Արագածոտնի մարզում ոսկե մեդալի համար կպայքարի մեկ աշակերտ
Արագածոտնի մարզում գործում է 3 ավագ դպրոց: Նախորդ տարում բացված Աշտարակ քաղաքի թիվ 5 ավագ դպրոցին այս ուսումնական տարում ավելացան եւս երկուսը` Թալինում եւ Ապարանում: Նշված դպրոցներն այս տարի տալիս են իրենց առաջին շրջանավարտները` թվով 2023-ը, որոնցից միասնական քննության հայտեր են ներկայացրել 730 աշակերտ: 2087 աշակերտ էլ այս տարի կավարտի հիմնական դպրոցը, եւ նրանց մեծ մասը ուսումը կշարունակի արդեն ավագ դպրոցներում:
Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության, կրթության բաժնի պետ Սուսաննա Պետրոսյանը ¦Հետքի§ հետ զրույցում ասաց, որ շրջանավարտները հիմնականում նախապատվությունը տալիս են հումանիտար եւ բնագիտական առարկաներին: Եթե մի քանի տարի առաջ դպրոցներում աշակերտները ջանում էին ոսկե մեդալով ավարտել դպրոցը, ապա, ըստ Ս. Պետրոսյանի, այդ առումով տարեց տարի հետաքրքրության նվազում է նկատվում: Այս ուսումնական տարվա համար ամբողջ մարզում ընդամենը 5 այդպիսի հավակնորդ կա, որից միայն մեկն է ցանկանում պայքարել ոսկե մեդալի համար:
Ս. Պետրոսյանը տեղեկացրեց, որ կրթօջախներում ներկայումս ընթանում են ուսումնական տարին ամփոփող եւ քննաշրջանի նախապատրաստական աշխատանքներ: Այս տարի մարզում միասնական ավարտական քննություններն անցկացվելու են Աշտարակի թիվ 5 եւ թիվ 4 դպրոցներում:
Միաժամանակ դպրոցներում նախապատրաստվում են վերջին զանգի արարողությանը: Կրթության բաժնի պետի փոխանցմամբ` դպրոցների մեծ մասում կանցկացվեն վերջին դասերը, ինչպես նաեւ կկազմակերպվեն ցերեկույթներ եւ հանդիսություններ:
Քանի որ վերջին զանգի արարողությունների ժամանակ տարբեր խնջույքների կազմակերպման, ուսուցիչներին նվերներ գնելու համար աշակերտներից տարբեր չափի գումարներ են հավաքվում, Սուսաննա Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ քայլեր են ձեռնարկում դպրոցներում դրամահավաքությունը բացառելու համար: ¦Մի քանի օր առաջ դպրոցի տնօրենների խորհրդի նիստ էր, որին ներկա էր նաեւ մարզպետը: Բոլոր տնօրեններին հրահանգվել է, որ գումար հավաքելու դեպքեր չլինեն, ինչպես նաեւ արգելել ենք ցանկացած քեֆի, խնջույքի անցկացումը: Դպրոցներում բացի բեմական միջոցառումներից, այլ բան չի լինելու§,-պատասխանեց կրթության բաժնի պետը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել