HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հայանիստում պայքարի են դուրս եկել բարձրաստիճան պաշտոնյանե՞րը

«Ես չեմ պատկերացնում, թե էս երկիրն էս ինչ անարդար երկիր է: 20 տարի գործող գյուղապետին ոչ մեկ ոչինչ չի արել, դեմը դնող չի եղել: Անարդարություններ արել է` հերիք չի, հիմա էլ բոլոր ջահելներին, երիտասարդ տղաներին գիշեր-ցերեկ հանգիստ չեն տալիս, զանգում են անընդհատ, թե քեզ բռնել կտանք, բերդ կտանենք, սպանել կտանք: Փող են բաժանում, ժողովրդին խաբում, դիմում գրել են տալիս: Մարդկանց էլ խաբում են, թե քվեախցիկների մոտ կամերաներ են դրվելու, ու տեսնելու են, թե ով է փող վերցրել ու չի ընտրել»,- օրեր առաջ «Հետքին» ասում էր Արարատի մարզի Հայանիստ գյուղի համայնքապետի թեկնածու Բալաբեկ Սարկիսյանը եւ մեղադրում գործող գյուղապետ Գուրգեն Մարտիրոսյանին: Այսօր` ընտրությունների օրը, թեկնածուն ամբողջությամբ փոխվել էր եւ ավելի զուսպ էր արտահայտվում միակ մրցակցի մասին: «Ոչ մի բան էլ չկա, լրիվ նորմալ է ընթանում: Ինչ եղել է արդեն անցել է»,- այսօր ասաց Բալաբեկ Սարկիսյանը: Երբ զրուցում էինք նրա հետ, մի երիտասարդ եկավ եւ գրեթե քաշելով տարավ թեկնածուին` ասելով, թե «բոլոր հարցերին կպատասխանես ընտրություններից հետո: Հիմա ավելորդ բաներ էս ասելու»: Այդ պահին Բ. Սարկիսյանից հետաքրքրվում էինք, թե ով է նրան աջակցում, որ ավելի ամուր դիրքերից է խոսում: «Ինձ ոչ մի պաշտոնյա էլ չի աջակցում»,- ասաց ու հեռացավ: Շրջանառվող լուրերի համաձայն, գործող գյուղապետի թեկնածությունը պաշտպանում են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, իսկ Բ. Սարգսյանին «հաղթելու խոստում» տվել է Մասիսի տարածքից մեծամասնականով պատգամավոր ընտրված ԲՀԿ անդամ Տիգրան Ստեփանյանը: Հայանիստում խոսում էին, որ այս ընտրությունները, ոչ թե գյուղապետի ընտրություններ են, այլ երկու իշխանական թեւերի` ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի: Միայն ընտրատեղամասի հարեւանությամբ, փողոցի երկու կողմերի երկայնքով շարված արտասահմանյան մակնիշի թանկարժեք մեքենաների առկայությունն արդեն հուշում էր, թե ինչ կարգի մարդիկ են կանգնած գյուղապետի թեկնածուների կողքին: Նույնիսկ հասարակական կարգը պահպանող ոստիկաններն էին բաժանվել երկու մասի: Նրանց մի մասը լավ հարաբերությունների մեջ էր մի թեկնածու հետ, մնացածը`մյուսի: Ինչքան էլ երկու կողմերը փորձում էին ձեւական հանգստություն պահպանել, այնուամենայնիվ գյուղում թեկնածուների կողմնակիցները լարված էին միմյանց նկատմամբ: Առավոտյան նույնիսկ փոքր բախում է եղել նրանց միջեւ: Ընտրատեղամասը գտնվում էր գյուղի դպրոցում, թեեւ տարածքը լայն էր, բայց մոտ 50 մարդ էր հավաքվում տարածքում, իսկ քվեախցերի մոտ միանգամից հավաքվում էին 3-4 ընտրող: Կարեւորելով նույնիսկ մեկ ընտրողի ձայնը, երկու թեկնածուների կողմնակիցներն էլ ավտոմեքենաներով էին մարդկանց բերում տեղամաս: Ընտրության էին բերում նույնիսկ ոտքի վրա հազիվ կանգնող տատ-պապերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter