HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Գյուղական համայնքներում հարմարեցված կառույցներ են գործում

Լոռու մարզային փորձագիտական կենտրոնի աշխատակիցներն էլ են այն կարծիքին, որ սանիտարահիգիենիկ ծառայությունների դերն ու նշանակությունը ստվերվել է: Դրա ապացույցը չէ՞ այն, որ շինարարական աշխատանք սկսելիս կամ շինության ձևը փոփոխելիս տեխնիկական նախագիծը, որ պետք է ներկայացվի հակահամաճարակային կենտրոնի հանավությանն ու հաստատմանը, սովորաբար չի ներկայացվում, և հաճախ պարզվում է, որ նորակառույց շինությունը չի համապատասխանում սանիտարական նորմերին: «Գնում տեսնում ենք` շինարարությունն ավարտվել ա, և այլևս հնարավոր չի ձևափոխել»,-ասում են սանիտարական ծառայության աշխատակիցները: Կառույցի  տերն սկզբում նախազգուշացվում է, իսկ հանձնարարականը չկատարելու դեպքում` տուգանվում: Տուգանքի չափը կախված է շինարարական սխալի վնասարարության աստիճանից: Իսկ նախագիծը նախապես ներկայացվելու դեպքում սխալը շտկվում է, և ճիշտ ուղղություն տրվում: Նախկինում հասարակական նշանակության վայրերում  հակահամաճարակային կենտրոնի կողմից իրականացվող ստուգայցերի քանակական  սահմանափակություն չկար, իսկ այժմ օրենքով սահմանված է տարեկան մեկ ստուգում: Գյուղական համայնքներում դա էլ չկա: Սրանով է ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ համաճարակային տեսչության Լոռու մարզային փորձագիտական կենտրոնի տնօրեն Կարինե Միրզոյանը պատճառաբանում իր անտեղյակությունն այն բանից, որ մարզում համալիր (հարմարեցված) շինություն կա, որի շինարարության վերաբերյալ տեխնիկական նախագիծ չի ներկայացվել: «Այնտեղ չեմ եղել, չեմ նայել»,-ասում է: Հակահամաճարակային կենտրոնի աշխատակցուհին հաստատում  է, որ պահանջել են համայնքապետից տեխնիկական նախագիծ, վերջինս խոստացել է ներկայացնել, բայց այն մինչ օրս ներկայացված չէ: Խոսքը Լոռու մարզի Դարպաս գյուղի նորակառույց  մանկապարտեզի մասին է, որի շենքի  շինարարությունը կատարվել է հակահամաճարակային  կենտրոնի հետ չհամաձայնեցված նախագծով: Սանիտարական չափանիշներով անթույլատրելի է երեխաների դաստիարակությունը գյուղապետարանի աշխատակիցների հետ միևնույն հարկի տակ: Բայց այս շինության մեջ կողք կողքի են գործելու մանկապարտեզն ու գյուղապետարանը, քանի որ վերջինս սեփական շինություն չունի և տնակներում է տեղակայված: Կ. Միրզոյանը սանիտարական նորմերի խախտում է համարում նախադպրոցական, մանկական հիմնարկների գոյությունն այլ հիմնարկների հարևանությամբ: «Հարմարեցված  շինություններ են, մինիմալից ցածր պահանջներ  են իրականացնում»,-ասում է: Հարմարեցված շինության մեջ գործող մի նախադպրոցական  հիմնարկ էլ Մարգահովտում կար, այժմ այն տեղափոխվել է: «Լավ  օրից չէ, որ գործում  են նման կառույցներ,-ասում է Կ. Միրզոյանն ու շարունակում,-դա էլ փակենք, կանգնե՞նք մի կողմ, ի՞նչ անենք»: Հեռավոր, սահմանային բնակավայրերում հարմարեցված  շինություններն ավելի մեծ թվով կառույցներ են ընդգրկում: Օրինակ` Տավուշի մարզի Ներքին կարմիրաղբյուր գյուղի մանկապարտեզը մի համակենտրոն շինություն է, որի ծածկի տակ են տեղավորված առանցքային նշանակության մի քանի կառույցներ` գյուղապետարանը, առողջության առաջնային պահպանման կենտրոնը, մանկապարտեզը, գրադարանը: Նախկինում համայնքապետարանը փոստային բաժանմունքում էր գործում: Բաժանմունքի սեփականաշնորհումից հետո համայնքի վարչակազմին առաջարկվեց նոր ապաստարան փնտրել: Եվ 2001-ին գյուղապետարանը տեղափոխվեց մանկապարտեզի շենք (սա էլ գյուղի նախկին դպրոցն է): Ավելի ուշ շինության ձախ թևում ավելացվեց նոր մասնաշենք, որի երկրորդ հարկը հատկացվեց առողջության առաջնային պահպանման կենտրոնին (նախքան այդ այն հենց մանկապարտեզի ներսում էր գործում` մանկապարտեզի սենյակներից մեկում): ԱԱՊԿ-ի ութ բուժաշխատողներ, որոնցից միայն մեկն է բժիշկ` թերապևտ մասնագիտացմամբ (ընտանեկան բժիշկ եմ` հատուկ ընդգծեց), սպասարկում են 1185 բնակիչ ունեցող Ներքին կարմիրաղբյուր գյուղին, ինչպես նաև հարակից Թովուզ և Այգեպար գյուղերի բնակչությանը` ընդհանուր թվով` 3500 բնակչի: Բոլոր ծառայությունները մատուցվում են երկու սենյակներում, որտեղ սպասարկում են և' տարեց, և' մանկահասակ բնակչությանը: Գյուղապետի  հավաստմամբ` 2008-ին սոցներդրումներով պետք է վերականգնվեր համայնքային կենտրոնը:  Տեխնիկական պայմանագիրն արդեն կնքվել էր, բայց քանի որ գյուղացիները հնարավորություն  չունեին ապահովելու ներդրումային գումարի չափը, ուստի` այն չկառուցվեց: Մնում է` սուղ պայմաններում գոյատևող համայնքներում բոլոր կառույցները կենտրոնացվեն մեկ հարկի տակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter