Բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել մոտ 1 մլն դրամ
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը (ԲՊՏ) մայիսի 1-15-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել է 5 ստուգում: Ստուգման, կենսառեսուրսների ապօրինի օգտագործման, հողերի տեղափոխման, թափոնների տեղադրման նկատմամբ շրջայցերի ընթացքում հայտնաբերված, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի վերաբերյալ ԲՊՏ-ը կայացրել է 18 վարչական որոշում` 830.0 հազ. դրամ գումարով, հաշվարկել է 4.26 մլն դրամ գումարի բնությանը պատճառված վնաս և տվել հայտնաբերված խախտումների վերացման պարտադիր կատարման 4 հանձնարարական: Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտում
ԲՊՏ անտառների վերահսկողության բաժնի կողմից «Հայանտառ ՊՈԱԿ»-ի Դսեղի անտառտնտեսությունում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման դեպք, ինչի համար հաշվարկվել է 1.84 մլն դրամի բնությանը հասցված վնաս:
Սյունիքի ՏԲ-ը ապօրինի ծառահատման 1 փաստով հաշվարկել է 4.0 հազ. դրամի բուսական աշխարհին պատճառված վնաս:
Երևանի ՏԲ-ը Թեժ գծով ստացված ահազանգի հետքերով իրականացված ուսումնասիրությամբ արձանագրել է 1 հատ թեղի տեսակի ապօրինի հատված ծառ, ինչի համար կայացվել է 100.0 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում, և հաշվարկվել է 40.0 հազ. դրամ գումարի բնությանը հասցված վնաս:
Լոռու ՏԲ-ը ապօրինի ծառահատման 3 դեպքով հաշվարկել է 2.27 մլն դրամ բուսական աշխարհին պատճառված վնաս:
Շիրակի ՏԲ-ը ապօրինի ծառահատման 2 փաստով 2 անձի նկատմամբ կայացրել է 100.0 հազ. դրամի ընդհանուր գումարով վարչական տուգանքի որոշում և հաշվարկել 17.1 հազ. դրամի բուսական աշխարհին պատճառված վնաս:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում
ԲՊՏ վերահսկողության բաժինը կանխել է որսագողության 4 դեպք, ինչի համար բնախախտների նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի 4 որոշում 120.0 հազ. դրամ գումարով:
Վայոց ձորի ՏԲ կողմից հայտնաբերված անօրինական ձկնորսության փաստով հաշվարկվել է 55.0 հազ. դրամի բնությանը հասցված վնաս: Իրականացվում է վարչական վարույթ:
Երևանի ՏԲ-ի կողմից Երևանի շուկաներում իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 74 հատ սիգ տեսակի տիրազուրկ ձուկ, որը օրենքով սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրին:
Շիրակի ՏԲ-ը արձանագրել է ապօրինի ձկնորսության 1 դեպք, որի համար կայացվել է 30.0 հազ. դրամ գումարի 1 վարչական որոշում: Առգրավել է 1 հատ ձկնորսական ցանց:
Ջրերի պահպանման ոլորտ
ԲՊՏ ջրերի վերահսկողության բաժինն ավարտել է 2 տնտեսվարողի («Արարատի պանրի գործարան» ԲԲԸ և «Երասխ մել» ՍՊԸ) մոտ իրականացվող ստուգումները: Տրված է հայտնաբերված խախտումների վերացման պարտադիր կատարման 2 հանձնարարական: Ստուգման արդյունքների ամփոփումն ընթացքի մեջ է:
Սյունիքի տարածքային բաժնում ստացված ահազանգով իրականացված ուսումնասիրության արդյունքում` արձանագրվել է Կապան քաղաքի Ա.Մանուկյան փողոցի կոյուղու կեղտաջրերի բաց ջրավազանի արտահոսք, որի համար «Կապանի ջրմուղ կոյուղի» ՓԲ ընկերությանը տրվել է արտահոսքը 10-օրյա ժամկետում վերացնելու պարտադիր կատարման հանձնարարական:
Հողի բերրի շերտի պահպանության ոլորտ
ԲՊՏ Արագածոտնի ՏԲ-ի արձանագրած 1 դեպքում կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում 30.0 հազ. դրամ գումարով:
Թափոնները սահմանված կարգով չտեղադրելու համար ԿՀԹՎՆ վերահսկողության բաժինը կայացրել է 80.0 հազ. դրամ գումարի 1 վարչական որոշում, և հաշվարկվել է 40.0 հազ. դրամի բնությանը պատճառված վնաս:
Ընդերքի պահպանության ոլորտ
ԲՊՏ վերահսկողության բաժինն իրականացրել է ստուգումներ Լոռու մարզի 2 ընդերքշահագործողների («Լոռու ՃՇՇ» ՓԲԸ և «Վառմաշ» ՍՊԸ) մոտ: Տրված է հայտնաբերված խախտումների վերացման պարտադիր կատարման 2 հանձնարարական: Ստուգման արդյունքների ամփոփումն ընթացքի մեջ է:
Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար 7 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 370.0 հազ. դրամի 6 վարչական որոշում:
Վայոց ձորի ՏԲ աշխատակիցները մայիսի 12-ին «Վայրի բնության պահպանություն» հկ-ի և Եղեգնաձորի համալսարանի ուսանողների հետ մասնակցել են Եղեգնաձոր գետի առափնյա մասն աղբից մաքրելու ակցիային:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ-ի կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 916.5 հազ. դրամ:
Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել