HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Մեզ վտարել են տնից, մենք ինքնակամ չենք ազատել այն»

Ապրիլի 28-ին Դատական ակտերի հարկադիր կատարողները (ԴԱՀԿ) ազատել են Նոր-Արեշ 46 փողոցի 37 հասցեում գտնվող անշարժ գույքը Աննա Փամբուխչյանի, Աղասի եւ Վարդան Համբարձումյանների «ապօրինի տիրապետումից»: Իսկ այդ ազատումը, ինչպես «Հետքին» պատմեց Աղասի Համբարձումյանը, կատարվել է տան դրսի դուռը կոտրելու միջոցով: Մինչդեռ ԴԱՀԿ-ից ստացված գրության մեջ նշված է, թե Փամբուխչյանն ու նրա որդիները «ինքնակամ ազատել են նշված հասցեում գտնվող անշարժ գույքը»: «Բա ոնց, շքախմբով կանգնած նրանց էինք սպասում, որ պատվավոր հանձնեինք տան բանալիները,- հեգնում է Աղասի Համբարձումյանը,- մենք ինքնակամ չենք հանձնել, նրանք օրենքի խախտմամբ են կոտրել տան դուռը»: Աղասիի խոսքով` ԴԱՀԿ աշխատակիցներն իրավունք չունեին իրենց վտարել տնից, քանի որ 1998 թվականին Էրեբունու տարածքի ժողդատարանի կայացրած վճռով ճանաչվել է տան նկատմամբ իրենց բնակտարածության օգտագործման իրավունքը: «Թողնել նրանց բնակվելու նշված տանը պատասխանողի հետ համատեղությամբ»,- գրված է դատարանի վճռում: ԴԱՀԿ-ն տունը ազատել եւ հանձնել է Աղասիի եւ Վարդանի` ԱՄՆ-ում բնակվող հորաքրոջ` Սոնյա Թովմասյանի ներկայացուցչին, քանի որ Սոնյան դիմել էր դատարան` «իր գույքն ապօրինի տնօրինող» եղբոր կնոջն ու որդիներին տանից վտարելու պահանջով: Հարկադիր կատարողները դեռեւս ապրիլի 16-ին էին պատրաստվում ազատել վիճահարույց տունը «ապօրինի տնօրինողներից», սակայն կատարողական գործողություններ չեն կատարվել` «հաշվի առնելով այն փաստը, որ հասցեում կան անձինք, որոնց բնօգտագործման իրավունքը դադարեցված չէ»,- նշված է Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության վերլուծական եւ կազմակերպչական բաժնի պետ Մինասյանի գրավոր պատասխանում: Նույն պատասխանում նաեւ գրված է, որ սույն գործով պահանջատիրոջ ներկայացուցչի կողմից 14.04.2010 թ. ԴԱՀԿ ապահովող ծառայություն է ներկայացվել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի կողմից տրված գրությունը, որի համաձայն` Աղասի եւ Վարդան Համբարձումյանները եւ Աննա Փամբուխչյանը 10.04.2010 թ. հանվել են Նոր-Արեշ 46 փողոցի 37 հասցեի հաշվառումից: «Հարկադիր կատարողները մտել էին մեր տուն, իսկ օպերատիվ բաժնի պետի տեղակալ Գագիկ Հովհաննիսյանն ինձ սպառնում էր, ասում էր` եթե տուն մտնես, վրեդ քրեական գործ կհարուցենք»,- պատմում է Աղասին: Նրա խոսքով` ԴԱՀԿ գործողությունները կատարվել են իրենց թաղային լիազոր Գուրգեն Բաղյանի թույլտվությամբ: Քաղաքացիները պատրաստվում են դատական կարգով պատասխանատվության կանչել բոլոր այն անձանց, որոնց գործողությունների արդյունքում իրենք զրկվեն են տան բնօգտագործման իրավունքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter