
Շիրակի թեմի առաջնորդարանում հավաքված կանայք տարակուսած հարցնում էին մեկմեկու` արդյոք որեւէ մեկը տեղյա՞կ է, թե ինչ օր է այսօր: «Բուժքրոջ համաշխարհային օրվա» կապակցությամբ թեմի առաջնորդն իր մոտ էր հրավիրել քաղաքի ու մարզի բուժհաստատությունների կրտսեր բուժանձնակազմի ներկայացուցիչներին: Առաջնորդի հրավերին արձագանքած 40 բուժքույրերից միայն Ինֆեկցիոն հիվանդանոցի երկու աշխատակցուհիները խոստովանեցին, որ տեղյակ են, թե աշխարհում մայիսի 12-ին ում տոնն են տոնում: Թեմի առաջնորդն էլ իր հերթին խոստովանեց, որ տոնի մասին իմացել է օրացույցից:
Շնորհավորելով ներկաներին «Բուժքրոջ տոնի» կապակցությամբ` Շիրակի թեմի առաջնորդը խոստովանեց, որ երբեւէ չի հիվանդացել եւ հայկական հիվանդանոցներում չի եղել, բայց վստահ է, որ հայ բուժքույրն իր հոգատարությամբ չի զիջում արտասահմանցի գործընկերներին:
«1993թ-ին եմ առիթ ունեցել պառկել հիվանդանոցում մի 4-5 օր: Դա Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցն էր, որտեղ բժիշկները բոլորը հայեր էին, իսկ կրտսեր բուժանձնակազմը` թուրքեր,-պատմում է թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը,-եւ վախ կար մեջս, թե ինչպես են վերաբերվելու ինձ, ինչպես են խնամելու: Ասեմ, որ նրանք ուղղակի ինձ ապշեցրեցին իրենց հոգատարությամբ եւ պրոֆեսիոնալիզմով: Հետո հասկացա, որ բուժքույրն ուղղակի կոչում է, որ մարդիկ պարզապես իրենց գործն են անում ու ազգությունն այստեղ ոչ մի նշանակություն չունի»:
Առաջնորդարանի եւ թեմի Սոցիալական կենտրոնի կողմից հրավիրվածներին գարնանային փոքրիկ ծաղկեփնջեր բաժանվեցին: Ներկաները խոստովանեցին, որ թեմի առաջնորդը միակ մարդն էր, որ հիշել էր իրենց ու որոշել շնորհավորել: Հավաքաված կանայք նշեցին, որ զգացված են Միքայել Սրբազանի ուշադրությունից, բայց լավ կլիներ, որ մի քիչ էլ պատկան ատյանները մտածեն իրենց մասին ու 20-30 հազար դրամ կազմող աշխատավարձի շեմը բարձրացնեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել