
Ավելի անհեթեթ միտք, քան արտահայտեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեվլութ Չավուշօղլուն` Ծիծեռնակաբերդ չայցելելու իր որոշումը պատճառաբանելիս, դժվար է գտնել: Պարզվում է, փաստորեն, որ ԵԽԽՎ սույն նախագահը տարբեր երկրներ իր այցելություններից առաջ մանրամասն ուսումնասիրում է Վեհաժողովի կանոնակարգը` փորձելով հասկանալ`տվյալ երկրում «այս կամ այն վայրն» այցելելու մասին դրույթ կա՞, թե՞ ոչ: Եվ քանի որ ԵԽԽՎ կանոնակարգում նման անհեթեթություն չի կարող լինել, Չավուշօղլուն ոչ մի տեղ չի կարող կամ պարտավոր չէ այցելել: Դժվար է ասել` այսպիսի տավտոլոգիաներ հեղինակելն ընդհանրապես հատու՞կ է Չավուշօղլուին, թե՞ ոչ, սակայն նման պահվածքը մեզ համար, որպես Եվրոպայի խորհրդին անդամակցող երկրի քաղաքացիներ, վիրավորական է:
Նախ`«այս կամ այն վայր» այցելելու հետ կապված հարցերը կարգավորվում են ոչ թե որևէ կառույցի գործողությունն ապահովող կանոնակարգերով, այլ ընդամենը դիվանագիտական խողովակներով` պայմանավորված ընդունող երկրի կողմից առաջադրվող արարողակարգային պարտադիր ատրիբուտներն ընդունելու կամ չընդունելու իրողությամբ: Իսկ այդ ատրիբուտները սահմանվում են ոչ թե ինչ-որ մեկի քմահաճույքով, այլ նաև երկրի ու պետականության արժանապատվությունը, տվյալ ժողովրդի նկատմամբ հարգանքն ընդգծելու համար:
Մոտ մեկ ամիս առաջ Չավուշօղլուն գտնվում էր Ադրբեջանում: Բաքու ոտք դնելուց անմիջապես հետո նա, ըստ արարողակարգի, այցելեց Շեհիդների ծառուղի: Հավանաբար ԵԽԽՎ կանոնակարգում գտել էր այդ վայրն այցելելու թույլտվություն տվող դրույթը, դրա համար էլ ԵԽԽՎ նախագահը Երևանում դեմքի ամենայն լրջությամբ հայտարարեց. «Որպես Խորհրդարանական վեհաժողովի նախագահ պետք է ասեմ, որ բոլոր 47 երկրները հավասար են Վեհաժողովում և պետք է հավասար վերաբերմունքի արժանանան»:
Եթե խոսքը վերաբերեր Թուրքիայի Մեջլիսի պատվիրակության ղեկավարի կամ պատգամավորի թեկուզ պաշտոնական այցին, Չավուշօղլուին, որպես Թուրքիայի պաշտոնական ներկայացուցչի, էթնիկական խտրականության հենքի վրա երկակի ստանդարտնելով առաջնորդվելու մեջ մեղադրելու խնդիր ընդհանրապես չէր առաջանա: Այստեղ ազգայնականությունը բացարձակապես որևէ կապ չունի: Խոսքն ընդամենը մեկ բանի մասին է. միջազգային կազմակերպության ղեկավարի կողմից այդ կազմակերպության անդամ երկրի և նրա ժողովրդի նկատմամբ տարրական հարգանքի դրսևորման:
Իրողությունն այսքան վիրավորական գուցե չլիներ, եթե խոսքը չվերաբերեր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին: Մի կառույցի, որը երկու անգամ ընդունել է Հայոց Ցեղասպանության փաստը: 1998 թ. ԵԽԽՎ-ն ընդունել է No. 275 հռչակագիրը «1915 թ. Հայոց Ցեղասպանությունը հիշատակելու» մասին: Իսկ դրանից երեք տարի անց, այսինքն` 2001 թ., այն նույն թվականին, երբ Հայաստանն անդամակցեց Եվրոպայի խորհրդին, այս կառույցի Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց նաև No.320 բանաձևը, որն ուղղակի կոչվում էր «Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին»: Հետևաբար, Չավուշօղլուն Հայաստանում «այդ վայրն» այցելելու համար պետք է քրքրեր ոչ թե ԵԽԽՎ կանոնակարգը, այլ ընդունված հռչակագրերն ու բանաձևերը: Այս փաստը հուշում է, որ կամ ԵԽԽՎ նախագահը տեղյակ չէ իր ղեկավարած կառույցի ընդունած որոշումներից, կամ ձև է անում, թե տեղյակ չէ:
Սակայն սա հարցի միայն մեկ կողմն է: Միայն Ցեղասպանության հուշահամալիր չայցելելու համար Հայաստան կատարելիք այցի մակարդակը պաշտոնականից իջեցնելով աշխատանքայինի` Չավուշօղլուն, որպես ԵԽԽՎ նախագահ, սոսկ Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ իր արհամարհանքը չէ, որ ցուցադրեց: Դրանով նա առաջին հերթին արհամարհեց իր իսկ գլխավորած կառույցի` Խորհրդարանական վեհաժողովի ընդունած փաստաթղթերը, որոնք նրան բացարձակապես ազատում էին իբրև թուրք պաշտոնյա հանդես գալու որևէ կապանքից: Եվ հիմա Վեհաժողովի պատվիրակություններն իրենց լրջորեն հարց պիտի տան` այդ անձն ընտրվել է Վեհաժողովը ներկայացնելու՞, նրա անունից հանդես գալու՞, թե՞ այն իր երկրի քարոզչական ու դիվանագիտական նախապատվություններին ծառայեցնելու համար:
Հասկանալի է, իհարկե, որ մեծ հաշվով այդ պատվիրակություններին բացարձակապես չի հետաքրքրելու` Չավուշօղլուն ինչով կամ ինչպես է հիմնավորում իր այս կամ այն որոշումը: Տվյալ դեպքում դա հետաքրքրում է մեզ` սեփական դիրքերը պաշտպանելու տեսանկյունից: Եվ այստեղ հարց է առաջանում` ինչու՞ է Հայաստանը գնում Չավուշօղլուի փաստացի նախապայմանի բավարարմանը, եթե վերջինս, իբրև Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, արարողակարգը խախտելու որևէ տրամաբանական բացատրություն չէր կարող ունենալ, եթե առկա էին Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին երկու հռչակագրերը: Նման պայմանի առաջադրման պարագայում պաշտոնական Երևանը բոլոր հիմքերն ուներ կամ ընդհանրապես չեղյալ հայտարարելու Չավուշօղլուի այցը, կամ բոյկոտելու նախատեսված բոլոր աշխատանքային հանդիպումները: Ի վերջո, այս այցը որևէ էական նշանակություն չուներ ո'չ Չավուշօղլուի և ո'չ էլ Հայաստանի համար: Եթե հայկական կողմը նման փոփոխություն կատարում է, որպեսզի առիթ ստեղծի Չավուշօղլուին բողոքելու ԼՂ հարցով հանձնաժողովի վերագործարկման փորձերի համար, ապա դա շատ հանգիստ կարող էր անել նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը: Ի վերջո, ակնհայտ է, որ այս այցի արդյունքում ԵԽԽՎ գործող նախագահը չի հրաժարվելու ԼՂ հարցով ԵԽԽՎ հանձնաժողովի վերակենդանացման և այն ղեկավարելու մտադրությունից, իսկ Հայաստանը չի կարողանալու խոչընդոտել, որովհետև, միևնույն է, 2005 թ. ընդունված 1416 բանաձևից փախչել չի կարողանալու: Այսինքն` ստացվեց այնպես, որ Չավուշօղլուն Հայաստան ժամանեց, որպեսզի տպավորություն ստեղծի, թե նաև հաշվի է առնում Հայաստանի մոտեցումն այդ հանձնաժողովի ստեղծման հարցում, որպեսզի լինելով ժողովրդավարական արժեքների տեսանկյունից գուցե ավելի վատթար վիճակում գտնվող երկիր` բոլորիս «լուսավորի», թե տարածաշրջանում ամենախնդրահարույց երկիրը Հայաստանն է: Իսկ Հայաստանը նրան ընդունեց, որովհետև չէր կարող չընդունել: Եվ հարց է առաջանում` ումի՞ց ավելի շատ վիրավորվել` Չավուշօղլուի՞ց, թե՞ նրան ընդունող սեփական երկրի իշխանությունից…
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել