HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շահումյանի հանքավայրի բաց շահագործումը բացասաբար կազդի տարածաշրջանի էկոլոգիական վիճակի վրա

Բաց նամակ ՀՀ բնապահպանության նախարար պրն Արամ Հարությունյանին «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունը ցանկանում է Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի բաց շահագործման ծրագիր իրականացնել: Իր ապագա ծրագրերի մասին ընկերությունը մամուլով տեղեկացրել է տեղի բնակչությանը: Մեր կարծիքով Շահումյանի հանքավայրի բաց շահագործումը բացասական հետևանքներ կունենա տարածաշրջանի էկոլոգիական վիճակի վրա: Կապանի էկոլոգիական վիճակը արդեն իսկ վատ է: Դրա մասին են վկայում ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական հետազոտությունները: Ծանր մետաղներով և թունավոր տարրերով աղտոտված են ոչ միայն Կապան համայնքի վարչական տարածքը, այլև այն շրջապատող համայնքները: Նշենք, որ փոշու, գազերի, ճառագայթման, աղտոտված ջրի ու հողի, թափոնների և պոչամբարների տեսքով էկոլոգիական բեռնվածությունը նախևառաջ պայմանավորված է երկու խոշոր լեռնահանքարդյունաբերական ձեռնարկության գործունեությամբ` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, որը բաց եղանակով շահագործում է Քաջարանի հանքավայրը, և «Դինո գոլդ մայնինգ քամփնիի», որը փակ եղանակով շահագործում է Շահումյանի հանքավայրը: Մեր կարծիքով` եթե Շահումյանի հանքավայրը շահագործվի բաց եղանակով, ապա մենք 40 հազար բնակչությամբ քաղաքում կունենանք բաց հանք, որի հասցեն է` քաղաք Կապան, Շահումյան թաղամաս: Մենք կարծում ենք, որ եթե խոսվում է մարդկանց առողջության և կյանքի մասին, ընկերությունը պետք է շատ ծանրակշիռ ապացույցներ ներկայացնի, որ իրեն անհրաժեշտ է անցնել բաց եղանակով հանքանյութի հանքահանման: Եթե մի ընկերություն երկար տարիների ընթացքում Շահումյանի հանքավայրը նախագծային պայմանների խախտումներով է շահագործել, և արդյունքում առաջացել են ստորգետնյա դատարկ տարածություններ, ինչի մասին ասվում է անկախ փորձագետների գնահատականներում, որոնց տիրապետում է ընկերությունը («Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության պատվերով «Georisk» ընկերության հետազոտություններն ու ընկերության նախկին գլխավոր ինժեներ Սամվել Գասպարյանի եզրակացությունները), ապա ինչպե՞ս կարող է բաց եղանակով շահագործման ժամանակ բացառել ռիսկերը` ուղղված մարդկանց առողջությանը, կյանքին և էկոլոգիական անվտանգությանը: Քանի որ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է եվրոպական ընտանիքին անդամակցելու քաղաքականությունը, մենք ուզում ենք հղում անել եվրոպական փորձին, երբ բոլոր նմանատիպ որոշումներն ընդունվում են լայն հասարական քննարկման արդյունքում և դատական համակարգի միջոցով: Ապրիլի 16-ին Բուլղարիայում դատական համակարգի միջոցով լուծում ստացավ «Դինո գոլդ մայնինգ քամփնիի» սեփականատեր, կանադական «Դանդի փռեշս մետալս» ընկերության հարստացման ֆաբրիկայի կառուցման հարցը: Ձեզ ենք ներկայացնում «Ռոյթերս» լրատվական գործակալության տարածած, Բուլղարիայի Գերագույն վարչական դատարանի վերջնական որոշումը` կապված Շրջակա միջավայրի ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ) լուծման հետ, ըստ որի` Չելոպեչի հանքում մետաղների հարստացման ֆաբրիկայի կառուցման մասին որոշումը չեղյալ համարվեց: Դատարանի այս որոշումը հրապարակվեց 2010 թ. ապրիլի 15-ին, այն հաստատեց երեք անդամից բաղկացած կոլեգիայի նախկին (2009 թ. նոյեմբերի 4) որոշումը: Տվյալ որոշումը չեղյալ համարեց ՇՄԱԳ-ի լուծումը` հրապարակված Բնապահպանության նախարարության կողմից, որի համար մեջբերում է հետևյալ պատճառները. 1. ՇՄԱԳ-ի հասարակական լսումների և ՇՄԱԳ-ի լուծման հրապարակման ամսաթվի միջև 2,5 տարվա ուշացումը, 2. այն, որ Բնապահպանության նախարարությունը ճշգրտորեն չի սահմանել ազդեցության ենթարկված համայնքները, 3.առաջարկվող ավտոկլավ/ճնշման օքսիդացման տեխնոլոգիան չէր համարվում արդյունաբերական մասշտաբի աշխատանքի համար առկա լավագույն մեթոդը նույն կոնցենտրատի հետ, ինչպիսինն է Չելոպեչ հանքինը: Պարոն նախարար, խնդրում ենք Ձեզ տեղեկատվություն տալ, թե ի՞նչ է ձեռնարկում ՀՀ բնապահպանության նախարարությունը վերոհիշյալ խնդիրների վերաբերյալ, և արդյոք ցանկանո՞ւմ եք որդեգրել եվրոպական փորձը: Չէ՞ որ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է եվրոպական ընտանիքին անդամակցելու քաղաքականությունը: «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական հազմակերպություն 14. 05. 2010թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter