Վթարի հետևանքով վարարել են Գեղի և Ողջի գետերը
Մայիսի 15-ին` ժամը 08:39-ին, տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գեղիի ջրամբարում տեղի է ունեցել փականի վթար (տարողությունը 15 մլն խմ, վթարի պահին` 5 մլն խմ ջուր): Ժամը 08:45-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ վթարի հետևանքով ջուրը արտահոսել է Գեղի գետ, այնուհետև Ողջի գետ` առաջացնելով գետերի մակարդակի կտրուկ բարձրացում:
Գեղի գետի վարարման հետևանքով ջրածածկվել են Թավշուտ գյուղի այգիներն ու ցանքատարածքները, մասնակի վնասվել են խմելու և ոռոգման ջրի ջրագծերը:
Ողջի գետի վարարման հետևանքով փլվել է դեպի Կավճուտ գյուղ տանող երկաթբետոնե կամուրջը, Կապան-Քաջարան ավտոճանապարհի 11-րդ կմ-ում առաջացել է գրունտի հոսք, ինչը սպառնում է ավտոճանապարհի մասնակի փլուզմանը, իսկ 16-րդ կմ-ում փլուզվել է Ողջի գետի ափապաշտպան պատնեշը:
Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել