HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Մեզ մոտ բնությունն ուղղակի վաճառվում է»

Բնապահպաններին զարմացնում է նախարարության անգործությունը «Որքան բարձրանում են «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների որսի գները, այնքան բարձրանում են դրանց համար նախատեսված տուգանքները, մեզ մոտ բնությունն ուղղակի վաճառվում է, Բնապահպանության նախարարությունում ամեն ինչ գնացուցակով է որոշվում»,- ասում է «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանը: Այսօր «Արմատ» ակումբում նա ներկայացրեց Հայաստանում որսագողության վիճակը: Կազմակերպության տվյալներով` 2009 թվականի ընթացքում Սյունիքի մարզում առնվազն 40 որսագողության դեպք է եղել, իսկ ոստիկանության պաշտոնական տվյալներով` ընդամենը 4: «Ռազմական ոստիկանության աշխատակից «Շակալ» մականունով մեկը 3 ընձառյուծ է սպանել»,- ասաց Ինգա Զառաֆյանը: Նա ընդգծեց հատկապես որսորդական շրջագայությամբ զբաղվող Վայոց Ձորի մարզպետին պատկանող «Արարատ Սաֆարի» ընկերությունը, որը համացանցում հրապարակում է «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների գները: Ինգա Զառաֆյանի խոսքով` որսագողության դեմ պայքարում իրենք միջոցներ չունեն, միայն կարող են հասարակության գիտակցությունը փոխել, իսկ Բնապահպանության նախարարությունը ունի կոնկրետ լծակներ, սակայն արդյունավետ չի գործում: Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանն էլ պատմեց, որ իրենք բազմաթիվ նամակներ են հղել նախարարությանը` խնդրելով միջամտել Արարատի մարզի Արմաշի լճերում թռչունների անօրինական որսին: «Դա այն տարածքն է, որտեղ բնավորվում են եւ չուի ժամանակ իջեւանում են ջրաճահճային տեսակի թռչունների բազմաթիվ տեսակներ: Սիլվա Ադամյանն ասաց, որ Արմաշի լճերը սեփականաշնորհված տարածքներ են, որտեղ սեփականատերերը զբաղվում են նաեւ որսորդական տուրիզմով: Բնապահպանները նախարարությանը խնդրել են ձեւավորել մասնագետների խումբ, որը կփորձի կարգավորել իրավիճակը Արմաշի լճերում. «Բայց ցավոք սրտի, չստացանք նախարարությունից որեւէ էական պատասխան, իսկ ավելի ուշ մեզ ասացին, թե իրենք չեն կարող այդ խումբը ստեղծել, արեք դա ձեր ուժերով»,- ասաց Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգողը: Սիլվա Ադամյանը նշեց, որ վտանգված թռչուններն ավելի անպաշտպան են, քան կենդանիները, որովհետեւ որսորդը չի կարող հասկանալ` օդում ճախրող թռչունը գրանցված է «Կարմիր գրքում», թե ոչ: Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգողը նշեց, որ, օրինակ, Անգղ թռչնատեսակը սնվում է միայն կենդանիների լեշերով` կատարելով բնության սանիտարի դեր: Իսկ ընձառյուծներն ու մյուս գիշատիչները կատարում են «բնական ընտրություն»` սնվելով միայն թույլ եւ հիվանդ կենդանիներով: «Պատկերացրեք, թե ի՞նչ տեղի կունենա, եթե մի պոպուլյացիա վերանա»: «Էկոլուր» հ/կ-ի ղեկավար Ինգա Զառաֆյանն էլ ասաց, որ բնությունը մի ամբողջական համակարգ է, եւ նրա ամեն մի մասնիկի ոչնչացումը խախտում է ամբողջ համակարգը. «Ինչո՞ւ են գայլերը սկսել հարձակվել տնական կենդանիների վրա, եթե մի գիշատիչ դուրս է գալիս համակարգից, մյուսը զբաղեցնում է նրա տեղը, մենք խախտել ենք համակարգը»: Սիլվա Ադամյանը խոսեց մեկ այլ մտահոգիչ երեւույթի` Հայաստանի յուրատեսակ թռչունների ու միջատների վաճառքի մասին, որին եւս Բնապահպանության նախարարությունը պատճաշ ուշադրություն չի դարձնում: «Թիթեռներին բռնում են, դեկորատիվ գեղեցիկ սարքում են եւ վաճառում: Արտասահմանցիներին են վաճառում այնպիսի թռչնատեսակներ, որոնք գրանցված են նաեւ նրանց երկրների «Կարմիր գրքում»»,- ասաց բանախոսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter