Կոչ են անում օրինագիծը չընդգրկել ԱԺ մայիսի 17-ին սկսվող հերթակա քառօրյա նիստերի օրակարգում
2010 թ. մայիսի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրեց իր մշակած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որն այնուհետև որոշ փոփոխություններով հավանության արժանացավ ՀՀ կառավարության 2010 թ. մայիսի 13-ի նիստում, որին որոշվեց նաև օրինագիծը համարել անհետաձգելի և սահմանված կարգով ներկայացնել ՀՀ Ազգային ժողով:
Օրինագիծը ներկայացնելու հանգամանքները և դրա բովանդակությունը մի շարք հարցեր և մտահոգություններ են առաջացնում: Մասնավորապես`
1. Օրինագծի մշակման նման հապշտապությունն ու այն անհետաձգելի համարելը պատճառաբանվում է Հայաստանում թվային հեռարձակման անցման և այդ գործընթացի իրավական կարգավորման անհրաժեշտությամբ: Այս դեպքում անհասկանալի է մնում ներկայացված փաստաթղթի ձևաչափը. դրանում պարզ չի երևում, թե կոնկրետ ո՞ր դրույթներն են ենթարկվել փոփոխության, հանվել կամ լրացվել, ինչը խոչընդում է կարճ ժամանակում արդյունավետ հանրային քննարկումներ կազմակերպելուն: Միաժամանակ, ԱԺ պատգամավորները նույնպես հնարավորություն չեն ունենա մանրամասն ուսումնասիրել օրենքի փոփոխություննները:
2. Ընդհանուր առմամբ օրինագծի բովանդակությունը չի արտացոլում այն աշխատանքները, որոնց իրականացման համար անհրաժեշտ էր 2 տարի: Ավելին, նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ այս օրինագիծը կարող էր մշակվել և ներկայացվել դեռևս 2008 թ.-ին, երբ գործող օրենքով նախատեսվում էին մի շարք հաճախականությունների օգտագործման լիցենզավորման մրցույթներ: Սա մեկ անգամ ևս հաստատում է մեր այն պնդումները, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում» 2008 թ. սեպտեմբերի 10-ին կատարված լրացումը, որով 2 տարով դադարեցվեցին հեռուստառադիոհեռարձակաման լիցենզավորման մրցույթները, ոչնչով հիմնավորված չէր:
Օրինագծի բովանդակության ուսումնասիրությունից պարզ չեն դառնում այն կարևորագույն և նոր մոտեցումները, որոնց մշակման պատրվակով ընդունվեց հիշյալ լրացումը: Այնինչ վերջինս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` «Մելտեքս» ՍՊԸ-ի («Ա1+» հեռուստաընկերության) գործով 2008 թ. հունիսի 17-ի որոշման, ինչպես նաև ԵԽԽՎ մի շարք բանաձևերի, այդ թվում` 1620 բանաձևի կատարման խոչընդոտ դարձավ: Լիցենզավորման մրցույթների կասեցումը մեծ վնաս հասցրեց ՀՀ հեռարձակման շուկայի բազմազանությանն ու մրցակցության սկզբունքներին:
3. Չնայած օրինագիծը առաջարկում է մի շարք նոր հասկացություններ (մուլտիպլեքս, մուլտիպլեքսոր, հեռարձակման թվային ցանց և այլն)` այնուամենայնիվ, այն չի պարունակում թվային հեռարձակմանը մասնակցող սուբյեկտների միջև հարաբերությունների և թվայնացման գործընթացի կարգավորման մեխանիզմներ: Հենց այդ դրույթները պետք է լինեին օրինագծի և թվային հեռարձակման անցման հայեցակարգի հիմնական նորամուծությունները, որոնցով կարող էր արդարացվել լիցենզավորման մրցույթների երկամյա դադարը:
4. Թե օրենքի նախագիծը և թե ՀՀ կառավարության 2009թ. նոյեմբերի 12-ին հաստատած «Հեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման» Հայեցակարգը չեն ներառում նախատեսված սոցիալական փաթեթի ձևավորման սկզբունքները, դրանցից բխող թվայնացման անցման դեպքում հեռուստառադիոընկերություններին տրամադրվող լիցենզիաների տեսակները և համապատասխանաբար` այդ լիցենզիաների տրամադրման հիմքերը: Նախագծում ընդգրկված չեն հեռուստառադիոընկերությունների կողմից պահանջվող ներդրումների կառուցվածքը, ինչպես նաև մի շարք կարևոր այլ հարցեր:
5. Պատճառաբանվելով հեռարձակման թվայնացման օրենսդրական դրույթների ամրագրման անհրաժեշտությամբ` նախագիծը, այսուհանդերձ, պարունակում է նաև վերջինիս ընդհանրապես չվերաբերող այնպիսի դրույթներ, որոնք բազմիցս դրվել են քննարկման, քննադատվել են հանրության կողմից և մերժվել խորհրդարանում:
Օրինակ, նախագծով (հոդված 26) Հանրային հեռուստառադիոընկերությունում առևտրային գովազդի սահմանափակումը մեղմացվել է, և այժմ «(…) Հանրային հեռուստառադիոընկերությունում առևտրային գովազդը չպետք է գերազանցի ընդհանուր հաղորդումների յոթ տոկոսը»` նախկի` 5-ի փոխարեն, և հանվել է Հանրային հեռուստառադիոընկերության հաղորդումներն առևտրային գովազդով չընդհատելու պահանջը: Այս փոփոխությունն անընդունելի է, քանի որ հասարակությունն իրավունք ունի ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի հիման վրա ստեղծված Հանրային հեռարձակողի հաղորդումները դիտել (լսել) առանց գովազդային միջարկությունների:
Ընդ որում, հասարակական կարծիքին հակառակ, մեղմացվում են գովազդին վերաբերող այլ սահմանափակումները ևս (հոդված 60, կետ 11):
6. Ինչպես հեռարձակման ոլորտի կարգավորմանը միտված նախորդ օրինագծերը, այս նախագիծը ևս փորձում է հարմարվել արդեն իսկ առկա իրողություններին: Այսպես, օրինագծի 47-րդ հոդվածով սահմանվում է, որ «Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում հանրապետական սփռման (…) Հանրային հեռուստառադիոընկերության երկու հեռուստածրագրեր (հեռուստաալիքներ), որոնցից մեկը` ընդհանուր ուղղվածության, մեկը` հոգևոր-մշակութային»:
Ակնհայտ է, որ այս դրույթն ընդամենը օրենսդրորեն ամրագրում է ՀՀ-ում արդեն իսկ գործող երկու հանրային հեռուստառադիոընկերությունները` չառաջարկելով հանրային հեռարձակողի զարգացման նոր ուղիներ: Ավելին, նույն հոդվածում սահմանելով 18 պոտենցիալ հեռարձակողների ուղղվածությունները` նույնպես, ըստ էության, ամրագրվել է առկա իրավիճակը: Իսկ գործող օրենքի 48-րդ` «Հաճախությունների ցանկը» հոդվածը հանելը (ըստ դրա` ՀՌԱՀ-ը տարեկան առնվազն մեկ անգամ հրապարակում էր հաճախությունների ամբողջական ցանկը և հայտարարում ազատ (չզբաղեցված) հաճախությունների մրցույթ), հեռարձակման ցանցը սահմանափակում է հիշյալ 18 հեռարձակվող ալիքներով, ինչն իր հերթին նշանակում է, որ օրինագիծն ընդունվելու դեպքում թվայնացման գործընթացը կհանգեցնի բազմազանության նվազման, և պարզ չէ, թե անցումային փուլի ավարտից հետո ինչպես են օգտագործվելու թվային հեռարձակման ռեսուրսները:
Հարկ է հիշեցնել ԵԽ Նախարարների կոմիտեի (2003)9 Հանձնարարականը, ըստ որի` թվային հեռարձակման անցումը չպետք է կատարվի բազմազանության աստիճանը նվազեցնելու հաշվին: Նույն սկզբունքն է արձանագրված նաև մի շարք այլ կարևոր փաստաթղթերում, մասնավորապես` Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը նվիրված ԵԽԽՎ 1643 (2009) բանաձևում:
Նախագծի վերոհիշյալ` 47-րդ հոդվածում նշվում է, որ թվային հեռարձակման ցանցի ստեղծումը, պահպանումն ու շահագործումն իրականացնող կազմակերպությունը և նրա գործառույթները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Ելնելով իրավական որոշակիության սկզբունքից` նպատակահարմար էր նախագծին զուգահեռ ունենալ նաև կառավարության որոշման նախագիծը, որպեսզի ապահովվեր իրավական և տնտեսական կանխատեսելիությունը:
7. Միևնույն ժամանակ օրինագծում լուծում չեն տրվում այն կարևորագույն խնդիրներին, որոնք հետևողականորեն մատնանշում են մի շարք լրագրողական, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ:
Այսպես` օրինագծով փոփոխություն չի մտցվել արբանյակային հեռարձակմանը վերաբերող 23-րդ հոդվածում: Դրա հնարավորությունը շարունակում է կախված մնալ Հայաստանում եթերային հեռարձակում ունենալուց: Մինչդեռ ներկա իրողություների պայմաններում արբանյակային հեռարձակումը պիտի սահմանվեր ընդամենը իբրև երկու տնտեսվարող սուբյեկտների` համապատասխան արբանյակային գործակալության և հեռարձակում իրակացնել ցանկացող ֆիզիկական կամ իրավաբանական անձի պայմանագրային հարաբերություների խնդիր: Փաստորեն, գործող օրենքով ՀՌԱՀ-ին իրավունք է վարապահված միջամտել այդ հարաբերություններին և արտոնել այնպիսի ռեսուրսից օգտվելու հնարավորությունը, որը բացարձակապես իր տնօրինությունից դուրս է:
ՀՀ Սահմանադրության փոփոխություններով նախատեսված է լայնացել Հեռուստատեսության և ռադիոյի Ազգային հանձնաժողովի իրավասությունների ոլորտը` դրա մեջ ներառելով հանրային հեռարձակման կարգավորումը և վերահսկողությունը: Սակայն օրինագիծը մշակողները հերթական անգամ առիթը չեն օգտագործել սահմանելու նման կարգավորման մեխանիզմները:
Ինչպես և նախկինում, չեն ապահովվում ՀՌԱՀ-ի կազմի հասարակական-քաղաքական բազմազանությունը, հասարակության մասնակցությունը ՀՌԱՀ-ի ձևավորմանը, վերջինիս որոշումների ընդունման թափանցիկությունը: Եվ դա այն դեպքում, երբ նախագծի անցումային դրույթներով այդ մարմնին վերապահվում է թվայնացման և հետագայում թվային հաճախականությունների օգտագործման հետ կապված ռազմավարական խնդիրների լուծումը:
8. Լիցենզավորման ենթակա հեռուստահեռարձակողների կոնկրետ թիվը, ըստ օրինագծի անցումային դրույթների, 18-ն է: Մեզ հայտնի չէ, թե արդյոք ՀՀ-ում անցկացվե՞լ է հեռուստատեսային հաճախականությունների թափանցիկ և օբյեկտիվ աուդիտ: Վերջինիս անհրաժեշտության (մինչև թվայնացմանը գործնականում անցնելը) մասին նշել են նաև մի շարք միջազգային փորձագետներ: Մեր կարծիքով` նման աուդիտի արդյունքների հրապարակումից առաջ լիցենզավորման ենթակա հեռուստահեռարձակողների կոնկրետ թիվ սահմանող որևէ դրույթ հիմնավորված չի կարող համարվել:
Մեզ հայտնի չէ նաև հասարակական պահանջարկի որևէ լուրջ ուսումնասիրություն, առանց որի` հնարավոր չէ սպառիչ կերպով սահմանել լիցենզավորման ենթակա հեռարձակողների ուղղվածությանները, ինչպես դա արված է նախագծի 47-րդ հոդվածով:
Բացի դրանից` լիցենզիաների սահմանված թիվը ենթադրում է, որ ներկայումս գործող որոշ հեռուստաընկերություններ կզրկվեն լիցենզիաներից: Դա իր հերթին նշանակում է, որ քիչ հավանական է դառնում նորերի, այդ թվում` միգուցե արդեն իսկ թվային հեռարձակմանը պատրաստ ընկերությունների` շուկա մուտք գործելը:
9. Օրինագծում հստակեցում չկա տարածաշրջանային հեռուստաընկերությունների, այդ թվում` հանրային «Շիրակ» հեռուստաալիքի ճակատագրի և լիցենզավորման մրցույթներին մասնակցության հարցում:
10. Վերջապես, այս օրինագծով ևս հեռարձակման լիցենզավորման մրցույթների անցկացման պայմաններն ու ընթացակարգերը հստակեցված չեն, և դա կրկին վերապահված է ՀՌԱՀ-ին: Այս պայմաններում երբ մրցույթների հայտարարմանը մնացել է 2 ամիս, ընկերությունները շարունակում են մնալ անորոշ վիճակում:
Գիտակցելով, որ օրինագծի ընդունումը հրատապ է` այսուհանդերձ, համարում ենք, որ կառավարությունը չի ապահովել դրա պատշաճ որակը և այդ պայմաններում` անհրաժեշտ հասարակական, փորձագիտական քննարկում: Ելնելով վերը նշված դիտողություներից` կոչ ենք անում ՀՀ Ազգային ժողովին օրինագիծը չընդգրկել մայիսի 17-ին սկսվող հերթակա քառօրյա նիստերի օրակարգում, կազմակերպել դրա խորհրդարանական լսումներ, որոնց ժամանակ պատրաստ կլինենք ներկայացնել մանրամասն վերլուծություն և առաջարկություններ: Միայն hամապատասխան քննարկումներից և փորձաքննությունից հետո հիշյալ նախագիծը կարող է քննարկվել Ազգային ժողովի նիստում:
Երևանի մամուլի ակումբ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ
17-ը մայիսի, 2010թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել