HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Հակբեր. «Այդ կաշվի հոտը մինչեւ հիմա երբ առնում եմ, ոտքերս դողում են հաճույքից»

«Կպատկերացնե՞ք` 3-րդ դասարանցին իր սեփական «Մերսեդեսով» գնա դպրոց: Ես այդպես դպրոց էի գալիս, որովհետեւ այն ժամանակ ունենա~լ «Զորկի էս»... Դա խանութում չէին էլ վաճառում»: Իր առաջին ֆոտոխցիկը այսպես է հիշում Հակոբ Բերբերյանը: Հայտնի լուսանկարիչ Հակոբ Բերբերյանին շատերը ճանաչում են Հակբեր կեղծանվամբ: Հակոբի առաջին ֆոտոապարատը` «Զորկի էս»-ը, գնել էր տատը: Հակոբի պապը լուսանկարիչ էր, սակայն Հակոբը չի տեսել նրան: Տատը Հակոբին ասել է, որ պետք է նրա գործը սովորի: «Այդպիսի բանը չի մոռացվում: Դա պսակվելու, սիրահարվելու նման բան էր: Տատիկս երբ ասաց. «Դու պիտի պապիկիդ գործը շարունակես, ու ես քեզ համար պիտի ֆոտոապարատ առնեմ», գժվեցի մինչեւ հիմա: Անցել է արդեն 45 տարի: Եթե իմ տեխնիկան հիմա նայեք, կապշեք` ինչ է: Տանս վիճակը լավ չէ, բայց ես այդ տեխնիկան պիտի առնեմ: Ես այդ կաշվի հոտը մինչեւ հիմա երբ առնում եմ, ոտքերս դողում են հաճույքից»,- ասաց Հակոբ Բերբերյանը: Հակոբ Բերբերյանը ֆոտոլրագրությամբ զբաղվում է արդեն 30 տարի: Աշխատել է «Երեկոյան Երեւան», «Կոմունիստ», «Ազատամարտ» եւ այլ թերթերում, «Արմենպրես», «Արմինֆո» լրատվական գործակալություններում, եղել «Ֆրանս պրեսի» եւ «Ասոշիեյթիդ պրեսի» ֆոտոթղթակիցը Հայաստանում: Արժանացել է Երեւանի մամուլի ակումբի, Հայաստանի ժուռնալիստների միության, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցանակներին: 2004 թ. անհատական ցուցահանդես է ունեցել Բեյրութում, մասնակցել է Անկախության օրվա առթիվ կազմակերպված ֆոտոցուցահանդեսին (2003 թ.), Արցախում պատերազմին նվիրված ֆոտոցուցահանդեսին (1999 թ.) եւ այլն: Այժմ Հակոբը աշխատում է «Տոտալ ֆուտբոլ» շաբաթաթերթում: Նա մարզադաշտ գնում է խաղի սկսվելուց մոտ 2 ժամ առաջ եւ մարզադաշտից հեռանում ամենավերջում: Այս տարի Հակբերը նկարելու է Հարավային Աֆրիկայում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնություն խաղերը: Փոքր հասակից մինչեւ 27 տարեկան Հակոբը երաժիշտ է եղել, հարվածային գործիքներ է նվագել, համերգներ տվել: Նա պրոֆեսիոնալ տեխնիկական կրթություն ունի. ավարտել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի Էլեկտրատեխնիկական ֆակուլտետը: «Մարդ միշտ մի քանի մասից է բաղկացած: Ես դա ասում եմ, որովհետեւ տարիքս թույլ է տալիս: Դուք չգիտեք` ձեր մեջ ինչ լավ բաներ կան: Դա կերեւա տարիներ հետո: Դրա համար երբ մարդիկ հասնում են ինչ-որ հասուն տարիքի ու միանգամից փոխում են մասնագիտությունը, ասում են. «Էս մարդը գիժ էր»: Իրականում իր մոտ այդ հատվածը աշխատեց: Ես փոքրուց ժամերով կարող էի քանդել-հավաքել: Երաժշտությունը անբաժան է եղել: Ինձ ռիթմիկան էր հետաքրքրում: Հիմա էլ եթե նայեք, իմ նկարների մեջ շատ ուժեղ զգացվում է: Երբ ասացին. «Գիտես, երբ քո նկարները անում ես, երաժշտություն կա», ես այնպես լավ զգացի, որ ինձ չիմացող մարդը զգաց այդ բանը: Ուրեմն ճիշտ եմ արել: Ես 27 տարեկանում կտրուկ փոխեցի իմ ստատուսը. զգացի, որ իմ ճանապարհը սա է»,- ասաց Հակոբ Բերբերյանը: Նա պահում է տատի նվիրած «Զորկի էս»-ը. ֆոտոխցիկը մինչեւ հիմա սարքին է: Ասում են` Արարատը բոլորի առջեւ դեմքը չի բացում: Հակբերի առջեւ այն իր դեմքը բացել է: Լուսանկարիչը Արարատը նկարել է Արագածի գագաթից: Նրան բացատրել են, որ հազվադեպ է պատահում, որ սարը «կիսված լինի» այնպես, ինչպես իր լուսանկարում է: Երկրորդ հազարամյակի վերջին, երբ մի քանի րոպե էր մնացել մինչեւ երրորդ հազարամյակ, Հակբերը նկարել է Էջմիածինը: Տեսարանը մեռած է եղել` առանց մարդկանց: Հենց այդ պահին կադրում մարդիկ են հայտնվել ու կենդանացրել նկարը: «Երբ ես նկարում եմ, այնպես եմ խառնվում, ինձ ասում են` սարսափելի դեմք ունես: Կենտրոնանում եմ: Այդպես հեշտ չէ նկարելը: Ես իմ խառնվածքով ժուռնալիստ եմ, զբաղված եմ ժուռնալիստիկայով: Ես ֆոտոյով չեմ զբաղվում ֆոտոյի համար»,- ասաց Հակբերը: Նա չգիտի, թե քանի նկար ունի իր արխիվում: Հակոբը ջնջում է բոլոր այն նկարները, որոնց մեջ դինամիկա չկա` մեռած են, կամ որոնցում ավելի շատ դինամիկա է երեւում, քան իրականում եղել է: Լուսանկարչի ընկերներն ափսոսում են, որ Հակոբը այդպիսի նկարներ է ջնջում, սակայն լուսանկարիչն ինքը երբեք չի ափսոսում ջնջած նկարների համար: Քաղաքով մեկ փակցված «Ես սիրում եմ քեզ» շարքի լուսանկարները Հակոբը շատ պարզունակ է համարում քարոզչության տեսանկյունից: «Չի կարելի պատահական մարդկանց դնել, ասել. «Ես քեզ սիրում եմ»: Ինքը ինձ չի կարող սիրել: Ամոթ է մեր մշակույթի համար: Ոչ թե մենք ավելի լավն ենք եղել, այլ ես կարծում եմ, որ այս ճանապարհով չպիտի զարգանանք: Դա շատ կարճ պետք է տեւի, բայց 2 տարի է, նայում եմ` «Ես քեզ սիրում եմ» է գրած, էդ խեղճ աղջկան ժպտերես դրել են: Հիմա ես գնամ, ասեմ. «Դու ինձ սիրու՞մ ես»: Հասկանալի է` ինչի մասին է խոսքը. ավելի շատ իմաստային է, քան անձնավորված: Բայց ես համաձայն չեմ, որ իմ կինը ժպտա, գրվի «Ես քեզ սիրում եմ», որովհետեւ դա սուտ է»,- ասաց Հակոբ Բերբերյանը: «Մայր Հայաստան» թանգարանում ցուցադրված լուսանկարները եւս, նրա կարծիքով, անորակ են: Եղեռնի 90 եւ 95-ամյակների ՀՅԴ պաստառների լուսանկարները եւս Հակբերն է արել: 90-ամյակի պաստառին պատկերված կակաչով, պեպեններով աղջիկը գյումրեցի է: «Դա ես նկարել եմ հուշարձանի մոտ: Շատ դժվար նկարեցի, որովհետեւ լիքը երեխաներ եկան կանգնեցին: Դե, ժողովուրդը գալիս է, հրում է: Սարի նման կանգնել եմ, ոտքերս դեմ եմ տվել, նկարում եմ: Այդ աղջիկը շուռ է եկել այն կողմ, կամ շուռ է գալիս` ծաղիկն է ներքեւ: Հիմա մտքիս մեջ ասում եմ. «Խնդրում եմ, ծաղիկդ բարձրացրու»: Մեկ էլ բարձրացրեց, մի հատ շուռ եկավ ու հետ գնաց: Էդ վայրկյանին ես նկարեցի: Ում պատմում եմ, ասում է` սարքած նկար է, լավ է»,- պատմեց լուսանկարիչը: Նա հետո նկարում տեսել է, որ աղջկա աչքերի մեջ հուշարձանն է արտացոլվել: Հակոբ Բերբերյանը լուսանկարել է նաեւ Արցախյան պատերազմը: 1990 թ. հունվարին Իջեւանի շրջանի Կիրանց գյուղում Հակոբը առաջին անգամ նկարել է ինքնապաշտպանական ջոկատներին` «յափնջիներով, պատրոնդաշներով, որսորդական զենքերով տղաների, որոնք գոմերում էին մնում»: Շուշիի ազատագրումից հետո` 1992 թ. մայիսի 10-ին, լուսանկարել է Շուշին: «Ազգային ժողովում ես նկարել եմ Արթուր Մկրտչյանի հայտնի նկարը` կոստյումով, ժպտերես` 1989 թ. դեկտեմբերին, երբ ինքը ընտրվեց առաջին Գերագույն խորհրդի նախագահ եւ եկավ Երեւան, մամուլի ասուլիս տվեց: Դա եղել է Ղարաբաղյան շարժման հայտնի մարդկանց ամենաառաջին նկարը: Ստեփանակերտում ես նկարեցի Ասկոլկային գիշերը: Դա Դաշնակցության մամուլի կենտրոնի տարածքն էր` ուղիղ «Ղարաբաղ» հյուրանոցի փողոցի հակառակ կողմում էր` նկուղային հարկում: Ասկոլկան եկավ վիրավորված: Ուշ էր արդեն, մութ, լույս չկար: Որպեսզի ես կարողանամ ֆոկուս բռնել, լուցկին վառեցին աչքերի մոտ, ես ֆոկուսը բռնեցի: Այն ժամանակ ավտոֆոկուսի լույսը չկար»,- պատմեց Հակոբ Բերբերյանը: Լաչինի ազատագրումը Հակոբը նկարել է` ունենալով ընդամենը 3 ժապավեն: Նա պատահաբար Լաչինում հանդիպել է հայտնի լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանին, ժապավեն խնդրել նրանից: Ռուբենի տված ժապավենով էլ Հակոբը ստեղծում է ազատամարտիկ Միայնակ Գայլի նկարը: Նկարը արված է Լաչինի մեջտեղում: «Սա եղել է հենց Լաչինի ազատագրման օրը` երեկոն է, 1992 թ. մայիսի 18: Իր անունը հայկական Չե Գեւարա է: Իր տեսքով, իր ամեն ինչով, շատ լավ նկար է ստացվել: Աստված ինձ պարգեւեց այդ նկարը, ուր հայ մարտիկի կեցվածքը կա»,- ասաց Հակոբ Բերբերյանը: Նա երբեմն այնքան է տարվել աշխատանքով, որ չի զգացել, թե ինչպես է առաջին գծում զինվորներից առաջ անցնում: «Եղել են դեպքեր, որ ինձ Ֆիզուլիից հանեցին հետ տարան: Երբ Բե-Տե-Էռ-ը գալիս է, որ զորքը պիտի մտնի, առաջինը, պարզվում է` ես եմ էնտեղ: Իմ մտքով չէր անցում, չես զգում` դա ոնց է լինում: Ինձ հետո կանչեցին, ասացին. «Մյուս անգամ տեսել եմ` զորքից ընկել ես առաջ, տես քեզ ինչ կանեմ»: Ասում եմ` ես ե՞րբ եմ զորքից առաջ ընկել»,- պատմեց Հակոբը: Նրա մեջ պատերազմից հատկապես այս դեպքն է տպավորվել. «1994 թ. Ֆիզուլիում սպաները կանգնած են, զինվորը ճաշ էր եփում: Ճաշ բառը շատ ուժեղ է ասված: Պապի թվի հնացած վերմիշել էր: Այդ օրը ձյուն եկավ: Ձյունը հավաքեցին, ջուր սարքեցին: Դե, ձյունը ամենամաքուրն է, բայց այնտեղ բարակ շերտով էր, ու կավահող էր: Մի հատ տանկի ականի ցինկից ամանը կտրեցին, սարքեցին թավա, էս ամեն ինչը լցրին մեջը, մի քանի կտոր փայտ ճարեցին, վրանի մեջ կրակ արեցին: Զինվորը ասաց. «Ես հիմա ճաշ կսարքեմ»: Ու կռիվը սկսվեց: Երկու ժամ հետո էդ զինվորը գալիս է, ասում է. «Պատրաստ է արդեն, եփվել է ճաշը»: Հիմա կանգնել են, գդալ չկա: Մի հոգի գդալ հանեց, ասում է. «Ո՞վ է սկսում»: Ու բոլորը սպասում են: Հասկացա, որ ինձ նկատի ունեն, որովհետեւ քաղաքացիականը ես էի: Ասացի` առաջինը ես եմ սկսում: Ես վերցրի գդալը, մի հատ կերա ու ասացի` հերթով: Ու նայում են` դու կզզվե՞ս, կարո՞ղ ես ուտել, ի՞նչ տիպաժ ես, դու կամակորություն ունե՞ս: Ես հավասար իրենց հետ այդ հողը կերա: Եթե մի տեղ մտնում ես, պիտի այդտեղից չտարբերվես: Ու դրանից հետո իրենք ինձ ընդունեցին որպես անբաժանելի»: Պատերազմի ժամանակ ֆոտոլրագրողը ոչ բոլոր վայրերը գնալու հնարավորություն է ունեցել: Օրինակ` երբ նա Արծվաշեն է գնացել, նրան թույլ չեն տվել մտնել: «Գյուղի սահմանին կանգնեցրին, ասացին. «Ո՞ւր եք գնում, զորքը դուրս է գալիս, հանձնում են Արծվաշենը»: 1992 թ. օգոստոսն էր»,- ասաց Հակոբ Բերբերյանը: Նա դեպքի մասին իր առաջին ռեպորտաժն է գրել «Ազատամարտում»: Լուսանկարչի համոզմամբ` մենք շատ վատ ենք նկարել ազատագրական պատերազմը, եւ լուսանկարները պետք է անհամեմատ ավելի շատ լինեին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter