HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կառավարությունը թշնամացրել է երկու հարեւան գյուղերին

Արմավիրի մարզի Գայ եւ Հայկաշեն գյուղերի միջեւ միշտ էլ լարվածություն է եղել: Հարեւան գյուղերի բնակիչները իրար նկատմամբ անհանդուրժող են, բայց վերջին օրերին նրանց միջեւ գրեթե թշնամանք է առաջացել: Պատճառը Կառավարության դեռեւս 2005 թվականի որոշումն է, որով Գայ գյուղի սեփականաշնորհված հողերից մոտ 370 հա (տարածքը գյուղացիներն անվանում են Շոռքաշվան) հատկացվել է Հայկաշեն համայնքին: Գայի գյուղապետ Սեյրան Մարկոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իրենք տեղյակ չեն եղել, որ կառավարությունը իրենց համայնքին պատկանող հողերը Հայկաշենին է տրամադրել 2005 թվականին: «Մենք գիտեինք, թե հողերը պետք է 2009թ. վերցնեին, բայց վերջերս Կադաստրից ենք իմացել, որ դրանք արդեն 5 տարի է` մեր համայնքին չեն պատկանում, եւ որեւէ իրավունքներ չունենք այդ հողերի նկատմամբ»,- նշեց Ս. Մարկոսյանը: Գյուղապետը զարմացած է կառավարության որոշումից, քանի որ 370 հա հողատարածքը իրենց համայնքին սահմանակից չէ, բայց հարեւան չէ նաեւ Հայկաշենին: Այստեղ անտրամաբանական է, թե ինչու է կառավարությունը մի համայնքի հողերը վերցրել ու «նվիրել» մեկ այլ համայնքին: Թեեւ հողերն արդեն 5 տարի է` Հայկաշենի վարչական տարածքի մեջ են մտնում, բայց մինչ օրս այդ հողերի վարձը գանձել է Գայի գյուղապետարանը: Գյուղացիներն արդեն գրավոր բողոքներ են ներկայացրել ՀՀ վարչապետին, Տարածքային կառավարման նախարարին, ինչպես նաեւ Հանրապետական կուսակցությանը` որպես իշխող կուսակցություն: Եթե առաջիկայում նշված կառույցներից հօգուտ իրենց պատասխան չստանան` ամբողջ գյուղով պատրաստվում են բողոքի ակցիաներ կազմակերպել կառավարության շենքի դիմաց: Ինչպես տեղեկացրեց գյուղապետը, Գայ համայնքի բյուջեի հիմնական մասը գոյանում է «Շոռքաշվանի» հողերի հարկից եւ եթե կառավարությունը իր կայացրած որոշումը չվերանայի, փաստորեն հարված կհասցնի ամբողջ գյուղին: Հայկաշենի գյուղապետ Բագրատ Հովհաննիսյանից պարզաբանում ստանալ մեզ չհաջողվեց: Համայնքապետը կամ հեռախոսազանգերին չէր պատասխանում կամ էլ անհասանելի էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter