Կազմակերպվել է Բելգիայի հայ շախմատիստների առաջնություն
Բելգիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիան մայիսի 9-ին Անտվերպենի «Ռիքս» շախմատի ակումբում կազմակերպել էր Բելգիայի հայ շախմատիստների առաջնություն` նվիրված Շուշիի ազատագրման 18-րդ տարեդարձին: Բացելով առաջնությունը ակումբի ղեկավար Ռոբերտ Սխերմանսը խոսեց հայ շախմատիստների, շախմատի պատմության մեջ նրանց ներդրումի մասին:
Առաջնության հաղթող ճանաչվեց եւ ֆեդերացիայի գավաթին տիրացավ հայերի կողմից արդեն որերորդ անգամ հանդես եկող ծագումով ալբանացի, պրոֆեսիոնալ շախմատիստ Բաշկիմ Իսմայիլայը: Երկրորդ տեղը գրավեց Արսեն Կիրակոսյանը, իսկ երրորդ տեղը` Գրիգոր Մարտիրոսյանը:
Ամփոփելով առաջնությունը, ֆեդերացիայի նախագահ Գեւորգ Մինասյանը առաջնությանը հետեւող բելգիացի շախմատիստներին ներկայացրեց մայիսի 9-ի խորհուրդը, խոսեց Շուշիի ազատագրման մասին եւ, շախմատի ակումբին` ի նշան ձեւավորված բարեկամության, հուշանվեր նվիրեց:
Այնուհետ որոշում կայացվեց հայ շախմատիստների ակումբը կոչել Տիգրան Պետրոսյանի անունով, պարբերաբար անցկացնել պարապմունքներ, մրցումներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել