HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Արա Գևորգյան. «Դուք կարող եք ցեխից աստղ դարձնել և աստղից էլ` ցեխ» 

Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին երգահան Արա Գևորգյանը և երգչուհի Նունե Եսայանը նշեցին, որ լավ երգեր չկան, քանի որ երգ գրողները գնում են կոմերցիոն ճանապարհով: «Այսօր երգն էլ է բիզնես դարձել»,- ասաց Նունե Եսայանը, հավելելով, որ իր համար շատ դժվար է երգ ընտրել: Նրա խոսքերով` այսօր կա լուրջ, խորը երգերի պահանջարկ, և հասարակությանը մեղադրելու փոխարեն` պետք է ճիշտ մատուցել արվեստը: «Շատ դատարկ տեքստեր կան գրված, պարզ, հասարակ, ոչ մի բան չի ասում, հնդկական կինոյի նման է»,- նշեց Արա Գևորգյանը: Նա իր երգերը գրում է անվճար ու «սիրահոժար նվիրում»: Նրա խոսքերով` վատ ճաշակ ձևավորելու առումով պետք չէ մեղադրել արտիստներին. հեռուստատեսությունը պետք է ունենա սանդղակ, որին չբավարարող երգերն ու կատարումները չպետք է ցուցադրի: «Նունե Եսայանին կամ ինձ դուք եք դարձրել, դուք եք ցուցադրել շատ, եթեր տրամադրել, թերթերն են գրել, ռադիոն տվեց, ճանաչեցին: Դուք ում ուզենաք, կդարձնեք, ում չուզենաք, չեք դարձնի, այդքան հզոր է մեր մամուլը: Դուք կարող եք ցեխից աստղ դարձնել և աստղից էլ`ցեխ»,- ասաց երգահանը: Նա կարծում է, որ այսօր հնարավոր է կայանալ մեր երգարվեստում` առանց կապեր ունենալու: Նունե Եսայանն էլ կարծում է, որ շատ բան կախված է համառությունից, օրինակ` շատ արտիստներ կան, ովքեր տաղանդավոր են, բայց գումար չունեն տեսահոլովակ նկարահանելու համար: Արա Գևորգյանի կարծիքով` կա մի օրենք, որը արվեստագետը չպետք է խախտի` նախկինում ստեղծվածը պահպանել և իր կատարման միջոցով փոխանցել սերունդներին` ավելացնելով նորը: «Արվեստագետը ունի նաև առաքելություն` բարձրացնել ժողովրդի ճաշակը, ոչ թե գնալ շուկայի հետևից. եթե մենք գնում ենք պահանջարկի հետևից, մենք իջնում ենք: Հետևաբար, ցանկացած երգիչ պետք է պահպանի, ավելացնի, փոխանցի»,- ասաց Արա Գևորգյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter