HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Երկու սրճարան` մեկ այգում

Սրճարան 1. Անհայտ սեփականատերը Ազգային գրադարանի եւ Ագրարային համալսարանի միջնամասում գտնվող Ուսանողական այգում միաժամանակ երկու սրճարանի վերակառուցում է ընթանում: Մեկը` Վիկտոր Համբարձումյանի արձանի անմիջական հարեւանությամբ գտնվող «Էլեգանտ»-ն է, մյուսը` Տերյան 74 հասցեի «Յոլկի-Պալկի» սրճարանն է: Կառուցապատողները տարբեր են: Տերյան 74 հասցեում շինարություն է իրականացնում «Արմեն» ՍՊԸ-ն, որի տնօրեն Արման Սարգսյանը 2009 թվականին դիմել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին` խնդրելով երկարացնել 10.03.2003 թվականին կնքված վարձակալության պայմանագրի ժամկետը: Քաղաքապետի որոշմամբ` պայմանագրի ժամկետը երկարացվել է մինչեւ 2011 թվականի դեկտեմբերի 31-ը: Մայիսի 10-ին Երևանի քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությանը գրավոր հարցում էինք ուղարկել, որով նաև խնդրել էինք տրամադրել քաղաքապետի այն որոշումները, համաձայն որի` նշված տարածքում թույլ է տրվել կատարել շինարարական աշխատանքներ: Լրատվության վարչության պետ Անժելա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեր հարցումն ուղարկել են քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչություն: Այս վարչության հեռախոսահամարով կատարած մեր զանգերն անպատասխան են մնում: Քաղաքապետարանը չի գաղտնազերծում երկու սրճարանի հետ կապված բոլոր փաստաթղթերը, ինչը կասկածների տեղիք է տալիս, մամուլում տեղեկություններ են հայտնվել, թե սրճարանը վերակառուցում է ռազմական ոստիկանության պետ Վովա Գասպարյանը: Իսկ քաղաքացիներն օրեր շարունակ զանգվածային սոտրագրահավաք են սկսել վերակառուցվող սրճարանների դեմ, արդեն հավաքվել է մոտ 13 հազար ստորագրություն: Մենք կարողացանք գտնել փաստաթղթեր, որտեղ նշված է, որ «Արմեն» ՍՊԸ-ն վարձակալում է 1248 քմ հողամաս, իսկ սրճարանի մակերեսը նշված է 62.9 քմ: Մեզ հաջողվեց նաեւ գտնել «Արմեն» ՍՊԸ-ի հասցեն: Այցելեցինք նշված հասցեով, որտեղ բնակվող տղամարդն ասաց, թե ինքը սրճարանը եւ «Արմեն» ՍՊԸ-ն գնել է արդեն նախկին տնօրեն Արման Սարգսյանից: Որպես սրճարանի սեփականատեր ներկայացած տղամարդը չհայտնեց իր անունը, թեեւ պատասխանեց մեր որոշ հարցերին: «Մեր սարքածը նախկին «Յոլկի-Պալկի» սրճարանի տարածքն է, ոչ մի սանտիմետր ավելի: Ուղղակի` ստորգետնյա հարկ է լինելու»,- վստահեցրեց նա: Իր անունը համառորեն գաղտնի պահող տղամարդը նշեց, որ ինչ-որ մարդիկ հետաքրքրված են այդ տարածքով. «Լիքը մարդիկ մեզնից ուզում են առնեն էդ տարածքը, հիմա եթե մենք սառեցնենք շինարարությունը, մի երկու տարի հետո մի օլիգարխ էդ կվերցնի ու մի ամսում կսարքի, տեսնեմ` ո՞վ է ստորագրություն հավաքելու, ինչքան ուզում են գրեն, ոչ մեկ բանի տեղ չի դնի»: Սրճարանի տերն ասաց, թե ինքը չի կարող նախկին տեսքի բերել տարածքը, որովհետեւ արդեն բավականին գումար է ծախսել շինարարական աշխատանքների համար: Նա ցույց չտվեց որեւէ փաստաթուղթ` խոստանալով եւս մեկ անգամ հանդիպել մեզ: Երեկ կեսօրին սրճարանի տերը զանգահարեց եւ ասաց, թե ինքը «քաղաքից դուրս է գտնվում եւ թղթերը թողել է «պրարաբի» մոտ»: Այսօր հանդիպեցինք շինարարությունն իրականացնող «Ֆիլիշին» ընկերության շինղեկ Հարություն Հարությունյանին, ով ասաց, թե «Արմեն» ՍՊԸ-ի տնօրենը իրեն փաստաթուղթ չի տվել եւ չի տեղեկացրել, որ լրագրող պետք է այցելի իրեն: Հարություն Հարությունյանը եւս մեզ որեւէ փաստաթուղթ ցույց չտվեց, փոխարենը վստահեցրեց, որ իրենք որեւէ ծառ չեն հատել եւ որ իրենց փորածը չի կարող որեւէ վնաս հացնել հարեւանությամբ գտնվող Ազգային գրադարանի շենքին: Սրճարան 2. Տնօրենը վստահեցնում է, թե իշխանավորների հետ կապ չունի Ուսանողական այգու Աբովյան փողոցի հատվածում «Էլեգեանտ» սրճարանը վերակառուցում է «Էլեգանտ-5» ՍՊԸ-ն, որի տնօրեն Կարեն Բեժանյանը «Հետքին» տված հարցազրույցում ասաց, թե այդ սրճարանը 1996 թվականից իրեն է պատկանել, եւ հիմա ինքը որոշել է այն բարեկարգել. «Շատ հին էր, սեղան-աթոռները, բետոնը, մարդիկ նստում էին, ջուր էր կաթում վերեւից: Դա նույն սրճարանն է, դեռ մի բան էլ փոքրացրել ենք, որ Վիկտոր Համբարձումյանի արձանի դիմացը բաց լինի, ամեն կողմից 3 մետր հետ ենք տվել»: Սրճարանը բաղկացած է իրարից անջատ երկու հատվածներից` յուրաքանչյուրը 77 քմ մակերեսով: Իսկ «Էլեգանտ-5» ՍՊԸ-ն ընդհանուր առմամբ այգու տարածքում վարձակալում է 480 քմ հողատարածք: ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Բեժանյանի հետ երեկ եւս մեկ անգամ այցելեցինք վերակառուցվող սրճարանների տարածք: Նախորդ սրճարանի համեմատ, իսկապես, երկու կողմերից սրճարանի չափսերը փոքրացել են: Տնօրենը վստահեցնում է, որ ներկայումս կառուցված 4.3 մետր բարձրությամբ (հատակագծով հաստատված) երկու շինությունների լայնությունն ու բարձրությունը չի ավելացվելու: «Որ զաբոռները քաշել էինք, մարդիկ մտածում էին, թե մեծ շենք ենք սարքում, բայց հիմա բացել ենք, կարող եք տեսնել, որ փոքր սրճարան է»,- ասում է Կարեն Բեժանյանը: Նրա խոսքով` սրճարանն իրեն է պատկանում, եւ ինքը որեւէ կապ չունի Վովա Գասպարյանի հետ, ում անունը շրջանառվում է որպես սրճարանի տեր: «Ես սովորական քաղաքացի եմ, ոչ մի իշխանավորի հետ կապ չունեմ»: Կարեն Բեժանյանին հարցրինք, թե արդյոք ինքը պատրաստ է հրաժարվել սրճարանը վերակառուցելուց, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ դեմ են դրան. «Ջահելները սաղ աշխարհի վրա բողոքում են, 10 հազար չի ուզում, 200 հազար ուզում ա, հիմա ես էլ ընկնեմ ստորագրություն հավաքե՞մ, որ մարդիկ ուզում են»,- այպես արձագանքեց սրճարանի սեփականատերը: Նա վստահեցնում է, թե ինքը 1996 թվականից պահպանել է Ուսանողական այգին. «Ես ստեղ մարզվում եմ, կանաչների մեջ քնում եմ, չեմ թողում, որ ստեղ զուգարան սարքեն, ծառեր եմ տնկում: Ոչ մի ծառ ես չեմ կտրել»: «Էլեգանտ» սրճարանի շինարարությունը նախատեսված է ավարտել սեպտեմբեր ամսին, սակայն Կարեն Բեժանյանը հույս ունի, որ ավելի շուտ հնարավոր կլինի ավարտին հասցնել վերակառուցումը: Հ.Գ. Չնայած սեփականատերերի հավաստիացումներին, թե իրենց սրճարանները որեւէ կերպ չեն խանգարելու բնությանը, «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամներն անցնում են առավել ակտիվ քայլերի, վաղը, ժամը 13:00-ին տեղի կունենա Ուսանողական այգու պաշտպանության առաջին միջոցառումը: Կանաչ զգեստով «լուռ ակցիայի» մասնակիցները ձեռք ձեռքի տված, հակագազերով կկանգնեն Աբովյան փողոցի կողմից շինհրապարակի հարեւանությամբ: Նրանց վրա թելերով կախված կլինեն պաստառներ «STOP» գրառումով: «Ձեռք ձեռքի տված կկանգնե՛նք կողք կողքի` պաշտպանելով բնությունը: Մեր լռությամբ կդիմադրե՛նք... Մեր միասնությամբ ցույց կտանք մեր կամքը...»,- նշված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter