HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թունաքիմիկատների գերեզմանոցում իրավիճակը փորձագետի սպասածից էլ վատ է եղել

«Հետքի» հարցերին պատասխանել է International HCH & Pesticides Association (IHPA) տնօրեն, միջազգային փորձագետ Ջոն Վայգենը

Ապրիլին այցելել եք Հայաստան, ո՞րն էր Ձեր այցի նպատակը:

Ես դիտարկելու եւ ուսումնասիրելու առաքելությամբ էի եկել: Մենք պատրաստում ենք որոշ աշխատանքներ իրականացնել նաեւ Նուբարաշենի գերեզմանոցում: Երբ եկա Հայաստան, կապվեցի ԵԱՀԿ աշխատակիցների հետ, հավաքվեցինք հայաստանյան գործընկերների հետ եւ գնացինք գերեզմանոցի տարածք: Ավելի վաղ նրանք ինձ պատմեցին, որ ինչ-որ մարդիկ բացել են թունաքիմիկատների գերեզմանոցը, իսկ մինչ իմ տեսնելը, երբ նրանց հետ քննարկում էինք դա, չէի պատկերացնում, որ իրավիճակը այդքան վատ կլիներ: Մեքենաներրը թողեցինք ճանապարհին եւ քայլելով գնացինք այդ տարածք, մի քանի կիլոմետրից ես արդեն ճանապարհին հոտ էի զգում, որը իսկապես զարմանալի էր եւ անսպասելի: Երբ ես տեսա տարածքը, այն սարսափելի էր: Դա մի աղբանոց էր, որը թվում էր թե շատ մեծ չէր, բայց ամբողջությամբ սփռված էր:

Դուք բնութագրել եք Ձեր տեսածը որպես «էկոլոգիական աղետ»:

Այն իրապե՞ս շատ վտանգավոր է շրջակա միջավայրի եւ հարակից տարածքում ապրող բնակչության համար: Իհարկե, տարածքն այժմ բաց է: Անմիջական ռիսկ կա, որ օդ կանցնի: Եթե դու ապրում ես մոտ տարածքում, բնականաբար, այլ վտանգ էլ կա: Ես տեղյակ եմ, որ տեղանքը սողանքային է, ինչը նշանակում է, որ թունաքիմիկատները ներծծվում են եւ հետզհետե կհասնեն շրջակա միջավայր եւ մարդկանց: Մյուս վտանգն էլ այն է (որը մենք դեռեւս չգիտենք), թե ինչքան է ջրին անցել: Նուբարաշենի գերեզմանոցը եթե մի քանի մետր խորություն ունի, այն ոնց որ ջրի վրա է, գրունտային նստվածք կա, որը մինչեւ ժայռերը մոտ 20 մետր խորություն ունի: Եթե դեռեւս նստվածքի վերեւի մասն է աղտոտված, այդ դեպքում առանձին հետազոտություն է պետք անել, եւ սա երբեւէ չի հետազոտվել: Մենք հաջորդող ամիսներին պետք է դիտարկենք եւ հետեւենք գետնի տակից հոսող ջրերին, թե արդյո՞ք դրանք արդեն աղտոտված չեն: Սա շատ կարեւոր հարց է:

Ի՞նչ անհապաղ քայլեր պետք է ձեռնարկվեն` խուսափելու առավել վտանգավոր հետեւանքներից:

Արդեն Հայաստանում է փորձագետ Քեվին Հելփսոֆը, նա պետք է ավելի մանրամասն ուսումնասիրի, եւ եթե անմիջական աղտոտվածության ռիսկերը գնահատվեն, հետո կծրագրվի, թե ինչ անել: Եթե ծրագրվի, թե ինչպես կարող ենք օգնել պրոֆեսիոնալ ձեւով փակել այդ տարածքը, դա նշանակում է, որ մենք կփակենք ու կամրացնենք գերեզմանոցը, քանի որ պատերն անհետացել են, բայց մենք դա կանենք ժամանակավորապես: Այսինքն` այս տարածքի ամրացումը պետք է շատ արագ լինի, այլեւս տարածքից ոչինչ չի արտահոսի անձրեւաջրերի հետ: Այնուհետեւ մենք պետք է իրական ծրագիր մշակենք, թե ինչ անել հետո:

Եվ ի՞նչ պետք է անել հետո:

Եթե մենք ունեցանք արդեն գերեզմանոցի փակ տարածք, դա դեռ առաջին քայլն է: Կան նաեւ այլ կարեւոր տարբերակներ: Օրինակ` 6-7 տարբեր ճանապարհներ կան այս խնդիրը լուծելու համար: Առաջինը` պահել այնպես, ինչպես կա, այսինքն` փակված վիճակում: Դա նշանակում է, որ գերեզմանոցի տարածքը պետք է մշտապես փակ մնա, ամրացված, բայց նաեւ պետք է այնպես արվի, որպեսզի խուսափենք այնտեղից դեպի գետ արտահոսքերից: Փականները կամ պատերը պետք է ցեմենտից լինեն: Մենք պետք է նաեւ հետեւենք, թե ինչ է տեղի ունենալու այդ տեղանքի արոտավայրում եւ դաշտերում: Տարիների ընթացքում եղած պատերը քանդվել են: Օրինակ` դուք ունեք բարձր ժայռեր, որոնք էռոզիայի են ենթարկվել: Ի՞նչ կնշանակի դա: Եթե դուք այս հողը պահեք եւս 20 տարի, միեւնույն է, դուք պետք է դրանք տեղափոխեք: Մեկ այլ տարբերակն էլ այն է, որ թունաքիմիկատները մշակվեն տեղում: Այսինքն` լիկվիդացնել դրանք մի տեղում: Եվ երրորդ տարբերակը` ձեր երկիր բերել ոչնչացման սարք, ինչը նշանակում է, որ պետք է փորել, հանել ողջ թունաքիմիկատները եւ ոչնչացնել դրանք:

Իսկ ի՞նչ է ասում միջազգային փորձը, ո՞րն է խնդրի լուծման առավել արդյունավետ տարբերակը:

Սահմանափակ փորձ կա այս դաշտում, քանի որ պեստիցիդները շատ երկար տարիներ չէ, որ արտադրվում են: Բայց հատկապես պահպանման եւ առանձնացնելու, մեկուսացնելու փորձն է գերիշխում, բայց իհարկե սրանք այն լուծումներն են, որի դեպքում խնդիրը շարունակում է մնալ: Մյուս տարբերակն էլ այն է, որ ողջ գերեզմանոցի պաշարը տեղափոխվի այդտեղից Երեւանից հեռու մեկ այլ տարածք եւ ժամանակավոր այնտեղ պահվի: Հետո որոշել, թե կարո՞ղ եք դա ոչնչացնել Հայաստանում, բերել երկիր ոչնչացման սարքավորումներ, եթե ոչ, պետք է հանեք դա երկրից եւ որեւէ եվրոպական երկիր տեղափոխեք ոչնչացնելու համար:

Իսկ ո՞ւր տեղափոխել:

Եվրամիության տարբեր երկրներում կան նման սարքավորումներ, օրինակ` Գերմանիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում մի քանի հատ, վերջերս նաեւ Լեհաստանն ունեցավ: 7-8 երկրներում հզոր սարքավորումներ կան, որոնք կարող են դա անել: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչ կարժենա տեղափոխումն այդքան հեռու` Եվրոպա, թե՞ ավելի շահավետ կլինի սարքավորումները բերել Հայաստան: Դուք պետք է համեմատեք գները եւ որոշեք, թե որն է երկրի համար առավել ձեռնտու:

Ձեր նշած երկրներում մոտավորապես ի՞նչ արժեք է սահմանված:

Դա բավականին թանկ է: ԵՄ երկրներում տեղափոխման բոլոր ծախսերի հետ կկազմի մոտ 3000 եվրո մեկ տոննայի համար:

Կա՞ն այլ երկրներ, որոնք նույնպես նման խնդիր ունեն, եւ ինչպե՞ս են նրանք լուծում դա:

Սա տարածաշրջանին բնորոշ խնդիր է: Նախկին ԽՍՀՄ բոլոր երկրներում թունաքիմիկատների օգտագործման բարձր ցուցանիշներ կան: ԽՍՀՄ բոլոր կոլխոզներում դա օգտագործվել է: 1980-ականներին Սովետական Միությունը որոշեց հավաքել բոլոր տեսակի թունաքիմիկատները, մեծ մասն արդեն ժամկետանց էր դարձել: Այդ թվականները թունաքիմիկատներից մաքրման տարիներ են անվանում: Եվ դա արվեց թե Վրաստանում, թե Ադրբեջանում, թե Ուկրաինայում եւ այլուր: Այս երկրներում թունաքիմիկատները պահեցին գերեզմանոցներում: Նմանատիպ գերեզմանոցներ կան նաեւ Ուզբեկստանում, Տաջիկստանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter