Հայաստանում է Չեխիայի վարչապետը
Երեկ երկօրյա աշխատանքային այցով Երևան է ժամանել Չեխիայի Հանրապետության վարչապետ Յան Ֆիշերի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է չեխական պատվիրակությանը և առանձնազրույց ունեցել Յան Ֆիշերի հետ, որից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում։
Տիգրան Սարգսյանը ողջունել է հյուրերին ՀՀ կառավարությունում և մասնավորապես նշել. «Մեր նախորդ հանդիպումից հետո ժամանակ ունեցանք ևս մեկ անգամ հստակեցնելու այն կետերը, որոնց մասին մենք խոսել ենք Պրահայում և նաև կոնկրետացնել մեր համագործակցության ռազմավարությունը։ Ուրախ եմ, որ մեր տեսակետները համընկնում են` համագործակցության ոլորտների առաջնահերթությունների վերաբերյալ։ Միևնույն ժամանակ համոզված եմ, որ մեր այսօրվա հանդիպումը, Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն և բիզնես ֆորումի աշխատանքները նոր լիցք են հաղորդելու հայ-չեխական հարաբերություններին»:
Չեխիայի Հանրապետության վարչապետ Յան Ֆիշերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իր այցը ևս մեկ դրական քայլ կլինի հայ-չեխական հարաբերությունների սերտացման գործում։
ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։
Որպես առաջնահերթ ուղղություններ` նշվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, հանքահումքային և քիմիական արդյունաբերության, փոքր ՀԷԿ-երի կառուցման, կրթության, երիտասարդության և սպորտի, զբոսաշրջության, ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Տիգրան Սարգսյանը մատնանշել է մշակութային կապերի զարգացման և սերտացման անհրաժեշտությունը, որն անպայման ծառայելու է բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։
Կողմերը կարևորել են մայիսի 17-ին Երևանում բացված հայ-չեխական գործարար ֆորումի դերը համագործակցության նոր ոլորտների բացահայտման առումով։
Զրուցակիցները քննարկել են ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում համագործակցության խորացման մանրամասներ։ Մասնավորապես, ՀՀ վարչապետը կարևորել է Եվրոպական հարևանության «Թվինինգ» գործիքի օգնությամբ չեխական փորձի փոխանցումը ՀՀ կառավարման մարմիններին։
Երկու երկրների վարչապետներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ողջունել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ Չեխիայի դիրքորոշումը և նշել. «Մեզ համար չափազանց կարևոր է Ղարաբաղի հարցի կարգավորման գործում մեր չեխ գործընկերների հավասարակշռված մոտեցումը և այն հանգամանքը, որ նրանք նույնպես համարում են, որ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների գործընթացն այն միջոցն է, որը հնարավորություն կտա խաղաղ ճանապարհով կարգավորել այս հարցը»։
Հանդիպման ավարտից հետո ստորագրվել են փաստաթղթեր` միջպետական «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» և միջկառավարական «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև օդային տրանսպորտի մասին»։
Համաձայնագրերի ստորագրմանը հաջորդել է Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության վարչապետների մամուլի ասուլիսը ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում։
Երեկ երկու երկրների վարչապետները նաև ներկա են եղել հայ-չեխական գործարար ֆորումի փակման արարողությանը։ Իր ելույթում Տիգրան Սարգսյանը մասնավորապես, նշել է, որ հայ և չեխ բիզնեսմենների անմիջական շփումները հնարավորություն են տալիս բացահայտելու տնտեսական համագործակցության այն պոտենցիալը, որ առկա է երկու երկրների միջև։ Այս բիզնես ֆորումին մասնակցում է չեխական շուրջ 11 ընկերություն:
«Ես շատ ուրախ եմ, որ արդեն չորս ոլորտներում նախնական պայմանավորվածություններ կան։ Դրանք այն ոլորտներն են, որոնք ՀՀ տնտեսության մեջ ունեցել են և ունեն բավական մեծ տեսակարար կշիռ։ Կարծում եմ, որ ՀՀ կառավարությունը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցառումները, որ ձեռք բերված պայմանավորվածությունները իրականություն դառնան` լինի դա վերամշակման ոլորտ, թե սննդարդյունաբերություն, շինանյութերի արտադրություն, տրանսպորտի, կոմունիկացիայի, թե ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտ։ Այս բոլոր ուղղություններն էլ մեր հետաքրքրության շրջանակներում են։ Ցանկանում եմ բիզնես ֆորումի մասնակիցներին հավաստիացնել, որ մենք ամենայն աջակցություն կցուցաբերենք, որ ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածվեն»,- ասել է ՀՀ վարչապետը:
Նա շնորհակալություն է հայտնել Չեխիայի վարչապետին նրա համար, որ վերջինս հետևողականորեն առաջ է տարել այն պայմանավորվածությունները, որ կողմերը ձեռք էին բերել մայիսի 7-ին Պրահայում հանդիպման ժամանակ:
Ելույթով հանդես է եկել նաև Չեխիայի Հանրապետության վարչապետ Յան Ֆիշերը։ Այնուհետև երկու երկրների վարչապետները պատասխանել են լրագրողների հարցերին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել