«Խոշոր կապիտալի ազդեցությունը և այն հաղթահարելու հրամայականը»
Այսօր մայիսի 13-ին տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կազմակերպած հերթական կլոր սեղանը «Սոցիալ–արդարականության կենսական անհրաժեշտությունը ՀՀ–ում» խորագիրը կրող քննարկումների շարքից «Խոշոր կապիտալի ազդեցությունը և այն հաղթահարելու հրամայականը» թեմայով: Քննարկման ժամանկ ելույթ ունեցավ նաև «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ տնտեսագետ՝ Հայկ Բալանյանը։ Ստորև ներկայացնում ենք նրա զեկույցը։
Տնտեսական քաղաքականությունը, որպես նպատակաուղղված գործողությունների մի ամբողջություն, հետամուտ է տվյալ երկրի տնտեսական զարգացմանը և ի վերջո բնակչության կեսնապայմանների ապահովմանն ու բարելավմանը:
Այդ իմաստով այն նեղ տնտեսական ոլորտ չէ, այլ անմիջականորեն կապված է սոցիալական և քաղաքական ոլորտների հետ, որոնց գնահատման պարամետրերն ոչ թե չոր թվեր են, այլ շատ ավելի զգայական կատեգորիաներ` արդարություն, հավասարություն, փոխադարձ օգնություն, հասարակական բարիքներ:
Հայաստանի պարագայում խոշոր կապիտալի խնդիրը առանցքային դեր ունի և կարիք կա համապատասխան քննարկման:
Խնդիրը խոշոր կապիտալի էական էկզոգեն ազդեցությունն է երկրի տնետեսական, սոցիալական և քաղաքական գործընթացների վրա, որը կապված է փոքր ծավալների, միջին բիզնեսի համեմատական թուլության և միջին խավի հիմնականում բացակայության հետ:
Սովորաբար խնդրի քննարկումը սահմանափակվում է հակամենաշնորհնորհային քաղաքականության բաղադրատոմսերով, բայց խնդիրը ոչ թե մենաշնորհներն են, այլ խոշոր կապիտալի` լինի դա հայկական թե արտասահմանյան, ֆինանսական, զբաղվածության, հարկային, վարկային և այլ ազդեցությունները:
Խոշոր կապիտալը, ունենալով կամ չունենալով մենաշնորհ ոչ մի ոլորտում, սակայն Հայաստանի պայմաններում ապահովելով թեկուզ քսան հազար աշխատատեղ, դառնում է քաղաքական գործոն` անկախ իր կամքից:
Առաջին այդպիսի քաղաքական օլիգարխը, անկասկած, Ռուսաստանի Դաշնությունն է: Պարզ ասած, երկրի փոքր ծավալները անհրաշեժտություն են առաջացնում վերահսկել խոշոր կապիտալը, որպեսզի խոշոր կապիտալը չվերահսկի երկրիը:
Հետաքրքիր օրինակ է Իսրաելը, որն, ունենալով տասնյակ օլիգարխներ, աշխարհով մեկ սանձեց դրանց ազդեցությունը հենց 40-50 ականներին, երբ երկիրը նորաստեղծ էր և աղքատ: Այժմ Իսրաելում չկան օլիգարխներ կամ ավելի ճշգրիտ կլինի ասել` հրեա օլիգարխները հայրենիքում հասարակ մահկանացուներ են:
Մեծ բիզնեսի խնդիրը ամենուրեք պահանջում է հասարակական վերահսկողություն, սակայն չկայացած միջին խավի և միջին բիզնեսի պայմաններում այդ խնդիրը ստանում է հավելյալ սրություն, ինչպես նաև պահանջում է տնտեսական կարգավորում ոչ տնտեսական մեթոդներով:
Այսպիսով, ընդհանուրի արդարությունը պահանջում են անարդարություն անհատի հանդեպ, և այդ երկընտրանքը առաջ է բերում ինչպես հստակ օրենսդրական կարգավորում, այնպես էլ հասարակական քննարկումներ, գիտակցություն և համերաշխություն:
Հին Հունաստանում ազդեցիկ և ժողովրդավարությանը վտանգ ներկայացնող մարդկանց ենթարկում էին օստրակիզմի` հանուն ժողովրդի իշխանության: Վերազգային կորպորացիաներին օստրակիզմի ենթարկել դժվար է, սակայն խնդրի հայեցակարգային կարգավորման բացակայության դեպքում էլ մեծ փողերը առաջացնելու են մեծ խնդիրներ:
Հաջորդ նրբերանգը, որն նույնպես տնտեսական ծրագրերում լրջորեն արտացոլված չէ, կապված է պետություն-հասարակություն, իշխանություն-տնտեսություն փոխհարաբերությունների հետ:
Պարզ ասած, ո՞վ է իրականացնելու տնտեսական քաղաքականությունը և ինչ՞ ուղղությամբ: Զօրօրինակ, ի վիճակի է՞ այժմ մեր հասարակությունը իր առջև դնել խնդիրներ և հետամուտ լինել դրանց երկարաժամկետ և ոչ այսրոպեական լուծումներին: Եվ ինչպե՞ս ապահովել այս և այլ հարցերի լուծումները գտնելու` հասարակության կարողությունը:
Քաղաքական գիտակցությունը, կրթությունը և փորձառությունը իրենց տեղն ունեն հասարակության կայացման գործում, սակայն վստահ եմ, որ իր տեղն ունի նաև տնտեսական նպատակասլաց քաղաքականությունը:
Մասնավորապես, կարևորում ենք տնտեսական բարեփոխումների ծրագրերում իրական բաժնետիրական ձեռներեցության կայացումը, այդ թվում` պետական մասնակցությամբ:
Կարևորում ենք կոլեկտիվ ձեռներեցության բոլոր տեսակների կայացումը և այդ ճանապարհով կապիտալի խոշորացման գործընթացի իրականացումը: Կոլեկտիվ ձեռներեցությունը, քաղաքացիների ընդհանուր և համատեղ աշխատանքը հիմք են հանդիսանում և համատեղ քաղաքանության և ներդաշնակ համակեցության ստեղծման համար:
Այս առումով, Սարդարապատը սոցիալական պետությունը դիտարկում է ոչ թե որպես ազգայնացված տնտեսություն, այլ ազգայնացված իշխանություն:
Սակայն ազգայնացված իշխանության հիմքը քաղաքացիների առավել ներգրավվածությունն է տնտեսական կյանքին և երկրի ղեկավարմանը: Առանց տնտեսական ծանրության կենտրոնի փոփոխության, առանց տնտեսական ուժի և ազգային հարստության վերաբաշխման, անհնար է քաղաքականության վերաբաշխումը, հետևաբար նաև` այդ նույն տնտեսական քաղաքականության իրականացումը:
Խոշոր կապիտալի ազդեցությունը տնտեսության և քաղաքականության մեջ կվերադարձնի ամեն ինչ ի շրջանս յուր, եթե չգիտակցվի այդ երևույթների ուղղակի կապը:
Նաև, կարելի արձանագրել, որ հասարակությունը ընդհանուր առմամբ չի ճանաչում խոշոր սեփականատերերի սեփականության իրավունքը, այսինքն օլիրախիկ տնտեսությունը դեռ լեգիտիմ չէ, չնայած բոլոր փորձերին և անցած ժամանակին:
Հարց է առաջանում. այն լեգիտիմացվելու է, և եթե այո, ապա ինչպես՞: Ընդ որում, հետաքրքիր է, որ ոչ միայն հասարակությունը չի ճանաչում խոշոր սեփականետերերի տնտեսական իշխանության լեգիտիմությունը, այլ նույն խոշոր սեփականատերերի խավը չի ճանաչում միմյանց սեփականության լեգիտիմությունը, քանի որ խոշոր կապիտալի ստվերային պայմանագիրը գործում է ընդդեմ ժողովրդի և հանդիսանում է իրենց միավորող և այլ բան չպարտավորեցնող հանգամանք:
Պետական կառավարման ոլորտը ի վերջո արտահայտում է հաղթանակած քաղաքական, իմա տնտեսական և սոցիալական ուժի շահերը: Հետևաբար, առանց Հայաստանի սոցիալ-տնտեսական արմատական բարեփոխման, կառավարության կողմից իրականացվող տեսականորեն «լավ» բարեփոխումները լինելու են ժամանակավոր և դառնալի:
Ուստի, կարիք կա ուրվագծել ապագա Հայաստանի պատկերը, որպես մի շարունակական, կենսունակ և վերարտադրվող սոցիալ-տնտեսական կենդանի օրգանիզմի, որը պետությունը ծառայեցնելու է իր շահերին, ավելի ճիշտ, ինքն է լինելու պետությունը` ի հեճուկս նեղ խմբակային շահերի: Եթե մենք ընդունում ենք, որ իշխանության պայմանագրային բնույթ ունի` որպես սոցիալական պայմանագիր երկրի քաղքացիների մեջև, ապա երկրի տնտեսության և ազգային հարստության տնօրինման և բաշխման կարգը նույնպես պիտի լինեն սոցիալական պայմանագրի արդյունք:
Այս առումով, տնտեսական ազատությունները, ինչպես քաղաքական ազատությունները, ենթակա են կարգավորման: Նկատի ունենալով ավանդույթների բացակայությունը և միջին խավի բացակայությունը, այդպիսի կոլեկտիվ պայմանագրի կազմումը պետության սոցիալ-տնտեսական քաղաքականության առաջնային խնդիրն է, որը պիտի նույնիսկ օրենսդրորեն վերաբաշխի և ամրագրի տնտեսական իշխանությունը` հարստությունը և եկամուտը, համաձայն հասարակության կոլեկտիվ պայմանագրի:
Համապետական մակարդակով խոշոր սեփականատերերի ստվերային պայմանագիրը ընդդեմ ժողովրդի միայն լեգիտիմացնում է նույն սեփականատերերի հարստությունը և առանց այդ սեփականության ապաօրինականացման, յուրաքանչյուր նոր հասարակական պայմանագիր ունենալու է նույն արդյունքը:
Տնտեսական քաղաքականության առաջնային խնդիրն է «օրինականացված» անօրինական հարստության ապաօրինականացումը և արդեն նոր, կոլեկտիվ, հասարակական պայմանագրով ազգային հարստության բաշխման մեխանիզմերի, լայն իմաստով` տնտեսավարման մեխանիզմների լեգիտիմացումը:
Պետության` որպես կարգովորղ և խոշոր սեփականատերերին հակակշռող մարմնի, դերը անհրաժեշտ է հստակեցնել և բարձրացնել` նպատակ ունենալով ազատ ձեռներեցության միջոցով կայացնել ազգային եկամտի, սեփականության ոչ բևեռացված բաշխում, ընդ որում` դա ապահովել ոչ թե սոցիալական տրանսֆերտների և փոխհատուցումների քաղաքականության միջոցով, այլ ազատ ձեռներեցության և ինքուրույն տնտեսական գործունեության միջոցով:
Բնակչության լայն շերտերի վրա հիմնվող նման ազգայնացված տնտեսությունն, ի վերջո, կարող է ապահովել ազգային հարստության բաշխման լեգիտիմությունը, հետևաբար և` տնտեսական իշխանության պայմանագրային բնույթը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել