Ռումբի մասին երեք կեղծ ահազանգ` մեկ օրում
Երեկ` ժամը 13:00-ի սահմաններում, Ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Հրշեջ ծառայության աշխատակիցները, սակրավորները որոնողական աշխատանքներ էին կատարում Մաշտոց-Թումանյան խաչմերուկի մոտ գտնվող «Սթար» սուպերմարկետում: Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հսկողության տակ էին վերցրել խանութին հարակից ողջ տարածքը:
Պատճառն այն էր, որ անհայտ անձը զանգահարել էր Ոստիկանություն և հայտնել, թե խանութում ռումբ է տեղադրված: Նշված վայր էին բերվել վարժեցված շներ:
Մինչ «Սթարի» տարածքում ընթանում էին ռումբի հայտնաբերման աշխատանքները, ահազանգ ստացվեց, որ Մաշտոց պողոտայում գտնվող «Կազիրյոկ» սրճարանում նույնպես ռումբ է տեղադրված: Մեկ այլ օպերատիվ խումբ էլ նույն որոնողական աշխատանքներն սկսեց իրականացնել «Կազիրյոկում»: Տարածքը վերցվեց հսկողության տակ:
Մոտ 40 րոպե անց հնչեց 3-րդ ահազանգը, թե Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի դիմաց կայանված «Օպել» մակնիշի, սև գույնի ավտոմեքենայի մեջ նույնպես ռումբ է դրված: Մինչ կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության, Հրշեջ ծառայության աշխատակիցներն ու սակրավորները, Ոստիկանությունը հսկողության տակ վերցրեց նշված տարածքը ևս:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպի վայրից հայտնում է, որ Ոստիկանությանը հայտնի է կեղծ ահազանգի հեղինակը: Նրա հեռախոսահամարը ֆիքսվել է Ոստիկանությունում: Պարզվել է, որ կեղծ ահազանգերի հեղինակը եղել է տղա, սակայն խոսել է կնոջ ձայնով: Նա Մեծարենց փողոցի բնակիչ է, որը, ըստ Գագիկ Շամշյանի ստացած տեղեկությունների, հաշվառված է հոգեբուժական դիսպանսերում:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել