HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի մոտ 200 գյուղերում խմելու ջրի մատակարարման խնդիրներ կան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի 19-րդ նիստը Կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի հերթական` 19-րդ նիստը: Նիստը սկսվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ եւ տերունական աղոթքով: Այնուհետ, հոգաբարձուների խորհրդի կազմում միաձայն հաստատվեց նոր անդամ Բրազիլիայից` տիկին Տիրուհի Պուրմայանը` հայազգի հայտնի բարերար Վարուժան Պուրմայանի այրին: Հաշվետու ֆիլմի ցուցադրությանը հաջորդեց օրակարգով նախատեսված հարցերի քննարկում: 2009-ին կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ կառույցի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, մասնավորապես կարեւորելով հիմնադրամի աշխարհագրության ընդլայնումը, այդ թվում Սիրիայում եւ Հունաստանում նոր տեղական մարմինների հիմնումը, ինչպես նաեւ Կիպրոսի տեղական մարմնի վերաբացումը: Զեկույցում անդրադարձ եղավ նաեւ նոր դրամահավաք մեխանիզմներին, որոնց շնորհիվ 2009-ին արձանագրվեց նվիրատուների թվի կտրուկ աճ: Մասնակիցներին ներկայացվեցին նախորդ տարվա գործունեությունն ամբողջացնող ֆինանսական հաշվետվությունը, աուդիտի եզրակացությունը: Վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունն ներկայացրեց Վահէ Ճազմատարեանը, ով նշանակալի առաջընթաց արձանագրեց Հիմնադրամի իրագործած շինարարական աշխատանքների որակի բարձրացման եւ ֆինանսական ռեսուրսների առավել նպատակային օգտագործման առնչությամբ: Ընդունված կարգի համաձայն` խորհուրդը նաեւ քննարկեց եւ  հաստատեց 2010-ի ռազմավարական ծրագիրը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն առաջարկեց 2010 թվականի դրամահավաքից Արցախին հատկացվելիք գումարներն ուղղել  ջրամատակարարման համակարգի կառուցմանն ու նորոգմանը: Խորհուրդը միաձայն հավանություն տվեց այս առաջարկին, ինչպես նաեւ որոշեց շարունակել գյուղերի զարգացման ծրագիրը Հայաստանում: Քննարկվեցին նոյեմբերի 25-ին կայանալիք Հեռուստամարաթոն 2010-ի վերաբերյալ մի շարք ներկազմակերպական հարցեր: «Ջրամատակարարման խնդիրն Արցախի համար թերեւս Ճանապարհաշինության խնդրից պակաս կարեւոր չէ: Եթե համայն հայության համախմբման շնորհիվ` Գորիս-Ստեփանակերտ եւ Հյուսիս-Հարավ լայնածավալ ծրագրերով գլխավորապես լուծվեց ճանապարհի խնդիրը, այսօր Արցախը նմանատիպ համախմբման կարիք է զգում նաեւ ջրամատակարարման խնդրի շուրջ: Արցախում ջրի խնդրի համալիր լուծումը կլինի Շուշիում ներկայումս ընթացող ջրամատակարարման ներքին ցանցի հիմնանորոգման ծրագրի տրամաբանական շարունակությունը»,- մեկնաբանեց Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Նշվեց, որ Արցախի 323 գյուղերից մոտ 200-ում խմելու ջրի մատակարարման խնդիրներ կան եւ միայն Ստեփանակերտում ջրամատակարարման հարցը հիմնովին լուծելու համար կպահանջվի առնվազն 6,5 միլիարդ դրամ: Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ, հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Թերզյանն առաջարկեց Հիմնադրամի անցած ուղին խորքային վերլուծության ենթարկել եւ ըստ այդմ պլանավորել հետագա անելիքները: Նախագահի որոշմամբ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը վերլոււծական զեկույց կներկայացնի հոգաբարձուների խորհրդի հաջորդ` հոբելյանական նիստին, որը կկայանա 2011-ի մայիսին: Խորհրդանշական է, որ 1992 թվականի ճիշտ այս օրը` մայիսի 14-ին, կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի անդրանիկ նիստը: Այս մասին հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter