HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Նվերներ` մանկատան սաներին

Արեւհատ Վարդեւանյանն ու Մանվել Իսրայելյանն առաջին անգամ են մասնակցում մանկատներին կամ սոցիալապես անապահով ընտանիքներին Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնի Սոցիալական բաժնի կողմից կազմակերպվող ակցիաներին: «Ես շատ էի ուզում որեւէ ձեւով օգնել Գյումրիում գործող «Հույս» մանկատանը, բայց չգիտեի ինչպես,-պարզաբանում է Արեւհատ Վարդեւանյանը,-ես վարսավիր եմ, իսկ ամուսինս անհատ ձեռներեց է, խանութ ունի: Միասին որոշեցինք հագուստ նվիրել երեխաներին, մեզ միացավ նաեւ Մանվելը, դիմեցինք թեմի սոցիալական խնդիրներով զբաղվող բաժնի ղեկավար Լուսիկ Մուրադյանին եւ ահա նրանց հետ համատեղ մասնակցում ենք բարեգործական այս ակցիային»: 70 ափսե, տարբեր չափսերի տաբատներ 45 սանի համար, անկողնային պարագաներ, սպորտային կոշիկներ, գիշերազգեստներ փոքրիկների համար, սա էր այն ամենն ինչ այս անգամ կենտրոնն ու նորելուկ բարերարներն այցի օրը նվիրեցին մանկատանը: Արեւհատ Վարդեւանյանը խոստացավ անվճար իր վարսավիրանոցում սպասարկել մանկատան բոլոր շրջանավարտ աղջիկներին. «Ես ուզում եմ, որ այդ օրը նրանք յուրահատուկ լինեն իրենց սանրվածքով»: «Մեր հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, որպեսզի հաճախակի նմանատիպ ակցիաներ կազմակերպենք: Որպեսզի օգնենք աղքատ ընտանիքներին եւ մանկատներին մենք համագործակցում ենք «ԱՌԴԱ» , «ՀՕՖ» բարեգործական կազմակերպությունների, նաեւ անհատ բարերարների հետ,-ասում է սոցիալական բաժնի պատասխանատու Լուսիկ Մուրադյանը,- մեր բաժինը միայն Գյումրիում 500 շահառու ունի, բայց մենք կարողանում ենք միայն 230-ի հետ աշխատել,դրանք աղքատ ընտանիքներ են, որոնք մեր կենտրոնում ստանում են տարբեր տեսակի խորհրդատվություններ, նաեւ հումանիտար օգնություն: Դե երբեմն-երբեն էլ եթե դրա հնարավորությունը կա, օգնում ենք մանկատներին»: Մանկատան տնօրեն Անահիտ Կարապետյանին շատ էր ուրախացրել հատկապես սպասքի առկայությունը նվերների ցանկում: Նա խոստովանեց, որ մանկատան 67 սաներին միաժամանակ չեն կարողանում կերակրել հենց ափսեների սղության պատճառով. «Չեք պատկերացնի թե ինչքան վատ է, երբ գիտես, որ երեխան սոված է, իսկ դու նրան ասում ես, թե պիտի սպասես, մինչեւ ամանները լվանան, որ մաքուր ափսե լինի, քեզ ճաշ տանք ուտես, շատ վատ է»,-ասում է մանկատան տնօրենը: Անահիտ Կարապետյանը խոստացավ նվիրած անկողնային պարագաներից մեկը պահել Արփինեի համար, ում վերջերս են ամուսնացրել եւ բնականաբար օժիտ տալու պարտականություն ունեն: «Եթե հնարավոր լիներ ձեր միջոցով հովանավոր գտնել մեր Վահագի համար, շատ ուրախ կլինեինք: Տղան տառապում է սկուլիոզով եւ մեծ գումարներ են հարկավոր վիրահատության համար, որը մանկատունն այսօր չունի,-Ֆրիտյոֆ Նանսենի անվ. «Հույս» մանկատուն այցելած հյուրերին է դիմում տնօրեն Անահիտ Կարապետյանը,-մեր Խորենին վիրահատել են, բայց ահա Վահագի համար բարերար չենք գտնում»: ՀԱԵ Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնի Սոցիալական եւ գենդերային բաժնի ղեկավար Լուսիկ Մուրադյանը խոստացավ հնարավորության դեպքում կենտրոն այցելող արտասահմանցի բարերարներին ներկայացնել խնդիրը:  Տիկին Մուրադյանն առաջարկեց մանկատան մեծահասակ սաներին անվճար ընդգրկել կենտրոնի կողմից կազմակերպվող դասընթացներին. «թող երեխաները արհեստ սովորեն, ունենք նաեւ համակարգչային եւ օտար լեզուների դասընթացներ, որոնք կարծում եմ հետագայում նրանց ավելի են պետք գալու»: Խմբին ուղեկցող Ռուբեն սարկավագն էլ օրհնելով մանկատան սաներին հույս հայտնեց, որ նրանք էլ հետագայում կփորձեն իրենց հնարավորությունների սահմաններում օգնել տկարներին ու կարիքավորներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter