HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Ուսանողից փող վերցնելը դեռ հո կաշառք չէ՞

«Ես ընդունում եմ իմ մեղքը և դատարանից ակնկալում եմ մեղմ պատիժ»,- օգտվելով իրեն ընձեռնված վերջին խոսքի իրավունքից` ասաց ամբաստանյալ Միսակ Յախշիբեկյանն ու հիշեցրեց, որ անձամբ է ներկայացել նախաքննական մարմնին, ոչ թե բերման է ենթարկվել: Ինչ վերաբերում է իր տված ցուցմունքներին, ապա ինքն «ասել է այն, ինչ առնչվել է գործի հետ, և ասել է ճիշտը. ոչ ոքի հանիրավի չի զրպարտել ու չի մեղադրել»: Հիշեցնենք, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) Վանաձորի մասնաճյուղի դասախոսների նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննությունն ավարտվել է  Ժոզեֆ Կարայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 1-ին մասով, Միսակ Յախշիբեկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով և 38-311-րդ հոդվածի 1-ին մասով, Էդուարդ Մխիթարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով առաջադրված մեղադրանքներով: Ժոզեֆ Կարայանը մինչև վերջ էլ չընդունեց  իր` մեղավոր լինելու հանգամանքը. «Ես անմեղ եմ, ես ինձ մեղավոր չեմ ճանաչում: Ոչ մի ուսանողից գումար չեմ վերցրել, Մխիթարյանին չեմ փոխանցել»: Իսկ ամենից շատ իր անմեղ լինելուն հավատում է ամբաստանյալ Էդուարդ Մխիթարյանն ու հավատացնում, որ այս ամբողջ պատմության մեջ հայտնվել է չարակամների պատճառով. «Նորից  եմ պնդում, որ ես ոչ մի կաշառք ոչ մի ուսանողից չեմ վերցրել, ոչ մի դասախոսից չեմ վերցրել: Դասախոսները զրպարտել են ինձ: Ես առարկում եմ էդ բաների վրա: Ես հիմնականում ոչ մեկից ոչ մի կոպեկ փող չեմ վերցրել: Ես նորից միանում եմ իմ նախկին ցուցմունքին, որ տվել եմ մինչև իմ կալանվորվելը: էս գործը լրիվ իմ վրա դասավորել է և իրականցրել նախկին տնօրեն Սիմոնյան Միշան: Հաշվելով ինձ որպես իրա կոնկուրենտ, որ ես պետք է մասնակցեի կոնկուրսին և անցնեի որպես տնօրեն, կազմակերպել է, իսկ ինքը այս գործը իրականացրել է իրա կրիշայի միջոցով: Ինքը միշտ պնդում էր` դուք կրիշա չունեք, իսկ ես ունեմ»: Ամբիոնի վարիչը տարբերակում է կաշառքը դասախոսի արդար վաստակից. «Եթե հեռակայի ուսանողը գալիս ա դասախոսի մոտ, ասում է` չեմ կարողանում իմ ստուգարքային աշխատանքը կատարեմ, դասախոսը կատարում է նրա ստուգարքային աշխատանքը և հանձնում է ինստիտուտ: Տեսնում է դասախոսը, որ ճիշտ է կատարված տվյալ աշխատանքը և տակը ստորագրում է: Ու եթե դասախոսն այդ աշխատանքի համար փող է վերցնում, դա համարվում է կաշա՞ռք: Նույն գործը կատարել են Յախշիբեկյանը և Արաբյանը: Դասախոսը աշխատել է և վերցրել է 20 հազարը իր աշխատանքի համար»: Էդուարդ Մխիթարյանը մատնանշում է իր դեմ ցուցմունք տված դասախոսների անունները, բայց չի շտապում մեղավոր ճանաչել նրանց, թեպետ հաստատում է, որ Միսակ Յախշիբեկյանը համակարգչային կենտրոն ունի, որտեղ կատարվում են ամեն տեսակի, այդ թվում` կուրսային աշխատանքներ, և որ Վահան Ավետյանի կուրսային աշխատանքը Յախշիբեկյանի ձեռքով է կատարվել նրա համակարգչային կենտրոնում, քանի որ «Ավետիսյանի պրոեկտում միայն Յախշիբեկյանի ստորագրությունն է, իսկ մյուս ուսանողների պրոեկտները սոտորագրված են համ ուսանողի, համ դասախոսի կողմից»: Բացի այդ, «19 հոգու մեջ միայն մի ուսանողի պրոեկտն է, որ կամպյուտերով է կատարված: Դա Ավետիսյանի պրոեկտն է: Մյուսները բոլորը ձեռագիր են կատարել»: Էդուարդ Մխիթարյանը, հիմնավորելով կուրսային աշխատանքի` 20 հազար դրամ արժողությունն, այլևս սակարկելու տեղ չի թողնում. «Մի էջը հավաքելը և տպելը կոմպյուտերային սերվիսում առանց գիտական աշխատանք կատարելու արժի 300 դրամ, իսկ յուրաքանչյուր պրոեկտը 35 էջ է: 300-ը բազմապատկելով 35-ի կստացվի 10500 դրամ: Ինքն աշխատանքը կատարել, 35 թերթ հավաքել է, 2 լիստ A1 չափով վատման է կցել տվյալ աշխատանքում: Այսինքն` Յախշիբեկյանը բարեգործություն է կատարել այդ ուսանողի նկատմամբ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter