HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիվանդանոցների վերազինում է նախատեսվում

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում իրականացվող առողջապահական ծրագրերի թիմի պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Փոխվարչապետին ներկայացվել է «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային առաջին եւ երկրորդ ծրագրերի ընթացքն ու նախատեսվող նոր ծրագրի հետ կապված հարցեր: Նշվել է, որ առաջին ծրագիրն արդեն ավարտին է մոտենում եւ ընդգծվել, որ ծրագրերում ընդգրկված հիվանդանոցների ընտրությունը ճիշտ է կատարվել թե ֆունկցիոնալ, թե աշխարհագրական դիրքի առումով: Երկուստեք գոհունակություն է հայտնվել կատարված աշխատանքների որակից եւ կարեւորվել մարզերում որակյալ առողջապահական ծառայությունների մատուցման ապահովումը, ինչը  բխում է տարածքների համաչափ զարգացման տրամաբանությունից: Նշվեց, որ նոր` «Առողջապահական համակարգի արդիականցման ծրագրի հավելյալ ֆինանսավորման ծրագիր»-ը նախորդ երկուսի տրամաբանական շարունակությունն է, որով նախատեսվում է մարզային մի շարք հիվանդանոցների վերազինում, Աբովյանի եւ Ալավերդու հիվանդանոցների վերանորոգում ու վերազինում, Մեղրիում նոր հիվանդանոցի կառուցում: ՀԲ թիմին հետաքրքրել է փոխվարչապետի տեսակետը ընտրված բուժհաստատությունների, ինչպես նաեւ Սյունիքի մարզում բուժծառայությունների մատուցման կազմակերպման վերաբերյալ: Ա. Գեւորգյանն առաջարկել է նոր ծրագրում ընդգրկել նաեւ Կապանի հիվանդանոցը`  հաշվի առնելով մարզի բարդ աշխարհագրական դիրքը, քաղաքի` որպես արդյունաբերական կենտրոնի, զարգացման հեռանկարները: Փոխվարչապետի կարծիքով` թե քաղաքական, թե տնտեսական, թե ժողովրդագրական եւ թե բուժծառայությունների որակյալ մատուցման առումով Սյունիքի մարզում առնվազն երեք կենտրոն պետք է լինի` Գորիս, Կապան, Մեղրի-Ագարակ: Վերջինի դեպքում օպտիմալ լուծում է համարվում երկու համայնքների միջեւ հիվանդանոց ունենալու տարբերակը: Քննարկվել են նաեւ ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման վերաբերյալ խորհրդատվությունների իրականացման հնարավորությունները, ինչպես նաեւ մարզերում բժշկական կադրերի վերապատրաստման հարցեր: Նշվել է, որ հոկտեմբերին նոր ծրագիրը կներկայացվի ՀԲ տնօրենների խորհրդին եւ հաջորդ տարվանից արդեն կարող է մեկնարկել: Այս մասին տեղեկացնում է տարածքային կառավարման նախարարության մամլո բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter