Եվրոպական հարևանության քաղաքականության հինգ տարին
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը մամլո հաղորդագրություն է ուղարկել, որում մասնավորապես ասվում է. «Եվրոպական հարևանության քաղաքականության ամենամյա զեկույցները վերստին ի ցույց են դնում Եվրոպական միության կողմից հարևաններին տրամադրվող առավելությունները:
Հինգ տարի է, ինչ Եվրոպական միությունն ապահովում է առևտրի և օժանդակության ծավալների ավելացում, ժողովուրդների միջև շփումների ակտիվացում և տնտեսական, քաղաքական ու բազմաթիվ ոլորտային բարեփոխումների շրջանակում ԵՄ-ի և հարևանների միջև համագործակցության զգալի սերտացում: Մեր գործընկերությունն էապես խորացել է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, էներգետիկան, շրջակա միջավայրի պահպանությունը և կլիմայի փոփոխությունը, հետազոտությունները, առողջապահությունը և կրթությունը: Գործընթացին սատարել է ընթացիկ Ֆինանսական ծրագրի 32%-ով ավելացումը, որի շնորհիվ տարեկան ֆինանսավորման գումարը 2013 թվականին կհատի 2 միլիարդ եվրոյի սահմանագիծը:
«Եվրոպական հարևանության քաղաքականությունը հաջողության պատմություն է` համեմված տեղերում կոնկրետ ձեռքբերումների բազմաթիվ օրինակներով», մեկնաբանում է Հանձնաժողովի փոխնախագահ և Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Միության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: «Մենք, սակայն, կարող ենք և պետք է շատ ավելին անենք` աշխարհի մեր մասը դարձնելու ավելի անվտանգ, կայուն և բարեկեցիկ: Գլոբալացվող աշխարհում մեզ` որպես եվրոպական և միջերկրածովյան երկրների, անհրաժեշտ է օգնել միմյանց` դիմակայելու տնտեսական ճգնաժամը: Անհրաժեշտ է աշխատել միասին` դիմագրավելու արդի նոր սպառնալիքները և մարտահրավերները, ինչպիսիք են միջազգային ահաբեկչությունը, մարդկանց թրաֆիքինգը և անդրսահմանային կազմակերպված հանցավորությունը: Մեզ անհրաժեշտ է համագործակցել` լուծելու մեր տարածաշրջանի ընթացքը կասեցնող և շատերին գլոբալացման բարիքներից զրկող վեճերը և հակամարտությունները:
Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր հարևանները սատարեն աշխարհի այլ` մեզանից պակաս բարենպաստ իրավիճակում գտնվող տարածաշրջաններում նույնպես խաղաղություն և անվտանգություն հաստատելու մեր ջանքերը: Որպես ընդհանուր արժեքների հիման վրա կառուցված Միություն` մենք ցանկանում ենք, որպեսզի մեր հարևանները վայելեն բաց և ժողովրդավար հասարակարգի և իրավունքի գերակայության պայմաններում առաջացող կայունության և բարեկեցության պտուղները: Հավակնոտ այս օրակարգն ինձ համար գերակա ուղղություն է Լիսաբոնյան համաձայնագրի իրագործման և Արտաքին գործողությունների ծառայության ստեղծման մեր հետագա աշխատանքներում: Եվրոպայի առավել ակտիվ, միահամուռ և արդյունավետ արտաքին քաղաքականության առաջին շահառուներից են լինելու եվրոպական և միջերկրածովյան հարևանության մեր բարեկամները»:
Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ավելացրեց հետևյալը. «ԵՀՔ-ի հետագա հզորացումը նույնչափ կարևոր ներդրում է ԵՄ-ի կայունության և բարեկեցության մեջ, և դա պետք է արտացոլված լինի մեր կողմից մեր գործընկերներին ներկայացվող առաջարկում: ԵՀՔ-ն խաղ է, որի բոլոր մասնակիցները հաղթանակած են դուրս գալիս. որքան ավելի մեծ են մեր գործընկերների բարեփոխումների հավակնությունները, այնքան ավելի ուժեղ է մեր արձագանքը: Տնտեսական բարեփոխումների զգալի առաջընթաց է արձանագրվել մեր հարևանության շրջանում` թե Արևելքում, թե Հարավում: Ապագայում հույժ կարևոր է, որպեսզի մեկ աստիճան վեր բարձրացվեն ժողովրդավարական և քաղաքական այն բարեփոխումները, որոնց գծով արձանագրվել է իրական, սակայն ընդհանուր առմամբ ավելի դանդաղ առաջընթաց»:
Եվրոպական հարևանության քաղաքականության նվաճումները 2004-2009 թվականներին`
2004 թվականին Ասոցացման երկկողմ համաձայնագրեր կնքվեցին ԵՀՔ-ի հարավային հարևանների մեծ մասի հետ: Ներկայումս ծավալվում է հարաբերությունների սերտացման գործընթաց առավել շատ առաջընթաց արձանագրած գործընկերների հետ (օրինակ` 2008 թվականից առաջխաղացված կարգավիճակ (statut avancռ) է շնորհվել Մարոկկոյին): Արևելքում, Արևելյան գործընկերության նպատակներին համահունչ, Գործընկերության և համագործակցության գործող համաձայնագրերը փոխարինվում են հեռահար Ասոցացման համաձայնագրերով:
ԵՀՔ-ի նպատակներից է նաև պետական կառավարման բարելավումը: Ուկրաինայի վերջին նախագահական ընտրությունները, Մոլդովայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, ինչպես նաև Մարոկկոյի կամ Լիբանանի ընտրությունների որակական բարելավումները վկայում են ժողովրդավարական գործընթացի որոշակի առաջընթացի մասին: Հավաքների ազատության, մահապատժի, լրատվամիջոցների ազատության, փոքրամասնությունների իրավունքների, մարդու այլ իրավունքների և հիմնարար ազատությունների գծով դրական տեղաշարժեր են արձանագրվել ԵՀՔ պետություններից մի քանիսում, սակայն ընդհանուր առմամբ առաջընթացը չի համապատասխանում ԵՀՔ-ում և Գործողությունների ծրագրերում արտացոլված հավակնություններին: Բազմաթիվ անելիքներ կան դատական և պետական կառավարման համակարգի բարեփոխումների, ինչպես նաև կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի բնագավառներում:
Ինչ վերաբերում է ազատ տեղաշարժին, ապա 2008 թվականին մեր հարևանության երկրներում տրամադրվել է ավելի քան 2 միլիոն շենգենյան մուտքի արտոնագիր: Մուտքի արտոնագրերի հեշտացման և ռեադմիսիայի պայմանագրեր են կնքվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ: Ավարտին մոտ են բանակցությունները Վրաստանի հետ: Օրինական միգրացիայի խթանման նպատակով Ազատ տեղաշարժի գործընկերություններ են համաձայնեցվել Մոլդովայի և Վրաստանի հետ: Այնուամենայնիվ, ԵՀՔ-ի ողջ ներուժն իրացնելու ուղղությամբ դեռ կան որոշ անելիքներ, մասնավորապես` կարճաժամկետ ուղևորությունների համար առանց մուտքի արտոնագրի կացության «ճանապարհային քարտեզներիե համաձայնեցումն Ուկրաինայի և Մոլդովայի հետ:
ԵՀՔ տարածաշրջանի հետ ԵՄ-ի առևտուրը 2004-2008 թվականներին աճել է. ԵՄ-ից արտահանումն ավելացել է 63, իսկ դեպի ԵՄ ներմուծումը` 91 տոկոսով (2009 թվականին տեմպերը որոշակիորեն դանդաղել են` պայմանավորված համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամով): ԵՄ-ն պատրաստ է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտիների վերաբերյալ բանակցություններ վարել բոլոր հարևանների հետ այն ժամանակ, երբ վերջիններս պատրաստ կլինեն դրան: Ձեռնարկվել են նաև այլ քայլեր տնտեսական ինտեգրումը խորացնելու ուղղությամբ, ներառյալ` գյուղատնտեսական և ձկնաբուծական արտադրանքից մինչև ավիացիոն ընդհանուր տարածքի վերաբերյալ ոլորտային մի շարք համաձայնագրերի կնքումը:
Էներգետիկայի ոլորտում համագործակցությունը սերտացվել է Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի, Եգիպտոսի, Հորդանանի և Մարոկկոյի հետ փոխըմբռնման հուշագրերի կնքման ճանապարհով: Ուկրաինան և Մոլդովան 2009 թվականին ընդունվել են, պայմանով որ միանալու են Էներգետիկ համայնքի համաձայնագրին, որի շրջանակում դիտորդի կարգավիճակ է ստացել Վրաստանը:
ԵՄ-ն 2007-2013 թվականներին մոտ 12 միլիարդ եվրո է հատկացել Եվրոպական հարևանության քաղաքականության իրագործմանը: Բացի այդ, ԵՄ-ի Հարևանության ներդրումային ծրագիրը` ԵՄ-ի և Անդամ պետությունների բյուջեների օժանդակությամբ, տրանսպորտի, շրջակա միջավայրի, էներգետիկայի, մասնավոր և սոցիալական ոլորտներում կոնկրետ ներդրումների համար վարկերին ի լրումն տրամադրում է դրամաշնորհներ (ավելի քան 4.7 միլիարդ եվրո 2007-2009 թվականներին):
Ընդհանուր տեղեկություններ
Եվրոպական հարևանության քաղաքականության նպատակն ընդհանուր կայունության, բարեկեցության և անվտանգության մակարդակի բարձրացումն է: Համատեղ Գործողությունների ծրագրի հիման վրա ԵՄ-ն օժանդակություն է ցուցաբերում գործընկեր պետությունների կողմից ժողովրդավարության և մարդու իրավունքների ստանդարտների բարելավմանն ուղղված բարեփոխումներին, նրանց համար ԵՄ-ի միասնական շուկան ավելի հասանելի դարձնելու աշխատանքներին, շրջակա միջավայրը բարելավելու և կլիմայի փոփոխության, էներգետիկայի, տրանսպորտի, միգրացիայի և նմանօրինակ այլ ոլորտներում ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու ջանքերին:
Հանձնաժողովն այսօր հրապարակել է ԵՀՔ-ի վերաբերյալ ամենամյա փաթեթը, որը ներառում է 2004 թվականին ԵՀՔ-ի մեկնարկից ի վեր քաղաքականության բնագավառում արձանագրված նվաճումների վերաբերյալ ուղերձը, ԵՄ-ի հետ ԵՀՔ-ի Գործողությունների ծրագրեր համաձայնեցրած 12 պետությունների կողմից 2009 թվականին արձանագրված առաջընթացի մասին 12 զեկույցները, ինչպես նաև ոլորտային առաջընթացի մասին զեկույցը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել