HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանը մերժեց «Ուսման իրավունք» նախաձեռնող խմբի հայցապահանջը

Այսօր ՀՀ վարչական դատարանը քննեց «Ուսման իրավունք» նախաձեռնող խմբի անդամներ Սոս Ավետիսյանի և Դանիել Իոաննիսյանի հայցով գործը և մերժեց հայցապահանջները: Երևանի քաղաքապետարանն արգելել էր «Ուսման իրավունք» նախաձեռնող խմբի անդամների` մայիսի 19-ին Շառլ Ազնավուրի հրապարակում հանրահավաք և մայիսի 20-ին ԵՊՀ-ից դեպի ՀՀ կառավարություն երթ անցկացնելու մասին իրազեկումները, և ուսանողները երեկ դիմել էին դատարան: Հանրահավաքի անցկացումն արգելվեց` հիմնվելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի վրա, որում ասվում է, որ մշակութային և մարզական համալիրների տարածքներում հրապարակային միջոցառումները լիազոր մարմնի կողմից կարող են սահմանափակվել` դրանցում անցկացվող միջոցառման բնականոն ընթացքը չխաթարելու նպատակով: Սակայն «Ուսման Իրավունք» նախաձեռնող խմբի անդամները նշում են, որ Ազնավուրի անվան հրապարակը մշակույթային կամ մարզական համալի չէ, և այստեղ բազմիցս հանրահավաքներ են կայացել: Վարչական դատարանի որոշման մեջ ասվում է, որ օրենքի «մշակութային և մարզական համալիրների տարածքներ» եզրույթը վերաբերում է ոչ թե կոնկրետ համալիրում ներառված տարածքին, այլ համալիրին հարող տարածքին, իսկ Ազնավուրի հրապարակը հարում է «Մոսկվա» կինոթատրոնին: Սակայն «Ուսման Իրավունք» նախաձեռնող խմբի անդամները նշում են, որ օրենքի այդ դրույթում բացակայում է «հարող» բառը, ինչը հստակ ենթադրում է, որ օրենքում խոսքը օրենքում խոսքը հենց մշակույթային կամ մարզական համալիրի հստակ գույքային տարածքի մասին է: Երթի անցկացումն արգելվեց` հիմնվելով այն բանի վրա, որ դրա տևողությունն այնքան մեծ է, որ կխաթարի փողոցներում երթևեկության բնականոն ընթացքը` չնայած իրազեկման մեջ նշված էր, որ երթն ընթանալու է մայթերով: Դատարանը չպարզաբանեց, թե մայթերով շարժվող մի քանի հարյուր ուսանողները ինչպես կարող են խաթարել երթևեկությանը: Բացի դրանից` դատարանի համար հայցը բավարարելու հիմք չեղավ նաև այն հանգամանքը, որ կազմակերպիչներին չէին առաջարկվել երթի անցկացման այլ օրեր և այլ ժամեր կամ միջոցառման ձևին վերաբերող այլ պայմաններ, ինչը պահանջում է նշյալ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը: ««Ուսման իրավունք» ուսանողական նախաձեռնող խմբի անդամներս խիստ մտահոգված ենք ՀՀ պետական մարմինների ուսանողական նախաձեռնություններին սվիններով դիմավորելու փաստով, որը հաճախ զուգորդվում է ՀՀ օրենսդրության կիպիտ ոտնահարումներով»,- ասվում է ուսանողական նախաձեռնող խմբի այսօր տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter