Սողանքների կանխարգելումը մեծ ծախսեր է պահանջում
Վերջերս Լոռու մարզում նկատված առատ տեղումների հետևանքով մարզի սողանքավտանգ որոշ տարածքներում գրանցվել են սողանքներ` նախորդ տարիների համեմատ առավել մեծ ակտիվությամբ: Հարավկովկասյան երկաթուղու Շահալի-Փամբակ երկաթուղային վազորդում սողանքի և փլվածքի հետևանքով կաթվածահար էր եղել երթևեկությունը: Բայց անմիջապես ձեռնարկված վերականգնողական աշխատանքների շնորհիվ այն հաջորդ օրն իսկ վերականգնվել էր:
Երթևեկությունը չխաթարելով` ցերեկվա ընթացքում սահմանված ժամերին դեռ իրականացվում են վերականգնողական աշխատանքներ, որոնք կշարունակվեն ևս մեկ-երկու օր: Փամբակ-Շահալի վազորդում սա սողանքի երկրորդ դեպքն է: Սողանքներ են եղել նաև Նալբանդ, Սպիտակ, Փամբակ կայարաններում, որոնք շտապ վերականգնվել են:
Այրում-Ջաջուռ գծակայարանային միավորման տնօրեն Ռաֆայել Սեղլեյանը հաստատում է երկաթուղուն պատճառված մեծածավալ վնասի մասին` խուսափելով, սակայն, թվերով գնահատել այն:
Ձորագյուղ համայքնում սողանքի և փլուզման հետևանքով փակվել է Ձորագետ-Ձորագյուղ համայնքի հանրապետական նշանակության ավտոճանապարհը:
Այնինչ Վահագնի-Անտառամուտ ավտոճանապարհի մի հատվածում որպես սողանք նկատված երևույթն իրականում հողի տեղաշարժ է, սողանքն, ըստ էության, ավելի մեծ հասկացություն է: Այստեղ ճանապարհի մի հատվածում հողն իջել է` դարձնելով այն դժվարանցանելի:
Սողանք է տեղի ունեցել Շահումյան համայնքում` «Սև աղբյուր» կոչվող հանդամասում` փակելով դեպի 31 հա խոտհարքներն ու 280 հա արոտավայրերը տանող գյուղատնտեսական նշանակության 7 կմ երկարությամբ ճանապարհը:
Մարզային փրկարարական ծառայությունից հայտնում են, որ Շահումյան համայնքում կան նաև այլ սողանքներ, որոնց ակտիվանալու դեպքում վնասներն անկանխատեսելի են:
Միաժամանակ տեղեկացնում են, որ մինչև տեղումների դադարելը ոչ մի աշխատանք չի իրականացվի: Դրանք կարելի է սկսել հողն ամրանալուց հետո միայն, այլապես հողի հավասարակշռությունը կխախտվի, և այն կհոսի ավելի մեծ զանգվածով:
Սողանքների դեմ պայքարելու համար, ըստ մարզային փրկարարական վարչության պետ Հրաչիկ Անտոնյանի, պետք է մշտական վերականգնողական աշխատանքներ տարվեն, հենապատեր, թունելներ, ջրատարներ կառուցվեն: Բայց միաժամանակ ավելացնում է պետական ծառայողի դիրքերից. «Այդ ամենը մեծ ծախսերի հետ է կապված, պետությունը չի կարող ֆինանսավորել»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել