HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մի չկառուցված գազալցակայանի պատմություն

Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման եւ շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին Կառավարության 2008 թ. N 1101 որոշման 18-րդ կետի համաձայն` գազալցակայանները պետք է գտնվեն միմյանցից ոչ պակաս, քան 2 կմ հեռավորության վրա: Այսօր քիչ չէ այն գազալցակայանների թիվը, որոնք չեն պահել որոշման այս կետի պահանջները, սակայն դրանց թիվը եւս մեկով կավելանար, եթե չպայքարեին Փարաքարի գյուղացիները: Դեռեւս 2009 թ. հոկտեմբերի 10-ին «Գազ-ԷֆԷմ» ՍՊԸ-ն, որի սեփականատերը «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն»-ի տնօրեն Լիդա Մուրադյանի որդին է` Արման Մինասյանը, գրավոր հայտ է ներկայացրել Փարաքարի համայնքապետարան` խնդրելով տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք 600 խմ հզորության ԱԳԼՃԿ կառուցելու համար: Փարաքարի համայնքապետ Սամվել Վարդանյանը գազալցակայան կառուցելու շինարարական թույլտվություն չի տվել եւ արգելել է ապօրինի շինարարությունը, իսկ հայտն ուղարկել է Արմավիրի մարզպետարան եւ քաղաքաշինության նախարարություն` ընթացք տալու համար: Քանի որ նոր կառուցվող գազալցակայանը ներկայումս գործող գազալցակայանից հեռու է ընդամենը 912 մ, ՍՊԸ-ին թույլտվություն չի տրամադրվել: 2010 թ. փետրվարին «Գազ-ԷֆԷմ»-ը դարձյալ հայտ է ներկայացրել, այս անգամ` 200 խմ հզորության մոնոբլոկ կառուցելու համար: Համայնքապետը դարձյալ շինարարական թույլտվություն չի տրամադրել, իսկ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Փարաքարի համայնքապետին գրավոր հայտնել է, որ քաղաքաշինության նախարարության եւ Արմավիրի մարզպետարանի հետ համաձայնեցվել է «Գազ-ԷֆԷմ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասում մոնոբլոկ ԱԳԼՃԿ-ի նախագծման ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը, եւ գործի հետագա ընթացքը անհրաժեշտ է կարգավորել` «ապահովելով ՀՀ օրենսդրության եւ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջները»: Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Կարինե Դանիելյանը «Հետքին» ասաց, որ քաղաքաշինության նախարարությունը գազալցակայան կառուցելու համար դրական եզրակացություն է տվել, սակայն ՍՊԸ-ն այժմ չի հետաքրքրվում դրանով: Փարաքարի համայնքապետարանի ճարտարապետը մեզ ասաց, որ համայնքապետերանը Արմավիրի մարզպետարանից չի ստացել քաղաքաշինության նախարարության այդ գրությունը, իսկ Կ. Դանիելյանը պնդում է, որ ինքն անձամբ է գրությունն ուղարկել Փարաքարի համայնքապետին: «Գազալցակայանի կառուցումը չի համապատասխանում սահմանված նորմերին, եւ Կառավարության որոշման համաձայն` գազալցակայանները պետք է միմյանցից 2 կմ հեռավորության վրա լինեն: Չեմ պատրաստվում շինարարության թույլտվություն տալ»,- ասում է Սամվել Վարդանյանը: Այս ամենը մեծ հնչեղություն չէր ստանա, իսկ գազալցակայանն էլ անկախ ամեն ինչից կկառուցվեր, եթե տարբեր գրություններով խնդրի վերաբերյալ Փարաքարի բնակիչներ Գայանե Մանուկյանը եւ մյուսները գրավոր նամակներ չուղարկեին հանրապետության նախագահին, վարչապետին, տարածքային կառավարման նախարարին եւ այլոց: Նրանք բողոքում են, որ կառուցվող գազալցակայանը իրենց հողամասերի հարեւանությամբ է, եւ դրանով իրենց հողերն արժեզրկվում են: «Գյուղացիներին բարեւներ տարեք ու ասեք, որ հանգիստ լինեն` գազալցակայան չի կառուցվելու» Հենց սկզբից ամեն կերպ գաղտնի է պահվել, թե իրականում ով է կառուցում գազալցակայանը: Փարաքարցիները միայն տարբեր խոսակցություններից են իմացել, որ ԱԳԼՃԿ-ն կապ ունի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանի հետ: «Ես անձամբ գիտեմ, թե ով է քեզ ասել, որ օրենքի պահանջը չի ապահովվում: Մաուգլի մուլտիկը նայել ես, չէ՞, շակալին էլ գիտես, այ էդ մարդը դրանից ա: Իրան մի քանի մանեթ փող են տվել, ըտենց խոսում ա: Էդ 2 կիլոմետրը մի ուղղության վրա գործող գազալցակայաններին ա վերաբերում, իսկ ով ասում ա, որ տարբերություն չկա` մի կողմի վրա է, թե չէ` հենց էդ շակալն ա ասել: Ուղղակի հիմա հոգնած ենք, թե չէ շարունակելու ենք էս գործը»,- մեզ հետ զրույցում ասաց «Գազ-ԷֆԷմ» ՍՊԸ-ի տնօրեն Ղուկաս Ավդալյանը: Հենց նրանից հետաքրքրվեցինք, թե ո՞վ է ՍՊԸ-ի իրական տերը, եւ ԱԳԼՃԿ-ի հետ ի՞նչ կապ ունի Լիդա Մուրադյանը: Ղ. Ավդալյանը պատասխանեց, որ ՍՊԸ-ի տնօրենն էլ է ինքը, սեփականատերն էլ: «Ով ասում ա, որ սրտաբանական հիվանդանոցի տնօրենն ա սեփականատերը` գլուխը պատին ա տվել: Հո ասելո՞վ չի, մարդ շատ բան կարա ասի, ի՞նչ կապ ունի: Ոնց որ ձեզ մոտ, ըտենց էլ մարդկանց մոտ ազատ խոսքի իրավունք կա, ում բերանն ինչ գալիս ա` ափըռ-ցըփռ խոսում ա»: Խոսակցությունից մի քանի րոպե անց ինձ զանգահարեց Ղուկաս Ավդալյանը եւ հետաքրքրվեց, թե որտեղից եմ գտել իր հեռախոսահամարը: «Հետաքրքիրն ի՞նչ ա, որ շինարարությունը սառեցված ա, բայց թերթը հետաքրքրվում ա դրանով: Թերթերն ուզում են հասնեն նրան, որ ամբողջ գործընթացն էլ սառեցվի, հա՞: Ես չեմ հասկանում` ավելի լուրջ թեմա չկա՞ պարզաբանելու, որ դրան եք կպել»,- ասաց տնօրենը: «Ըստ ձեզ` դա լուրջ թեմա չէ՞»,-հարցրի Ղ. Ավդալյանին: «Հա, երեւի այդ հարցը սպառնում է պետության ազգային անվտանգությանը, չէ՞: Հետաքրքիր է` տներին կպած գազի կալոնկեքը պետության ազգային անվտանգության հետ կապ չունե՞ն: Դրանց մասին գրեք, բա ինչի՞ չեք գրում, որ գազի կալոնկի կողքը տուն է: Իսկ իմ կալոնկեն դաշտի մեջն ա, խաղողի վազերին վնաս ա տալու, հա՞: Որ նյութ գրեք, անպայման կնշեք, որ եթե էս կալոնկեն գործի, խաղողի թփերը կնեղանան, կթառամեն»,- հեգնանքով պատասխանեց ՍՊԸ-ի տնօրենը: Ըստ նրա` գյուղացիները ուղղորդված են դիմում-բողոքներ գրել պաշտոնյաներին: Իսկ թե ո՞վ է նրանց ուղղորդել` միայն ինքը գիտի: Լիդա Մուրադյանը հավանաբար տեղյակ չէր, որ զրուցել ենք ՍՊԸ-ի տնօրենի հետ եւ հանդիպման ժամանակ պատմեց, որ գազալցակայանը կառուցում է իր որդին` Արմանը: Բժշկական կենտրոնի տնօրենի ասելով` որդու կուրսընկերը (անունը Արտյոմ) ապրում է Մոսկվայում, եւ ընկերներով որոշել են հող գնել ու ջերմոցային տնտեսություն հիմնել Փարաքար գյուղում: Սակայն, երբ հաշվարկել են ծախսերը, այդ թվում` գազի գինը, զգացել են, որ վնասով են աշխատելու, եւ հետեւելով ծանոթների խորհուրդներին` որոշել են ՍՊԸ հիմնել եւ կառուցել գազալցակայան: Լ. Մուրադյանի ասելով` ԱԳԼՃԿ-ի սառեցման խողովակները պետք է անցնեին ջերմոցի միջով, եւ այդպես կտաքացվեին ջերմոցները, իսկ խողովակի գազը այդ եղանակով կսառչեր: «Ես հենց սկզբից դեմ եմ եղել, որ որդիս այդ գործը սկսի, քանի որ դա մերը չէ, ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի: Ես բիզնեսի մարդ չեմ ու ընդհանրապես կապ չունեմ այդ գազալցակայանի հետ ու երբեք չեմ խառնվել այդ գործերին»,- ասաց Լ. Մուրադյանը: Պատասխանելով պետական կառույցներից ստացած աջակցության մասին հարցին` տիկին Մուրադյանն ասաց, որ երբեք իր դիրքը չի օգտագործել ԱԳԼՃԿ կառուցելու համար եւ որեւէ մեկին այդ հարցով չի դիմել, իսկ մարզպետարանից ու քաղաքաշինության նախարարությունից ստացված աջակցությունը եղել է միայն «խորհրդատվական բնույթի»: «Գնացեք գյուղացիներին բարեւներ տարեք ու ասեք, որ հանգիստ լինեն` գազալցակայան չի կառուցվելու: Ինձ համար շատ վիրավորական էր, որ իմ անունը շոշափվեց այս թեմայի մեջ: Ես հասկանում եմ, որ գազալցակայան կառուցելու դեպքում միգուցե այդ մարդկանց հողի արժեքն ընկներ: Հաշվի առնելով նրանց դժգոհությունները` որդիս ու իր ընկերը որոշել են չշարունակել աշխատանքները: Ձեր միջոցով դիմում եմ գյուղացիներին, որ հանգիստ լինեն»,- ավելացրեց Լիդա Մուրադյանը: Նրա ասելով` այս պահին որդին վաճառում է ձեռք բերած սարքավորումներն ու շինանյութը, որպեսզի գոնե ետ բերեն իրենց ներդրած գումարները: Առաջիկայում միգուցե վաճառեն նաեւ ձեռք բերված հողը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter