
«Հասարակական գործիչ» Սևակ Արզարունու (Արծրունու) իրական գործունեության տարեգրությունը
Նարեկ Հարությունյան
Մաս I
Սևակ Արծրունու մերկապարանոց հայտարարությանը տող առ տող անդրադառնալն անիմաստ եմ համարում, քանի որ նրա հոդվածը տարաբնույթ կասկածելի գործերի մեջ խճճված չհաջողված անձի կողմից հանդեպ ինձ և «Նարեկացի» արվեստի միության ունեցած չարությամբ և նախանձով է «բուրում»: Իսկ ստահոդ հոդվածում նշված փաստերը, հուսով եմ, որ կպարզվեն և կհաստատվեն դատարանի վճռով:
Այսուհետ, Սևակի յուրաքանչյուր հոդվածից հետո կհրապարակեմ դրվագներ նրա իրական գործունեության վերաբերյալ:
2003-10թթ.-ին մեր ընտանիքի անդամների անունից հանդես եկած Սևակ Արզարունին հանրությանը ներկայանում է իբրև «հասարակական գործիչ»:
«Հայ հասարակական գործիչների» ցանկում նշված են Մխիթար Գոշի, Րաֆֆու, Լեոյի, Գաբրիել Սունդուկյանի, Մկրտիչ Խրիմյանի, Վահան Տերյանի, Մանուկ Աբեղյանի, Նիկոլ Աղբալյանի, Անդրանիկ Օզանյանի և այլ հանրահայտ անձանց անուններ: Բնականաբար, հասարակական գործիչների ցանկում, Սևակը` Արզարունի (կամ Արծրունի) ազգանվամբ, չի հիշատակվում:
Սևակի օրինակով, յուրաքանչյուր անձ էլ իրեն կարող է հռչակել «հասարակական գործիչ»: Այնինչ, «հասարակական գործիչ»-ը հասարակական կատեգորիա է, որը ենթադրում է որոշակի վարքագիծ և այդ վարքագծով հասարակության մեջ ձեռք բերված կարգավիճակ ու համբավ:
Սևակը մեր ընտանիքի անդամներին ներկայացրել է ոչ թե «հասարակական հիմունքներով» (անհատույց), այլ մեր բարեգործական ծրագրերի հաշվին իր ընթացիկ անձնական ֆինանսական խնդիրները լուծելու, իսկ հետագայում նաև մեր ունեցվածքի մի մասին տիրելու նկատառումներով: Մասնավորապես.
«ճշմարտություն, օրենք և արդարություն» ծանրակշիռ կարգախոսով հանդես եկող Սևակը, իմանալով մեր հանգուցյալ մոր` Քնար Հարութունյանի հիշատակին որևէ ազգանվեր գործ իրականացնելու մեր ընտանիքի փափագը, 2003թ.-ին ժամանել է ԱՄՆ, ծանոթացել եղբորս ու հորս հետ և համոզել, որ նա 250.000 ԱՄՆ դոլար նախահաշվային արժեքով Արցախի ազատագրված հողերում կիրականացնի Քնարավան գյուղի շինարարությունը:
Մենք այդ ժամանակ տեղեկացված չէինք, որ դեռևս 2000թ.-ի մայիս ամսից մինչև 2001թ.-ի հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, որպես «Ֆրանս-Ղարաբաղ» կազմակերպության ներկայացուցիչ հանդես եկած Սևակ Արծրունին, Արցախի Հադրութի շրջանի Նորաշեն գյուղում շինարարական աշխատանքներն իրականացրել է ոչ թե ֆրանսահայ բարերարների կողմից տրամադրված միջոցների հաշվին, այլ` տեղաբնակների հաշվին, որոնց հանդեպ պարտքեր էր կուտակել:
Բնականաբար, ֆրանսահայ բարերարները, առանց գումարի հատկացման, նրան շինարարական աշխատանքներ չէին հանձնարարի, և դժվար չէ հետևություն անել առ այն, որ բարերարների գումարներն այլ նպատակների են ծառայել:
Ինչևէ, այդ փաստերն արձանագրված են Հադրութի շրջդատախազ Վ.Ս.Ղահրամանյանի վարույթում գտնվող թիվ 18200303 քրեական գործով 02 օգոստոսի 2004թ.-ի որոշման մեջ (Տես նկարները` ստորև):
Նույն որոշման մեջ արձանաgրված է, որ 2003թ.-ի հուլիսի 1-ին վերը նշված փաստի առթիվ շրջդատախազություն դիմում է ներկայացրել Հադրութի շրջանի Այգեստան գյուղի բնակիչ Դավիթ Հովհաննիսյանը, իսկ 03.09.2003թ.-ին նշված փաստի (խարդախության) առթիվ հարուցվել է քրեական գործ: 03.11.2003թ.-ին Սևակ Արծրունու նկատմամբ որոշում է կայացվել` որպես մեղադրյալ ներգրավելու մասին և խափանման միջոց է ընտրվել կալանք ու հայտարարվել է հետախուզում:
Այսինքն` Նորաշեն գյուղում ֆրանսահայերի նախաձեռնությամբ իրականացված բարեգործական ծրագրերի շրջանակներում 2001թ.-ից ի վեր Սևակն Արցախում պարտքեր է կուտակել:
Թիվ 18200303 քրեական գործով 02 օգոստոսի 2004թ.-ի որոշման մեջ նաև նշված է, որ «2004թ. մայիսի 31-ին գործով մեղադրյալ Ս.Արծրունին կամավոր ներկայացել և կամովին վերականգնել է թվով երեք անձանց նկատմամբ ունեցած պարտքի գումարները», որպիսի հանգամանքով պայմանավորված, նրա նկատմամբ «հայտարարված հետախուզումը դադարեցվել է, խափանման միջոց կալանքը փոփոխվել է և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն բնակավայրից չհեռանալու մասին»:
Իսկ դրանից հետո որոշման մեջ հետաքրքիր դրվագ է արձանագրված այն մասին, որ «Ս.Արծրունին շինարարական աշխատանքները իրականացնելու ընթացքում Դ.Հովհաննիսյանին է տվել 2.000 ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարի դիմաց նրան տվել է 450.000 ՀՀ դրամի ազբեստե շիֆր, որը հաստատվել է Ս.Արծրունու և Դ.Հովհաննիսյանի ցուցմունքներով»:
Նույն որոշմամբ, «նկատի ունենալով, որ Սևակ Արծրունին վստահություն չարաշահելու միջոցով թվով երեք անձանց գումարները ամբողջությամբ վերականգնել է, բարեգործական աշխատանքներ է կատարում ԼՂՀ տարածքում, զղջացել է կատարվածի համար», որոշում է կայացվել «քրեական գործը Սևակ Արծրունու նկատմամբ կարճել` գործուն զղջալու կապակցությամբ»:
Ընթերցողի մոտ հարց կծագի առ այն, թե ի՞նչ կապ ունի վերը նշված քրեական գործով հաստատված հանգամանքները Հարթունյաններիս հետ:
Հետադարձ հայացքով կարող եմ արձանագրել, որ 2003թ.-ի ամռանը Սևակի խորհրդով մեր բարեգործական ծրագրի մեկնարկն իրականացվել է այն ժամանակ, երբ նա, վերը նշված բարեգործական ծրագրի շրջանակներում, հազարավոր դոլարների պարտք էր կուտակել, ի վիճակի չէր այդ գումարները վճարել, և այդ փաստով հարուցված քրեական գործով նա մեղադրյալի կարգավիճակում հետախուզման մեջ էր գտնվում:
Եվ հանկարծ, 2004թ.-ի ամռանը «ԼՂՀ տարածքում բարեգործական աշխատանքներ կատարող», այսինքն, Քնարավանի` մեր բարեգործական ծրագրի շինարարությունն իրականացնող Սևակ Արծրունին, ներկայանում է նախաքննության մարմին, «զղջում» կատարածի համար և գումարով ու շինանյութով վերականգնում պարտքերը:
Քնարավանի շինարարության հետ կապված նշեմ, որ միայն վերջերս տեղեկացանք այն մասին, որ մասնագետները Սևակին խորհուրդ են տվել Հանդաբերդի ստորոտում գյուղ չհիմնել, սակայն Սևակն անտեսել է նրանց խորհուրդը, և նույնիսկ մեր ընտանիքից գաղտնի է պահել տվյալ վայրում գյուղ հիմնելու ռիսկերը: Ակնհայտ է, որ նրան ոչ թե գյուղի հիմնադրումն է հետաքրքրել, այլ այդ բարեգործական ծրագրից ակնկալվող իր շահույթի միջոցով քրեական գործից օր առաջ ձերբազատվելը:
Վերը նշել եմ, որ Քնարավան գյուղի ծրագրի նախահաշվային արժեքը 250.000 ԱՄՆ դոլար էր կազմում, սակայն Սևակը, տարբեր պատճառաբանություններով իմ հայրիկից ավելի քան 550.000 ԱՄՆ դոլար է ստացել, սակայն շինարարական աշխատանքները կատարվել են անորակ և ահավոր թերություներով:
Սույնով կսահմնափակեմ Մաս I-ը:
Հ.Գ. Սևակի հերթական հայտարարությունից հետո կներկայացնեմ ՄԱՍ II-ը, որը կվերաբերի Քնարավանի շինարարությանը` Սևակի կողմից թույլ տրված չարաշահումներն:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել