HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարքային ոստիկանը` ոստիկանության եւ դատարանի զոհ

Լոռու մարզային ոստիկանության Թումանյանի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկան, ոստիկանության ավագ Սեյրան Միկոյանը 2 տարի առաջ իր սեփական ավտոմեքենայով վթարի է ենթարկվել: Վթարի վնասների փոխհատուցման ճանապարհին բախվելով ոստիկանության համակարգի «բարքերին»` նա կարող է կորցնել իր 4 սենյականոց բնակարանը եւ 4 անչափահաս երեխաների ու կնոջ հետ հայտնվել փողոցում: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Վարդուհի Հովնանյան) 2010 թ. հունվարի 15-ից կալանք է դրել Սեյրան Միկոյանի 4 սենյականոց բնակարանի եւ աշխատավարձի վրա: Շարքային ոստիկանը վախենում էր այս մասին բարձրաձայնել եւ խնդրում էր թերթում այս պատմությունը ներկայացնել կնոջ անունով: Սակայն, մեր հանդիպման ժամանակ հիշելով անցած 2 տարիների իր փորձությունները` նա հանկարծ պոռթկաց. «Դե կործանեք գնամ, կործանեք գնամ, 16 տարի ոստիկանությունում աշխատում եմ, էսօր ես չեմ կարողանում իմ իրավունքները պաշտպանել»: Ալավերդցի ոստիկանը 2 տարի առաջ աշխատում էր Գուգարքի ոստիկանության բաժնի հերթապահ մասում` որպես վարորդ: 2008 թ. մայիսի 10-ին, ժամը 8:30-ի սահմաններում ծառայության գնալիս Ս. Միկոյանը Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 16,8 կմ-ում վթարի է ենթարկվել: Ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական վարչության Գուգարքի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Գուրգեն Հարությունյանը պարզել է, որ «Սեյրան Միկոյանը իր վարած «Մերսեդես- Բենց 190» մակնիշի 05 00 023 պետհամարանիշի ավտոմեքենայով դեպի Վանաձոր ընթանալիս, նույն ուղղությամբ ընթացող չպարզված սպիտակ գույնի «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային վազանց կատարելու նպատակով, մտել է հանդիպակաց ուղեմաս, որտեղ բախվել է Հակոբ Հակոբյանի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 10 LS 451 պետհամարանիշի ավտոմեքենային: Վթարի արդյունքում մարմնական միջին ծանրության վնասվածքներով Սեյրան Միկոյանը տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց: Որպես վարչական իրավախախտում կատարողի` Սեյրան Միկոյանի նկատմամբ կիրառվել է ծառայական քննություն»: Գործում առկա են 2 կողմերին պատկանող ավտոմեքենաների վնասի չափի վերաբերյալ դատաապրանքագիտական փորձաքննության եզրակացությունները: Ըստ Լոռու մարզի ոստիկանության փորձագետ Դավիթ Մայիլյանի` Սեյրան Միկոյանի ավտոմեքենայի վնասը կազմել է 850 000 դրամ, իսկ «Ֆորդ Տրանզիտին» հասցված վնասը` 1 մլն 650 հազար դրամ: Սեյրան Միկոյանի հավաստմամբ` քննիչի կողմից քրգործի հարուցումը մերժելուց առաջ, որպես «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենային հացված վնասի հատուցում, իր հայրը` Սամվել Միկոյանը, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ից 400 000 հազար դրամ վարկ է վերցրել եւ տվել «Ֆորդ Տրանզիտի» սեփականատեր Ծովակ Գեւորգյանին: «Քննիչ Գուրգեն Հարությունյանի նախապատրաստած նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության հիմքով: Վնասի վերականգնման պատճառով քրեական գործը կարճվել է, կողմերս կնքել ենք հաշտություն»,- հավաստիացնում է Սեյրան Միկոյանը: Հիվանդանոցից վերադառնալով ծառայության` քննիչից խնդրել է քրգործի կարճման որոշման պատճենը, որից էլ տեղեկացել է, որ «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի վնասը գնահատվել է ոչ թե 400 000, այլ 1 մլն 650 000 դրամ: Տեղեկանալուց հետո Ս. Միկոյանը քննիչին հայտնել է իր անհամաձայնությունը ոչ միայն ավտոմեքենայի սահմանված վնասի չափի, այլեւ այն փաստերի առնչությամբ, որ ինքը վթարից առաջ վազանց է կատարել ոչ թե սպիտակ գույնի «Ֆորդ Տրանզիտ» անհայտ ավտոմեքենային, այլ Վահագնի գյուղի գծային «ՊԱԶ» մակնիշի կարմիր գույնի ավտոբուսին, ու «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի ղեկին վթարի ժամանակ նստած է եղել ոչ թե Հակոբ Հակոբյանը, ինչպես արձանագրված է քրգործում, այլ հենց մեքենայի սեփականատեր Ծովակ Գեւորգյանը, ով Ճանապարհային ոստիկանության ՃՊԾ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ճանապարհային ոստիկան Սեւակ Գեւորգյանի եղբայրն է: «Հակոբ Հակոբյանը չի եղել ավտոմեքենայում: Դա ճանապարհային ոստիկան Սեւակ Գեւորգյանի ձեռքի գործն է, ով անմիջականորեն մասնակցել է եղբոր վթարի տեղազննության աշխատանքներին»,- հավատացնում է Սեյրանը: Ճանապարհային ոստիկանին հայտնի է եղել, որ եղբայրը` Ծովակ Գեւորգյանը, վարորդական իրավունքի իր վկայականում չունի D կարգ եւ մարդատար ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել: Այդ պատճառով էլ, իր պաշտոնը օգտագործելով, քննիչի միջոցով վթարի պահին ավտոմեքենայի ղեկին արձանագրել են Հակոբ Հակոբյանի անունը: Փորձագետի արձանագրած «Ֆորդ Տրանզիտ» մեքենայի վնասի 1 մլն 650 000 դրամ վնասի չափի մասին Սեյրան Միկոյանը հարցրել է Ծովակ եւ Սեւակ Գեւորգյաններին: «Սկզբում ինձ հավատացնում էին, որ վնասի գումարները ուռճացված են գրել ապահովագրական գումարներ ստանալու համար,- ասաց ոստիկանը եւ հավելեց,- ապահովագրությունն էլ մերժել է` պատճառաբանելով, որ ավտոմեքենայի ղեկին սեփականատերը` Ծովակ Գեւորգյանը չի եղել»: Ս. Միկոյանը, վստահելով Ծովակ Գեւորգյանին, մանավանդ նրա ճանապարհային ոստիկան եղբորը, գործը համարելով փակված` որոշել է «միջոց չձեռնարկել տրված ապրանքափորձագիտական եզրակացության վիճարկման համար»: Ավելին, հոր կողմից «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի վնասի վերականգնման համար վճարված 400 000 դրամի համար Ծովակ Գեւորգյանից ստացական չի վերցրել: Այս պատմությունից անցել է 2 տարի, երբ նա դատարանից ստացել է ծանուցումը: Ծովակ Գեւորգյանը ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով հասցված վնասի հատուցման պահանջի մասին իր հայցադիմում գրել է. «Համաձայն 19.05.2008 թ. թիվ 213 եզրակացության` պարզվել է, որ վթարի հետեւանքով իմ ավտոմեքենայի` «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 10 LS 451 ավտոմեքենային պատճառվել է 1 մլն 650 000 դրամ նյութական վնաս: Ես ցանկանում էի վաճառել իմ ավտոմեքենան, սակայն վթարի հետեւանքով այն կորցրել է իր ապրանքային տեսքը, այժմ այն չեմ կարող վաճառել նույն գնով, ինչ գնով նախատեսել էի վաճառել մինչեւ վթարը: Ապրանքային տեսքը կորցնելու համար իմ ավտոմեքենային հասցված վնասը կազմում է 300 000 դրամ»,- գրել է հայցվորը եւ միջնորդել դատարանին ձեռնարկել հայցի ապահովման միջոցներ: Դատավոր Վարդուհի Հովնանյանը զարմանալի աճապարանքով բավարարել է Ծովակ Գեւորգյանի միջնորդությունը եւ 1 մլն 950 000 դրամի չափով արգելանք է դրել Սեյրան Միկոյանին պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա: Հեռախոսազրույցի ժամանակ ճանապարհային ոստիկան Սեւակ Գեւորգյանն ասաց, որ իր եղբորը պատկանող «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենան վթարից դեռ մեկ տարի առաջ բանկում գրավադրված էր: Գրավի ժամկետը լրանում է 2011 թ.: Իսկ դա նշանակում է, որ ցանկության դեպքում իր «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենան Ծովակ Գեւորգյանն այսօր չի կարող վաճառել եւ սուտ տեղեկություն է հաղորդել դատարանին: Ճանապարհային ոստիկանը նաեւ ասաց. «Վթարից առաջ եղբորս «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենան ապահովագրված էր, սակայն եղբայրս չկարողացավ ստանալ ապահովագրության գումարները, քանի որ վթարի ժամանակ մեքենան ուրիշն է վարել»: Սեւակ Գեւորգյանը մեզ խոստովանեց, որ վթարի տեղազննության աշխատանքներին մասնակցել է պաշտոնի բերումով: Հաստատեց նաեւ, որ Սեյրան Միկոյանի հայրը` Սամվել Միկոյանը, եղբորը հատուցել է 400 000 դրամ: Դատավոր Հովնանյանը 1 մլն 950 000 դրամ հայցային վնասի պահանջի որոշումը կայացնելիս այս հանգամանքն անտեսել է: Սամվել Միկոյանն ասում է, որ դատարանում իր շահերը պաշտպանելու համար ի վիճակի չէ փաստաբան վարձել: «4 անգամ նոր փորձաքննություն անցկացնելու միջնորդություն եմ արել դատարանում: Ծովակ Գեւորգյանի պահանջած գումարը աբսուրդ ա, էսօր էդ «Ֆորդ Տրանզիտի» արժեքը շուկայում ամենաթանկը 7500 դոլար է: Էսօր նա ինձանից 6 հազար դոլար փող է ուզում, գումարած 400 000 դրամը, որ տվել ենք: Սենց ընկել եմ անելանելի վիճակի մեջ»: Ոստիկանության շարքային աշխատակիցը բազմաթիվ ատյաններ է դիմել` վիճակից դուրս գալու համար: Այդ թվում` Լոռու մարզի ոստիկանապետ Անուբաղ Համբարյանին: «Նա լավ էլ կպած կուզեր օգնի, փորձագետին կանչել ա, փորձագետն էլ ասել ա` չեմ իմացել, որ Սեյրան Միկոյանը ոստիկան է: Լավ ոստիկան եմ, էսօր ի՞նչ ա իմ վիճակը»,- ասաց Սամվել Միկոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter