HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սուղ բյուջեն երբեք չի անդրադառնում համայնքի ղեկավարի աշխատավարձի վրա

Բայց տուժում են ստորին օղակի աշխատողները Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի ավագանու նիստին, որը տեղի էր ունեցել ապրիլի 28-ին, կայացվել են մի շարք կարևոր որոշումներ, որոնք օրակարգում տեղ են գտել ոչ թե հատուկ հարցով, այլ ներառվել են «ընթացիկ հարցերի» մեջ: Ասենք, «ընթացիկ հարց» է դիտվել համայնքի ղեկավարի աշխատակազմի հաստիքացուցակի հաստատումը: Նշենք, որ Շամիրամն ունի մոտ 1.600 բնակչություն, և ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի` համայնքի ղեկավարի աշխատավարձը պետք է սահմանվի ԱԺ պատգամավորի աշխատավարձի մոտ 60 տոկոսի չափով, այս դեպքում` 180.000 դրամ: Բայց գյուղապետ Մրազ Բրոյանը, «ելնելով համայնքի բնակչության թվաքանակից և նրանց սպասարկելու հնարավորություններից», ավագանուն առաջարկել է համայնքի ղեկավարի աշխատավարձը սահմանել 177.000 դրամ: Փոխարենը գյուղում որոշել է պահել 0.60 դրույքով գրադարանավար` 21.000 դրամ աշխատավարձով, ինչպես նաև 0.40 դրույքաչափով հավաքարար` 12.500 դրամ աշխատավարձով: Փաստորեն, գրադարանավարն ու հավաքարարը չեն ստանում նույնիսկ նվազագույն աշխատավարձ, իսկ գյուղապետը իր համար սահմանել է օրենքով նախատեսված առավելագույն աշխատավարձից ընդամենը 3.000 դրամով պակաս աշխատավարձ: Գյուղապետի այս առաջարկը գյուղի ավագանին հաստատել է միաձայն: Մրազ Բրոյանն իր աշխատավարձը ևս «անձեռնմխելի» է թողել, երբ ավագանու նիստում առաջարկություն է ներկայացրել աշխատակազմում ավելացնել մեկ այլ նոր` «հսկիչ-կազմակերպչի» հաստիքը: «Հսկիչ-կազմակերպիչը» պետք է զբաղվի գերեզմանոցի տարածքի, փողոցների, հուշարձանների տարածքների մաքրության և այլ հարցերով: Այդ աշխատանքների համար սահմանվել է 45.000 դրամ աշխատավարձ: Նոր հաստիք բացելու համար 15.000-ական դրամով կրճատվել են գյուղապետի տեղակալի, հաշվապահի և գանձողի աշխատավարձերը: Այժմ գյուղապետի տեղակալը ստանում է 100.000, իսկ աշխատակազմի քարտուղարը` 105.000 դրամ աշխատավարձ: Քանի որ Շամիրամի գյուղապետի հետ հեռախոսակապ հաստատել մեզ չհաջողվեց, դիմեցինք Արագածոտնի մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Սիրասնիկ Հովսեփյանին: Նա ասաց, որ մի շարք համայնքներում ֆինանսական խնդիրներ կան, և այդ պատճառով են հավաքարարի ու գրադարանավարի աշխատավարձերը կրճատվել: «Քանի որ այդ գյուղերի դպրոցներում կան գրադարաններ, առաջարկել ենք համայնքի գրադարանը միացնեն դպրոցի գրադարանին և լուծել այդ խնդիրը»,- ասաց Սիրասնիկ Հովսեփյանը: Մինչ գյուղապետ Մրազ Բրոյանը կորոշի կարգավորել այս հարցը, գյուղի գրադարանավարն ու հավաքարարը կշարունակեն ստանալ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից էլ պակաս աշխատավարձ: «Ես հասկանում եմ ձեր մտահոգությունը, դուք իրավացի եք, բայց այս դեպքում խնդիրը բարոյական հարթության մեջ է, և գյուղապետը ինքը պետք է մտածեր դրա մասին»,- ավելացրեց Սիրասնիկ Հովսեփյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter