Արա Գևորգյանը չի ամաչում Եվա Ռիվասի համար
«Կարծում եմ` «Եվրատեսիլը» շատ լավ առիթ է, որ մեր երգիչները լինեն մրցունակ միմյանց նկատմամբ, ունենան ցանկություն` հայտնվելու «Եվրատեսիլում»: Ազգային արժանապատվությունը բարձր պահելու լավագույն միջոցներից մեկը միջազգային մրցույթներին մասնակցելն է»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին նշեց երգահան Արա Գևորգյանը:
Մյուս բանախոսը` երգչուհի Նունե Եսայանը, համամիտ էր, միայն ավելացրեց, որ սկսնակի համար «Եվրատեսիլը» կայանալու ամենահեշտ և արագ միջոցն է: Ըստ երգչուհու` սա անկանխատեսելի, բայց նաև հաճելի մրցույթ է`չնայած բազմաթիվ վիճելի հարցեր կան:
Արա Գևորգյանը նշեց, որ այն մարդիկ, ովքեր ստեղծել են Հայաստանի այս տարվա «Եվրատեսիլի» երգը` «Ծիրանի կորիզը», պրոֆեսիոնալ են: «Ես վստահում եմ իմ գործընկերներին, ովքեր արել են այդ աշխատանքը: Կարծում եմ` լավ են արել, տա Աստված, որ հաղթի»,- ասաց երգահանը:
Նունե Եսայանը ևս հավանում է «Ծիրանի կորիզ» երգը: Երգչուհին նշեց, որ իհարկե շատ բան կախված է քարոզչությունից:
Ինչ վերաբերում է Եվա Ռիվասի կատարման ժամանակ Ջիվան Գասպարյանի մասնակցությանը, ապա, ըստ Նունե Եսայանի, դա հնարք է` սփյուռքին գրավելու, ձայներ հավաքելու բոլոր նրանցից, ովքեր չեն ճանաչում Եվա Ռիվասին կամ չեն հավանում այդ երգը: Արա Գևորգյանն ասաց, որ Ջիվան Գասպարյանի մասնակցությունը կտա այն, ինչ Դիմա Բիլանին տվեց Եվգենի Պլյուշենկոյի մասնակցությունը: «Ես շատ ուրախ էի Անդրեի, Հայկոյի, Սիրուշոյի, Ինգայի և Անուշի համար, ես չեմ ամաչում նաև Եվա Ռիվասի համար: Թողենք, որ ամեն մարդ իր գործն անի»,- նշեց Արա Գևորգյանը:
Մայիսի 28-ին Կրեմլի դահլիճում կկայանա Արա Գևորգյանի համերգը` նվիրված խաղաղությանը: Համերգին հրավիրված են տարբեր ազգությունների երաժիշտներ: Համերգի ընթացքում Արա Գևորգյանը կոչ է անելու, որ «Եվրատեսիլ» երգի մրցությում բոլորը քվեարկեն Եվա Ռիվասի օգտին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել