Նոր ձեռնարկ ուրանի հանքերի դեմ
Սյունիքի մարզում ուրանի հանքավայր կառուցելու եւ ուրան շահագործելու մտադրության մասին լուրը մոտ մեկ տարի առաջ բավական խուճապ առաջացրեց մարզում: Մանսագետները պնդում էին, որ դա ոչ միայն Սյունիքի, այլեւ փոքրիկ Հայաստանի համար կարող է կործանարար դառնալ:

Սա արդեն Թեղուտ չէ, որ ծառերի հատումից վախենանք, սա էկոլոգիական տոտալ աղետի պատչառ կարող է դառնալ: Սյունիքի մարզի հասարակական կազմակերպությունները ստորագրահավաք են սկսել այս առիթով եւ կոչ են անում մյուս մարզերի բնակիչներին` միանալ իրենց ակցիային:
Քոչարյանի կառավարությունը
Երեկ իշխանական շրջանակներում` հատկապես ուժային մարմիններում, քննարկում էին տարածված տեղեկություններն այն մասին, որ երկար քննարկումներից հետո ի վերջո Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառու Ռոբերտ Քոչարյանը իշխանական որոշ օղակներին է ներկայացրել իր կողմից կազմված կառավարության կազմը` խնդրելով այն փոխանցել Սերժ Սարգսյանին:
Ըստ Քոչարյանի պլանի` Սերժ Սարգսյանը նախագահի աթոռին հրաժեշտ տալու երկու ճանապարհ ունի. արտահերթ ընտրություններով` նախագահի աթոռը զիջելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, կա էլ հերթական ընտրությունների գնա, բայց մինչ այդ պետք է կառավարության կազմը փոխի` համալրելով Քոչարյանի կողմից սիրելի մարդկանց:
Ըստ այդմ` Սերժ Սարգսյանը Քոչարյանի ճնշման ներքո պետք է ՀՀ վարչապետին նշանակի հենց Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում` Սամվել Բաբայանին, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ` ՀՀ ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանին: Համապատասխանաբար նախարարներ կնշանակվեն Կարեն Ճշմարիտյանը, Վարդան Խաչատրյանը, Վարդան Այվազյանը, Դավիթ Հարությունյանը, Վարդան Օսկանյանը` հնարավոր է ոչ արտգործ նախարարի պաշտոնում:
Իսկ ինչ վերաբերում է քաղաքական վերադասավորությանը, ապա ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն Քոչարյանի կառավարությունում եւս արժանավոր տեղ չունեն, մի քանի տոկոս ընդամենը: Վերջում նշենք, որ այս ամենը չկատարելու դեպքում, ըստ իշխանական աղբյուրների, Քոչարյանը սպառնում է Սերժ Սարգսյանին հեղաշրջում իրականացնել` օգտագործելով իր ունեցած բոլոր ռեսուրսները` ֆինանսականից մինչեւ ուժային: Տեսնենք, թե ինչով կավարտվի Քոչարյան-Սերժ հակամարտությունը:
Քրեական գործը չբացահայտեց ամբողջ ճշմարտությունը
«Նաիրիտի» վթարից մեկ տարի անց
«Նաիրիտում» նախորդ տարում մայիսի 14-ին տեղի ունեցած վթարը (երեք պայթյուն եւ խոշոր հրդեհ) ընդամենը 3-4 տարում արդեն 3-րդն էր: Երեւանում բնակվում է մեր երկրի բնակչության մոտ կեսը, իսկ «Նաիրիտը» հենց մայրաքաղաքում է: Թվում է, թե վերը նշված փաստերը համապատասխան պաշտոնյաների «Նաիրիտ գործարան» ընկերությանը եւ պետական պատկան մարմիններին կսթափեցնեին: Ավաղ... Եւ ընկերությունը, եւ վթարի փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացրած Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը այդպես էլ չհրապարակեցին, թաքցրին բուն մեղավորների անունները եւ կատարվածի պատճառները:
Ավելին չի հաջողվել
Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է վիրավորանքն ու զրպարտությունը ապաքրեականացնող օրինագծի լրամշակված տարբերակը: Ըստ դրա` ԶԼՄ-ները պատասխանատվության չեն ենթարկվելու, եթե փոխանցեն այլոց վիրավորանքն ու զրպարտությունը կամ դրա հետ կապված գնահատողական դատողություններ անեն:
Հանվել է տուգանքների` նվազագույն աշխատավարձի 250-ապատիկի եւ 500-ապատիկի չափը եւ սահմանվել է միայն առավելագույն շեմը: Տուգանքի չափը, սակայն, նորից դատարանն է որոշելու: «Մեզ ավելին անել չհաջողվեց»,- թերթի թղթակցին ասել է
օրինագծի լրամշակմանը մասնակցած փորձագետ Մեսրոպ Հարությունյանը:
Բաքուն համառում է պնդել, թե Երեւանը չի ընդունում բանակցային ներկա փաստաթուղթը
Բաքուն բացասական է գնահատում Երեւանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Երեկ այսպիսի հայտարարություն է արել իր չեխ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ըստ Մամեդյարովի` «արդեն ներկայացվել է 3 համանախագահող երկրների պատրաստած փաստաթուղթ»:
Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքերով` «երկու տարում գրեթե ամեն ամիս համանախագահները եկել են տարածաշրջան, կայացել է նախագահների ինը հանդիպում, եւ այս փաստաթուղթը օդից չի հայտնվել»:
Ավելին` այդ փաստաթուղթը, Մամեդյարովի ներկայացմամբ, ընդունելի է Ադրբեջանի համար: «Մենք պատրաստ ենք այս փաստաթղթի հիմքով անցնել խաղաղ լայն համաձայնագրի մշակմանը: Ցավոք, մինչ այժմ հայկական կողմը հստակորեն չի արտահայտել իր դիրքորոշումն այս առնչությամբ» եւ ավելացրել, որ այդ պատճառով էլ գործընթացը ձգձգվում են:
Գիզիրյանը` Շիրակի մարզպե՞տ
Լիդա Նանյանին հարկադրեցին հրաժարական տալ
Նախորդ օրը Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել կառավարությանը: Մարզպետարանի աղբյուրների փոխանցմամբ` երեկ մարզպետը «բարի լույսի» փոխարեն այս լուրն է հաղորդել` ասելով. «Հաջորդ շաբաթվանից սպասեք նոր մարզպետին»:
Թե ո՞րն է մարզի ղեկավարին պաշտոնանկ անելու պատճառը, թերթի աղբյուրները թեեւ մի քանի վարկածներ են թվարկում, սակայն դրանցից ամենահավանականն այն է, որ ԱԺ ընտրություններից առաջ լուրջ նախապատրաստական աշխատանքներ են անհրաժեշտ, իսկ կին-մարզպետը չի կարող կառավարել քաղաքական իրավիճակը:
«Բարգավաճը» սկսել է գրոհել մարզը, քիչ թե շատ հայտնի մարդիկ համալրում են այս կուսակցության շարքերը, մյուս կողմից էլ ՕԵԿ-ն է սկսել իր խաղերը: Թերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` օրերս մարզի 18 գյուղապետեր դարձել են ՕԵԿ-ականներ, իսկ այս ամենը, բնականաբար, ձեռք չի տալիս Հանրապետական կուսակցությանը:
Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի` այս պաշտոնի ամենառեալ հավակնորդն է կալանավայրերի վարչության ներկայիս պետ Աշոտ Գիզիրյանը:
Առգրավել են
Երեկ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության գրասենյակ էր այցելել ԴԱՀԿ Շիրակի մարզային բաժնի աշխատակիցները` կատարելու ՀՀ վարչական դատարանի կողմից մայիսի 5-ին տրված կատարողական թերթի պահանջը: Ըստ այդմ` ԴԱՀԿ աշխատակիցները առգրավել են 822 հազար 200 դրամ գումար:
Հիշեցնենք, որ հեռուստաընկերությունը տուգանվել էր` իբր շահութահարկ չվճարելու համար: Երեկ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «ԴԱՀԿ ծառայությունը տվյալ դեպքում դուրս է եկել կատարողական թերթի պահանջի շրջանակներից, քանի որ արգելանք դնելուց բացի` ամբողջությամբ բռնագանձել է գումարը, ինչի իրավունքը չունի:
Առգրավված գումարը սեփականության իրավունք է, եւ դրանից զրկելու իրավունքը պատկանում է միայն դատարանին»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել