը ավելի լավ է կառավարում, քան կարող է անել վարչական շրջանը: Որովհետեւ այն դառնում է սեփականատիրոջ բիզնեսը: Ամբողջ աշխարհում դա նորմալ է:
Իսկ «Դեյզի» այգու պարիսպները օրինակա՞ն են:
Այո, և ես չեմ տեսել մի փաստաթուղթ, որտեղ ամրագրված լինի, որ այդ սեփականատերերը իրավունք չունեն վաճառելու իր սեփականությունը: Եվ հետո ես չեմ կարծում, որ այգին վաճառվում է, ինձ թվում է՝ այդ 2000 քմ-ը այգու հարակից անբարեկարգ տարածքի վաճառքի մասին է խոսքը:
Դուք համզովա՞ծ եք, թե՞ երեւի:
Ես համզոված եմ, որ այդ 2000-ը այգուն չի վերաբերում: Իսկ 4000 քմ-ը վերաբերում է այգու հետնամասում գտնվող շուկայի տարածքին
Պարոն Գեւորգյան, ասում եք, որ ամեն դավիթաշենցի իրեն պիտի զգա որպես համայնքի ղեկավար: Ես ինչպե՞ս ինձ զգամ ղեկավար մի տարածքի, որի հատվածները 1000-ավոր քմ-ով պատկանում են անհատներին:
Երբ հարեւանդ հարստանում է, դու չպիտի քեզ վատ զգաս: Ինչքան շատ ունեւոր մարդիկ ապրեն Դավիթաշենում, այդքան ավելի շատ գույքահարկ կվճարեն: Ի՞նչ վատ է, բայց խոսքը բարեխիղճ ունեւորի մասին է, նորմալ քաղաքացու մասին: Ես չեմ ուզում իմ ասածը կոնկրետ անձանց վերագրեք, բայց ոչ ամեն օլիգարխիկ ապրելաձեւ ունեցող անձն է լավ քաղաքացի: Եվ գիտեք, ես իմ ամբողջ կյանքում սովորել եմ էջը փակել: Հետ գնալը, փնովելը եւ ուրիշների սխալների մասին մտածելը սխալ է: Եկեք փորձենք էջը փակել եւ սկսենք նոր էջից, նոր ուժով աշխատենք:
Հին էջը կարող ենք փակել, բայց եթե վաղը կոնկրետ «Դեյզի» այգում նոր սեփականատերը որոշի կառուցել շենք կանաչ տարածքների հաշվին, Դուք՝ որպես համայնքի ղեկավար, ինչ-որ բան կնախաձեռնե՞ք:
Մի քանի օր առաջ դեպք էր տեղի ունեցել, մի անհատ բետոնապատել էր փողոցի խոտային հատվածը: Նա ուներ շինթույլտվությունը, սակայն մենք կասեցրինք աշխատանքները, եւ ես` որպես վարչական շրջանի ղեկավար, իրավունք ունեմ հետ ուղարկելու քաղաքապետարան ու պահանջել վերանայել այդ թույլտվությունը: Իսկ հետո պարզվեց, որ նրա թույլտվության մեջ կեղծիք կար: Եթե ես դեմ եմ մի բանի, որին եւ դեմ է բնակչությունը, իհարկե, մեզ հետ միշտ հաշվի կնստեն:
Շատ լավ, այնուամենայնիվ, եթե վաղը «Դեյզի» այգու փոխարեն կառուցվի շենք, Դուք մի բան կնախաձեռնե՞ք:
Եթե այդ կառույցը չբխի բնակիչների շահերից, հաստատ դեմ կգնամ:
Մեկնաբանություններ (15)
Մեկնաբանել