HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որդին մեղադրվում է մորը խոշտանգելու եւ սպանության փորձ կատարելու մեջ

ՀՀ ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական բաժնում ավարտվել է որդու կողմից մորը խոշտանգելու եւ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Հակոբյանը հոր մահից հետո` 2002 թվականից, զբաղվել է հարբեցողությամբ, ձեռք բերել ալկոհոլից կախվածություն եւ տեւական ժամանակ բռնություն գործադրել մոր` Ս. Թաթարյանի նկատմամբ: Նա պարբերաբար ծեծել է, հայհոյել, նվաստացրել մորը` իր դիտավորյալ գործողություններով մարմնական եւ հոգեկան տառապանքներ պատճառելով նրան: 2010թ. հունվարի 4-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Ա. Հակոբյանը մորից պահանջել է, որպեսզի վերջինս անձամբ բերի աստիճանը` պարտադրելով նրան գլուխն անցկացնել իր կողմից նախապես պատրաստված եւ բակի թարմայից կախված օղի միջով: Այնուհետեւ նա աստիճանը մի կողմ է հրել` այդկերպ փորձելով ապօրինաբար կյանքից զրկել Ս. Թաթարյանին: Սակայն աստիճանը մի կողմ հրելուց հետո Ս. Թաթարյանի ոտքերը մնացել են օդում, նա կորցրել է գիտակցությունը, սակայն օղի լայն լինելու պատճառով Ս. Թաթարյանի գլուխը դուրս է եկել օղից, ու նա ընկել է գետնին: Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Ա. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, քրեական գործն ուղարկվել է Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter