HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տավուշի մարզում սողանքներն ակտիվացել են

Տավուշի մարզում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ակտիվացած սողանքային երևույթներն ուսումնասիրելու նպատակով մայիսի 14-ին Դիլիջան է մեկնել` ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության, ՀՀ քաղաքաշինության նախարարության, Տավուշի մարզպետարանի, Դիլիջանի քաղաքապետարանի համապատասխան մասնագետներից կազմված աշխատանքային խումբը: Աշխատանքներին մասնակցել են նաև Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները: Պարզվել է, որ «Շամախյան աշունքավայրեր» կոչվող տարածքում սողանքների ակտիվացման հետևանքով անանցանելի է դարձել «Դիլի» ագրոարդյունաբերական համալիր տանող ճանապարհը` սպառնալով լանջի ստորոտում գտնվող ենթակառուցվածքներին և բնակելի տարածքներին: Սողանքային զանգվածը փլուզել է Մյասնիկյան փողոցի 50-րդ տան հետնապատը` տունը դարձնելով խիստ վթարային: Հաշվի առնելով շինության վթարայնության աստիճանը և փլուզման վտանգը` բնակիչներին առաջարկվել է տանից տեղափոխվել: Փլուզվել է նաև Մյասնիկյան 56 հասցեում գտնվող նորակառույց շինության լանջին հարող հատվածը. սեփականատերերը մաքրել են թափվածքները, իրականացվում են հարկադիր քարաթափման և լանջի հարթեցման աշխատանքներ: Տեղաշարժվել է նաև ավտոկայանին հարակից լանջի սողանքի լեզվակային մասը, ինչի հետևանքով փլուզվել և ձևախախտվել են Հովվաջուր գետի հենապատերը` մոտ 70 մ երկարությամբ: Աշխատանքային խմբն ուսումնասիրել է ողջ սողանքային լանջի` նոր փոփոխությունների ենթարկված հատվածները և սպառնալիքները: Որոշվել է վտանգավոր հատվածի բնակչության շրջանում իրականացնել իրազեկման և բացատրական աշխատանքներ` մինչ հիմնախնդրի վերջնական լուծումը: Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter