ԱԺ նիստերի դահլիճի վերանորոգման տենդերի «հաղթողն» արդեն որոշված է
ԱԺ աշխատակազմը մայիսի 14-ից մամուլում տեղադրել է ԱԺ նիստերի դահլիճի վերանորոգման տենդերի հայտարարությունը: Տենդերին դիմելու ժամկետը տասն օր է, այսինքն` մինչև մայիսի 24-ը:
Խոր

հրդարանի նիստերի դահլիճի վերանորոգման ճարտարապետական նախագիծը, ըստ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի, բյուջեով հատկացված 391 մլն դրամի սահմաններում է, իսկ 500 հազ. ամերիկյան դոլարի հատկացումներն էլ կտրվեն հարավկորեական GS կազմակերպությունից:
ԱԺ մեր աղբյուրների հաղորդմամբ` այդ մրցույթն իրականում ֆորմալ բնույթ է կրելու, քանի որ ԱԺ նախագահին ու նրա շրջապատին են պատկանում շինարարական բազմաթիվ ֆիրմաներ, և հաղթողն, ըստ էության, արդեն որոշված է:
Ո՞ւմ նյարդերը առաջինը տեղի կտան
Վերջին օրերին լրատվական դաշտում քննարկվող թիվ մեկ թեման հետևյալն է. ի վերջո ի՞նչ հանգուցալուծում է ստանլու Հանրային հեռուստաընկերության շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպե՞ս են զարգանալու իրադարձությունները` համաձնելո՞ւ է արդյոք Հանրային հեռուստաընկերության տնօրենի պաշտոնում նշանակված Արմեն Ամիրյանը, ի վերջո «պրիոմ-զդաչա» անել և անցնել իր պարտականությունների կատարմանը, թե՞, այնուամենայնիվ, նա նախընտրելու է Ալիկ Հարությունյանի «յուրացումներից» հեռու մնալու անշառ տարբերակը:
Թերթի տեղեկություններով` Արմեն Ամիրյանը հակված է «թքել հեռանալու» տարբերակին` չնայած նրա տեղի հավակնորդների անուններ դեռևս չեն շրջանառվում, իսկ սա նշանակվում է, որ Ամիրյանի թեման դեռևս փակված չէ:
Ինչ վերաբերում է Ալիկ Հարությունյանին, ապա վերջինիս վիճակն էլ նախանձելի չէ, քանի որ 5 մլն դոլարի յուրացման «կոմպրոմատն» ապացուցող նյութերը հայտնվել են Սերժ Սարգսյանի և նրա մերձավոր բարեկամների ձեռքում: Իսկ սա կարող է հանգեցնել հետևանքների:
Ի դեպ, Հարությունյանի շրջապատում շատերը պնդում են, թե նա այնքան շրջահայաց է, որ չէր կարող փաստաթղթային «կիքսեր» տալ: Միաժամանակ վերջիններս կասկածի տակ են դնում ՀՀ Վերահսկիչ պլատի` շուրջ 2 տարի առաջ իրականացրած ստուգումները, որոնց ժամանակ էական խախտումներ էին արձանագրվել: Այս օրերին Ալիկ Հարությունյանը բավականին կասկածամիտ է դարձել իր շրջապատի նկատմամբ: Ինֆորմացիոն արտահոսքեր կազմակերպելու մեջ նա մեղադրում է իր աշխատակիցներին, կասկածում գործընկերներին ու հարազատներին:
Փորձնական եթեր
Երեկվանից «Ա1+» ինտերնետային կայքում հայտնվել է մի էկրան, որն ազդարարում է, որ հեռուստաընկերությունը սկսում է իրականացնել ինտերնետային հեռարձակում: Առայժմ դա կլինի փորձնական հեռարձակում: Ինչպես նշված է «Ա1+»-ի կայքում, սա փորձնական մի շրջան է` գտնելու այն օպտիմալ տարբերակը, որը հնարավորություն կտա ցանկացած ինտերնետային հեռուստադիտողի, անկախ կապի որակից ու արագությունից, կարողանալ դիտել «Ա1+»-ի հաղորդումները:
«Ա1+»-ի ղեկավարությունը խոստանում է նաև, որ բոլոր տեխնիկական խնդիրները կլուծվեն առաջիկա 2 ամիսներին, և հուլիսի 1-ից կփորձեն ապահովել անխափան եթեր: Այսինքն` այդ օրվանից «Ա1+» հեռուստաընկերության ծրագրերի ինտերնետային հեռարձակումները կիրակնացվեն մշտական հիմունքներով:
Հիշեցնենք, որ «Ա1+»-ը զրկվել է եթերից 2002 թ.-ի ապրիլի 2-ից ՀՌԱՀ-ի որոշմամբ և հակառակ Եվրադատարանի վճռի, տարբեր միջագային կազմակերպությունների կոչերի` մինչ օրս հնարավորություն չի ստանում եթեր վերադառնալու:
Զրկում են անձեռնմխելիությունից
Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը երեկ խորհրդարան է ներկայացրել օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով սահմանափակվում է որոշ պաշտոնատար անձանց անձեռնմելիության իրավունքը:
Մասնավորապես, առաջարկվում է անձեռնմխելությունից զրկել դատախազներին, այդ թվում` գլխավոր դատախազին, Հատուկ քննչական ծառայության քննիչներին, տեղական ինքնակառավարման ղեկավարներին և ավագանու անդամներին, նախագահի և պատգամավորի թեկնածուներին, ԿԸՀ և ՏԸՀ անդամներին ու նախագահներին:
Կամ, կամ
«Ադրբեջանը չնչին բացառություններով ընդունել է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, և եթե Հայաստանն էլ ընդունի այն, ու սկսվի հայկական ուժերի դուրսբերման գործընթաց, Ադրբեջանը կբացի Հայաստանի հետ բոլոր սահմանները»:
Բաքվում երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսում: Ալիևը նշել է, որ ՀՀ-ն արդեն 6 ամիս շարունակ որևէ պատասխան չի տալիս Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած առաջարկություններին:
«Երբ հիմնախնդիրը հասնում է լուծման կետին, ՀՀ-ն գործընթացի ձախողմանն ուղղված քայլեր է իրականացնում: Նույն վիճակում էլ հիմա է: Սակայն Ադրբեջանը դա թույլ չի տա. բանակցությունները պետք է ունենան որոշակի շրջանակ ու սահմանափակ ժամանակ: Հայաստանը պետք է կամ դրական պատասխան տա Մինսկի խմբի համանախագահների առաջարկությանը, և մենք մոտենանք հիմնախնդրի կարգավորմանը, կամ էլ բանակցային գործընթացը կտապալվի, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններում նոր փուլ կսկսվի»,- ասել է Ալիևը:
Վանի Սուրբ Խաչում մատուցվելիք պատարագը հետաձգվել է
Այս տարվա սեպտեմբերի 12-ին Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում նախատեված էր անցկացնել պատարագ, որին մասնակցելու համար թուրքական կողմը հրավիրել էր նաև հայաստանցիների: Սակայն նույն օրը` սեպտեմբերի 12-ին, Թուրքիայում նախատեսված է անցկացնել համաժողովրդական հանրաքվե` սահմանադրական բարեփոխումների կապակցությամբ:
Այս պատճառով Վանի կուսակալ Մյունիր Քարալօղլուն հեռախոսազրույց է ունեցել Պոլսո հայոց պատրարքարանի տեղապահ Արամ արք. Աթեշյանի հետ և առաջարկել է պատարագը մեկ շաբաթով հետաձգել: Ինչպես նշում է CNNTurk-ը, հայկական կողմը համաձայնել է, որի համար էլ թուրքական իշխանությունները շնորհակալություն են հայտնել:
Հավելենք նաև, որ 2007-ին վերանորոգվելուց հետո Սուրբ Խաչը գործում է իբրև թանգարան, և մինչև այսօր եկեղեցու գմբեթը խաչազուրկ է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել