HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գյուղացին այլընտրանք չունենալով է բարձր տոկոսադրույքով վարկեր վերցնում

Քանի որ այս տարին անբարենպաստ էր գյուղատնտեսության համար, իսկ շատ գյուղացիական տնտեսություններ բանկերից եւ վարկային կազմակերպություններից վարկերը վերցրել են տարվա սպասվելիք բերքի հույսով, Շիրակի մարզպետ Լիդա Նանյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ վիճակում են գտնվում Շիրակի մարզի գյուղացիական տնտեսությունները եւ արդյոք կկարողանա՞ն մարել վարկերը: Շիրակի մարզում գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով վարկ վերցրած քանի՞ վարկառու քաղաքացի կա եւ հիմնականում ո՞ր բանկի վարկառուներ են: Հնուց ի վեր Շիրակում զբաղվում են հողագործությամբ ու անասնապայությամբ, թեեւ այս տարածաշրջանում բնությունն այնքան էլ բարեհաճ չէ հողագործի հանդեպ: Շիրակը բարձրադիր գոտում է եւ տարերային աղետներն էլ հաճախ են անակնկալներ մատուցում նրանց: Մեր մարզում շուրջ 32 000 գյուղացիական տնտեսություններ կան, որոնք ամենատարբեր խնդիրների են բախվում գյուղմթերքների արտադրության՝ հիմնականում հացահատիկի, կարտոֆիլի, կերային կուլտուրաների մշակության եւ անասնապահության ոլորտներում: Գյուղացիական տնտեսությունները արտադրական գործընթացում ունենում են շրջանառու միջոցների համալրման եւ ներդրումների անհրաժեշտություն: Վերջիններիս ապահովման հիմնական ձեւը վարկավորումն է, որն իրականացվում է առեւտրային բանկերի, միկրովարկավորող ձեռնարկությունների միջոցով: Համայնքներից եւ վարկեր տրամադրող բանկերից ստացված տեղեկությունների համաձայն մարզում ունենք մոտ 7000 վարկառու քաղաքացի, որից շուրջ 4000-ը նախընտրել է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը: Իհարկե, վարկավորմամբ զբաղվում են նաեւ մարզում գործող այլ բանկեր եւս: Ի՞նչ կարծիք ունեք գյուղատնտեսական վարկերի մասին, երբ դրանք տրվում են կարճաժամկետ եւ բարձր` մինչեւ 24% տոկոսադրույքով: Նման վարկերը կարո՞ղ են արդյունավետ լինել գյուղատնտեսության համար: Բնականաբար, բարձր տոկոսադրույքով վարկերը չեն կարող արդյունավետ լինել: Երբեմն գյուղացին ստիպված է գնում այդ քայլին: Որպեսզի վարկը ծառայի իր նպատակին եւ վարկատուն էլ գոհ լինի իր աշխատանքի արդյունքից, բանկերը պետք է ճանապարհներ որոնեն բարձր տոկոսներով գյուղացուն չծանրաբեռնելու, երկարաժամկետ համագործակցության միջոցով գյուղարտադրությունը խթանելու ուղղությամբ: Իհարկե, կան եւ եղել են տարբեր կազմակերպություններ, որոնց նպատակը ոչ թե շահույթ ստանալն է, այլ գյուղաբնակի արտադրական գործունեությունը նոր որակի բարձրացնելը: Օրինակ, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Թրփանջյան «Գյուղական Համայնքների Զարգացման Ծրագրով» անցկացվում է գործարար առաջարկների եւ գործարար ծրագրերի մրցույթ ու տրամադրվում են գյուղատնտեսական վարկեր: «Հայաստանի Փոքր եւ Միջին Ձեռնարկատիրության Զարգացման Ազգային Կենտրոն» հիմնադրամի մարզային մասնաճյուղի կողմից եւս իրականացվել են մի շարք ծրագրեր եւ ցածր տոկոսադրույքներով տրամադրվել են նպատակային վարկեր՝ ձկնաբուծության, թռչնաբուծության, կաթի վերամշակման եւ պանրի արտադրության կազմակերպման համար: Մարզում գոյություն ունեցող վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող կարճաժամկետ եւ բարձր տոկոսադրույքով վարկերը գյուղատնտեսության զարգացման համար նպատակահարմար չեն, քանի որ գյուղատնտեսական վերարտադրությունը տեւում է մինչեւ 12 ամիս: Փաստորեն, գյուղացին շահույթ կարող է ստանալ գումարը ներդնելուց գրեթե մեկ տարի անց միայն: Սակայն, գնալով նման բարձր ռիսկի վարկերից ազգաբնակչությունը օգտվում է` չունենալով այլընտրանք: Ըստ Ձեզ` ի՞նչ պայմաններով պետք է գյուղացուն վարկ տրամադրվի, որպեսզի կարողանա տնտեսությունը զարգացնել: Այդ մասին ավելի լավ կասեր, ինքը՝ գյուղացին: Բնական է, որ երկարաժամկետ եւ արտոնյալ պայմաններով: Արդյունավետ են հատկապես ծրագրային, ցածր տոկոսադրույքներով, միջնաժամկետ եւ երկարաժամկետ վարկավորման ծրագրերը: 2008 թվականից մարզում իրականացվում է «Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն» ծրագիրը: Այն շոշափելի դրամական աջակցություն է տրամադրում այն համայնքների հողագործներին, որունք զբաղվում են հացահատիկի մշակությամբ, սակայն դա բարձր լեռնային ու սահմանամերձ գոտիներում: Այս ոլորտում պետության մասնակցությունը գյուղացիներին զգակի է: Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ. հունիսի 12-ի թիվ 706-Մ որոշմամբ մարզի Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջանների համայնքներն ընդգրկվել են գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկի սուբսիդավորման ծրագրում: Նմանատիպ պետական ծրագրերն անշուշտ, նպաստում են գյուղմթերքների արտադրության զարգացմանը: Ֆինանսատնտեսական ճգնաժամն ի՞նչ հետեւանքներ է ունեցել վարկառու ընտանիքների վրա: Արդյո՞ք արել եք նման ուսումնասիրություն: Այն նույն հետեւանքները, ինչ ողջ հանրապետությունում: Թվում էր, որ ճգնաժամային իրավիճակներում մարդիկ հոգեբանական գործոնների ազդեցության ներք խուսափում են համագործակցել բանկերի հետ: Թեպետ հայաստանյան բանկերը ունեն ճգնաժամի հանդեպ բարձր ամրություն, բայց դա էլ խանգարում է վարկային տոկոսների նվազեցմանը եւ տնտեսության մեջ միջնորդական գործառույթի իրականացման աճին: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում որոշ ընտանիքներ դժվարանում են կատարել բանկերի նկատմամբ վարկային պարտավորությունները, որը պայմանավորված է մթերքների իրացման եւ այլ խնդիրներով: Մյուս կողմից, կապված գարնան դաշտային աշխատանքների իրականացման, պարարտանյութերի, վառելիքի, թունաքիմիկատների ձեռքբերման հետ, ապագա բերքի ճակատագրով մտահոգված մարդիկ կրկին դիմում են բանկերին: Մարզում կա՞ն դատական գործեր, երբ բանկը կամ վարկային կազմակերպությունը դատի է տվել վարկառու գյուղացուն: Եթե այո, ապա քանի՞ դեպք է Ձեզ հայտնի: Մարզում կան դեպքեր, երբ բանկը կամ վարկային կազմակերպությունը դատական գործ էսկսել` կապված վարկերը ժամանակին չմարելու գործընթացի հետ: Քանի որ բանկերը մասնավոր են, ուստի բանկերի եւ վարկառուների միջեւ հարաբերությունները կարգավորվում են գաղտնիության սկզբունքով եւ մեզ հայտնի դեպքերն էլ նշելը նպատակահարմար չէ: Շիրակում բավականին լուրջ հիմնախնդիր է գյուղատնտեսական արտադրության խիստ ռիսկայնությունը: Մարզում հաճախակի տեղի են ունենում բնական աղետներ՝ գարնանային հեղեղումներ, հողմահարություն, ցրտահարություն, երաշտ, կարկտահարություն: Հետեւաբար, կարեւոր է, որ ձեւավորվի ապահովագրական համակարգ եւ արտադրողն էլ օգտվի այդ ծառայությունից: Վերո նշյալ խնդիրների վերաբերյալ պատրաստվու՞մ եք առաջարկությամբ դիմել Կառավարություն: Նշված խնդիրների վերաբերյալ մենք հարցումներ ենք անցկացնում, խնդիրը քննարկում ենք համայնքների ղեկավարների, ֆերմերների հետ: Հարկ եղած դեպքում, կարող ենք ներկայացնել մեր տեսակետները: Բայց խնդիրը համընդհանուր է, եւ բոլոր ատյաններն էլ իրազեկ են այդ մասին: Մնում է, որ պետությունը կարողանա միջոցներ հայթայթել, ծրագրեր իրականացնել եւ թեթեւացնել գյուղացու հոգսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter