Ջիվան Գասպարյանը կխոսի Գագիկ Բեգլարյանի հետ
Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ Գագիկ Բեգլարյանի կողքին կանգնեցին շատ մտավորականներ, արվեստագետներ, ճանաչված մարդիկ, որոնք օգտվելով ժողովրդի` իրենց նկատմամբ ուենցած սիրուց, կոչ էին անում ընտրողներին իրենց քվեն տալ Գագիկ Բեգլարյանին, ով, մտավորականների կարծիքով, լավ ղեկավար կլիներ Երեւանի համար:
Այսօր, երբ Ուսանողական այգում միաժամանակ վերակառուցվում են երկու սրճարաններ, այդ նույն մտավորականներից միայն երգիչ Ֆորշն է միացել այն ստորագրահավաքին, որի նպատակն է դադարեցնել շինարարությունը հասարակական այգում:
Մենք զրուցեցինք ընտրությունների ընթացքում Գագիկ Բեգլարյանին սատարած մտավորականներից մի քանիսի հետ` պարզելու նրանց դիրքորոշումը Ուսանողական այգում եւ առհասարակ քաղաքում կառուցվող սրճարանների վերաբերյալ:
Դերասան Ռաֆայել Քոթանջյանն ասաց, թե ինքը դժվար թե որեւէ նախաձեռնությամբ կամ կոչով հանդես գա, բայց մեծ հաճույքով իր ստորագրությունը կտա` հանուն այգու պահպանման:
Իսկ դերասան Ալբերտ Մկրտչյանը մեզ հետ զրույցի ժամանակ Արցախում էր գտնվում. «Ես Երեւանում չեմ, եթե դուք կազմակերպեք համատեղ հայտարարություն, ես թույլ եմ տալիս, որ իմ փոխարեն ստորագրեք,- ասաց նա:- Ես դեմ եմ, որ այգիները քարուքանդ են անում, ես սրճարան կառուցելուն դեմ չեմ, բայց այգիների քանդմանը դեմ եմ, եւ դա միակ այգին չէ»:
Իսկ դուդուկահար Ջիվան Գասպարյանը նշեց, թե ինքը որոշել է քաղաքականությունից շա~տ հեռու մնալ: Մեր այն դիտարկմանը, թե այգիների պահպանության հարցը քաղաքական չէ, եւ բացի դրանից` ինքը քաղաքականության մեջ էր ընտրությունների ժամանակ, դուդուկահարն արձագանքեց. «Իհարկե, լավ չէ, որ այգին փչացնում են, բայց ես չգիտեմ` ինչ են սարքում, ում թույլտվությամբ, ես գաղափար չունեմ»:
Երաժիշտը նշեց, որ ինքը լավ երեւանցի է, եւ իր նման երեւանցիներ քաղաքում քիչ կան, այնուամենայնիվ, նա չէր ցանկանում հրապարակային հայտարարությամբ հանդես գալ: «Ես Բեգլարյանի հետ առանձին կխոսեմ եւ իմ կարծիքն առանձին կասեմ»,- նշեց Ջիվան Գասպարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել